ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-444-28.11.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4441 -28.11.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-444-28.11.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4441 -28.11.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

20.12.2022թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ Նախագծի 1-ին հոդվածից՝ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում կատարվող լրացման մեջ առաջարկում ենք ճիշտ հիշատակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունների օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է. «(…)Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ: Քննարկվող նորմով սահմանվում են Օրենքում եւ Նախագծում նշված եւ աղբի նկատմամբ իրականացվող բոլոր գործողությունների հասկացությունները (ինչպիսիք են օրինակ՝ «աղբի օգտահանում», «աղբի վերաօգտագործում», «աղբի վերամշակում» եւ այլն), բացի աղբի վնասազերծումից: Առաջարկում ենք քննարկվող նորմով սահմանել նաեւ «աղբի վնասազերծում» հասկացության սահմանումը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն առաջարկում ենք խմբագրել՝ «/» կետադրական նշանները հանելով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայերենում նման կետադրական նշան գոյություն չունի:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 17-րդ եւ 20-րդ կետերին:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետն առաջարկում ենք խմբագրել՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (…)»:

6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում կիրառվում է. «աղբի տեսակավորման կայան» արտահայտությունը: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է. «փոխաբեռնման կայան՝ բնապահպանական եւ տնտեսական արդյունավետությունից ելնելով աղբի ժամանակավոր պահման, սեղմման եւ հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան»: Նշենք, որ հասկանալի չէ՝ արդյոք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում կիրառված «աղբի տեսակավորման կայան» արտահայտությունը նույն միտքն է արտահայտում, ինչ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված փոխաբեռնման կայանը: Եթե այո՝ ապա անհրաժեշտ է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պահպանելու նպատակով նույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը: Եթե ոչ՝ առաջարկում ենք սահմանել «տեսակավորման կայան» հասկացության սահմանումը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում նշված «աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի/արտադրանքի արտադրադրության համար» ձեւակերպման մեջ «օգտակար» բառի կիրառության նպատակը հասկանալի չէ, առաջարկում ենք այն հանել:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված է. «աղբի օգտահանում՝ աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի/արտադրանքի արտադրադրության համար, ներառյալ վերաօգտագործումը (…)»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ «աղբի օգտահանում» եզրույթն իր մեջ արդեն իսկ կլանում է «աղբի վերաօգտագործում» եզրույթը, մինչդեռ Նախագծի ողջ տեքստում «աղբի վերաօգտագործում» եզրույթը կիրառվում է որպես «աղբի օգտահանում» եզրույթից անկախ եւ դրան համարժեք եզրույթ: 

9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված է. «աղբի վերաօգտագործում՝ աղբի օգտագործում ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման»: Հարկ է նկատել, որ նշված հասկացության մեջ հստակ չէ, թե ինչը կարող է հանդիսանալ աղբի օգտագործման ի սկզբանե նախատեսված նպատակ:

10. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով նշված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում՝ կախված գոյացող աղբի քանակից, տեսակից եւ աշխարհագրական տեղադիրքերից»: Վերոնշյալ ձեւակերպման մեջ «աղբի քանակից, տեսակից եւ աշխարհագրական տեղադիրքերից» բառերի շարադասությունից բխում է, որ «աշխարհագրական տեղադիրքից» բառերը վերաբերում են աղբին: Առաջարկում ենք խմբագրել վերը մեջբերված արտահայտությունը՝ նշյալ դիտարկումը հաշվի առնելով:

11. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածով սահմանվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական  քաղաքականության հիմնական սկզբունքները: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է Օրենքի կարգավորման առարկան, համաձայն որի՝ «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում»: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածով սահմանվում է աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական  քաղաքականության հիմնական սկզբունքները, ինչի արդյունքում Նշված դրույթըտ չի համընկնում Օրենքի կարգավորման առարկայի հետ: Առաջարկում ենք, վերոգրյալ դիտարկումը հիմք ընդունելով, Նախագծի եւ Օրենքի դրույթները համապատասխանեցնել միմյանց: 

12. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.3-րդ կետով նշված է, որ Կառավարությունը հաստատում է գոյություն ունեցող եւ գործող աղբավայրերի  շահագործման նվազագույն նորմերը: Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4.2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 4.1-ին կետով նշված է, որ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է աղբավայրերի շահագործման նորմերը: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծով աղբավայրերի շահագործման վերաբերյալ նորմերը հաստատելու իրավասությունը վերապահված է երկու տարբեր մարմինների: Ընդ որում՝ «նվազագույն նորմեր» բառերի կիրառության արդյունքում միեւնույն է հասկանալի չէ՝ աղբավայրերի շահագործման նորմերի ինչ ծավալով եւ կոնկրետ ինչ կարգավորումներ է հաստատում Կառավարությունը եւ ինչպես են դրանք տարանջատվում աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվող աղբավայրի շահագործման նորմերից: Ենթաօրենսդրական ակտ ընդունելու հիմքում ընկած լիազորող նորմի որոշակիության կարեւորությունից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծում հստակ սահմանել՝ որ նորմերը որ մարմնի հաստատմանն է վերապահված:

13. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նշված է. «Օրենքի 4.2-րդ հոդվածի՝ (…) Հոդվածի 1-ին մասը լրացնել (…)»: Առաջարկում ենք անհարկի կրկնություններից խուսափելու նպատակով նշված կետից հանել «Հոդվածի» բառը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետին, 10-րդ հոդվածի 3-րդ կետին, 14-րդ հոդվածի 7-րդ կետին եւ Նախագծերի փաթեթի մի շարք այլ դրույթներին: 

14. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 4.3-րդ հոդվածի 1-ին մասում առկա «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 4.3-րդ հոդվածի 3-րդ մասում առկա «ՀՀ» հապավմանը: 

15. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է»: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որեւէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը եւ արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը»: Վերոգրյալից բխում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են աղբահանության վճար վճարողներ, ինչը գանձվում է վերջիններիս կողմից գոյացող աղբ հավաքման, փոխադրման եւ այլնի համար: Մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 4.3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Աղբի սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնց  գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, եւ իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում, պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի եւ հանրային առողջության վնասը կանխելու համար»: Այսինքն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց գործունեության արդյունքում եւս գոյանում է աղբ, որոնք աղբահանության վճար վճարող են հանդիսանում, ընդգրկված չեն աղբի սեփականության իրավունք ունեցող սուբյեկտների շարքում, եւ վերջիններիս վրա չեն տարածվում Նախագծերի փաթեթով աղբի սեփականատիրոջ համար լրացվող կարգավորումները: 

16. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 4.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել են իրենց չպատկանող աղբ,  պարտավոր են այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է միջոցներ ձեռնարկել աղբի սեփականատիրոջ որոշման եւ դրա հետ գործածության մասով՝ տեղեկացվելուց հետ եռօրյա ժամկետում»: 

16.1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի չհամարակալված պարբերությամբ Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 8.1-ին մասով սահմանված է պատասխանատվություն հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում  այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելու համար: Կարծում ենք, անձի՝ իր հողամասում իրեն չպատկանող աղբ հայտնաբերելու եւ 24 ժամվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններին չհայտնելու դեպքի հանրային վտանագավորության վերաբերյալ լրացուցիչ հիմնավորում է անհրաժեշտ: Մասնավորապես հասկանալի չէ վերը նշված արարքի, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, հանրային վտանգավորության աստիճանը կամ որն է տվյալ վարչական զանցանքի օբյեկտը՝ ոտնձգության առարկա հասարակական հարաբերությունը: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե ինչպես է ստուգվելու 24 ժամվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու պահանջը պահպանելը, եթե որպես ժամկետի հաշվարկման սկիզբ սահմանված է  հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից իրենց չպատկանող աղբը հայտնաբերելու պահը:

16.2. Քննարվող նորմով սահմանվում է, որ իր հողամասում իրեն չպատկանող աղբ հայտնաբերելու եւ 24 ժամվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններին հայտնելուց հետո տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է տեղեկացվելուց հետո եռօրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել աղբի սեփականատիրոջ որոշման եւ դրա հետ գործածության մասով: Նշենք, որ Նախագծերի փաթեթով բացահայտված չէ, թե նշված գործողություններին ինչ է հաջորդում, ինչ է կատարվում տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրված եռօրյա ժամկետի ավարտից հետո, սեփականատիրոջը վերջիններիս կողմից չհայտնաբերելու դեպքում

16.3. Քննարկվող նորմի կապակցությամբ հարկ է նկատել նաեւ՝  Նախագծի 16-րդ հոդվածով անհրաժեշտ է սահմանել անցումային դրույթ, որով կսահմանվի՝ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո սեփականատերերի կամ օգտագործողների կողմից իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց հետո ինչ ժամկետում վերջիններս պետք է տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնեն իրենց հողամասում առկա աղբի մասին:

17. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 4.4-րդ հոդվածի վերնագրում «Հոդված 4.4» ձեւակերպման երկրորդ «4» թվից հետո անհրաժեշտ է լրացնել միջակետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է. «(…) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 21.1-ին հոդվածի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 7.1-ին, 8.1-ին, 8.2-րդ, 10.1-ին, 10.3-րդ, 10.5-րդ, 10.6-րդ մասերի համարակալմանը:

18. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձիք պարտադիր իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին աղբահանության վճար վճարողներին՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ: Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ, իսկ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի ու շինությունների դեպքում՝ աղբահանության վճարողի հաշվառման հասցեին կամ կամ  վերջինիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին  ծանուցում ուղարկելու միջոցով»:

18.1. Նախ՝ նշենք, որ ո՛չ Նախագծում, ո՛չ Օրենքում չի կիրառվում «աղբահանության վճարող» եզրույթը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք քննարկվող նորմում «աղբահանության վճարողի» ձեւակերպումը փոխարինել «աղբահանության վճար վճարողի» ձեւակերպմամբ:

18.2. Քննարկվող նորմով սահմանվում է, որ աղբահանության վճարի փոփոխման վերաբերյալ իրազեկման տարբերակներից է աղբահանության վճար վճարողների հաշվառման հասցեին ծանուցում ուղարկելը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ, ըստ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, աղբահանության վճար վճարող կարող են լինել ոչ միայն ֆիզիկական անձինք: Հետեւաբար առաջարկում ենք «հաշվառման հասցեին կամ» բառերից հետո լրացնել «գտնվելու վայրին» բառերը՝ հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի  եւ Քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները:

19. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Աղբահանության լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում՝ աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջեւ կնքվում է պայմանագիր՝ սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձեւը»: Վերոգրյալից բխում է, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում դրույքաչափերը սահմանվում են պայմանագրով, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասով նշվում է, որ դրույքաչափերը սահմանվում են Օրենքով: Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի մասերով սահմանվող կարգավորումները համապատասխանացնել միմյանց:

20. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման արդյունքում այն ունենում է հետեւյալ տեսքը. «Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքի 21.1 հոդվածով սահմանված դեպքերի»: Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 21.1-ին հոդվածով սահմանված է. «Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում են տնտեսական խթաններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ՝ աղբի կանոնավորված տեսակավորման, դրանց գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում»: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչու է Նախագծով որպես բացառություն նախատեսվում անհատական արտոնություններ սահմանել աղբի կանոնավորված տեսակավորման, դրանց գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում, եթե նշված դեպքերի համար նախատեսված կարգավորումների հիման վրա արտոնություններ  կարելի է սահմանել նույն գործունեությամբ զբաղվող կամ նույ հատկանիշներն ունեցող առանձին խումբ անձանց համար՝ դրանով իսկ խուսափելով կոնկրետ անձանց համար ավելի բարենպաստ պայմաններ սահմաելու եւ հնարավոր խտրական մոտեցում դրսեւորելու վտանգից:

21. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Տեսակավորված աղբի հավաքում եւ փոխադրում կարող են իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձիք, ինչպես նաեւ աղբի սեփականատերը, իրավաբանական, ֆիզիկական անձիք ու անհատ ձեռնարկատերերը»: Նշված դրույթից հասկանալի չէ՝ արդյոք տեսակավորված աղբի հավաքումն ու փոխադրմումն իրականացվում է թույլտվության հիման վրա, թե՝ ոչ: Եթե այո՝ ապա անհրաժեշտ է հստակեցնել՝ տեսակավորված աղբի հավաքման ու փոխադրման համար անհրաժեշտ է առանձին թույլտվություն, թե Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված խոշոր եզրաչափերի եւ շինարարական աղբի հավաքման եւ տեղափոխման համար թույլտվությունը հիմք է հանդիսանում նաեւ տեսակավորված աղբի հավաքման եւ տեղափոխման համար: 

22. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «փոխարինել «շինարարական» բառերով» ձեւակերպման մեջ «շինարարական» բառն առաջարկում ենք շարադրել մեծատառով, իսկ «բառերով» բառը փոխարինել «բառով» բառով:

23. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ կետում դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու համար առաջարկում ենք «3.1, 3.2 եւ 4.1» ձեւակերպումը փոխարինել «3.1-ին, 3.2-րդ եւ 4.1-ին» ձեւակերպմամբ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի «21.1», 14-րդ հոդվածի 5-րդ կետի «2.1», նույն հոդվածի 7-րդ կետի «3.1-րդ» ձեւակերպումներին եւ Նախագծերի փաթեթի մի շարք այլ դրույթներում առկա ձեւակերպումներին:

24. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանում է համայնքի ավագանին»: Նախագծերի փաթեթում աղբի տեղադրման համար վճարի վերաբերյալ այլ կարգավորումների բացակայության պայմաններում հասկանալի չէ՝ արդյոք այն տարբերվում է աղբահանության վճարից, թե՝ ոչ: Եթե այո՝ ապա անհրաժեշտ է Օրենքով նախատեսել նոր վճարի հետ կապված  կարգավորումներ: Եթե աղբի տեղադրման վճարը աղբահանության վճարն է, ապա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն ապահովելու համար անհրաժեշտ է նույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը:

25. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում»: Նշենք, որ հասկանալի չէ նշված դրույթի իմաստը այն փաստի հաշվառմամբ, որ Նախագծերի փաթեթով սահմանված չէ որեւէ այլ կարգավորում կենսաքայքայվող աղբի, հնարավոր սահմանափակումների շրջանակի վերաբերյալ: 

26. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ կետով նշված է. «Օրենքի 14-րդ հոդվածի՝ (...) Ուժը կորցրած ճանաչել Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը»: Անհարկի կրկնություններից խուսափելու համար առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ կերպ. «6. 3-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել»:

27. Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3.1-ին մասում առաջարկում ենք «շենք-շինությունների» բառը փոխարինել «շենքերի, շինությունների» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

28. Նախագծի 14-րդ հոդվածի 8-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքում՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության եւ (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման եւ հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից վերջիններիս ապահովման  անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պարտադիր պետք է ապահովվի աղբի հավաքման ու հեռացման համայնքի ավագանու կողմից հաստատված կարգն ու պայմանները»:

28.1. Քննարկվող նորմում նշված «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքում» արտահայտության կապակցությամբ նշենք, որ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված չէ որեւէ դեպք, նշված կետերով սահմանված են աղբահանության վճարի դրույքաչափեր: Հետեւաբար հասկանալի չէ «կետերով նախատեսված դեպքում» ձեւակերպման իմաստը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձեւակերպել Նախագծի 14-րդ հոդվածի 8-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասը:

28.2. Քննարկվող նորմում «սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման եւ հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից վերջիններիս ապահովման  անհնարինության դեպքում» արտահայտության մեջ հասկանալի չէ, թե «վերջիններիս» բառն ինչին է վերաբերում, հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել նշված արտահայտությունը:

29. Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 21.1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «սույն Օրենքի» ձեւակերպման մեջ «Օրենք» բառը շարադրել փոքրատառով:

30. Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 21.1-ին հոդվածի վերնագրում կիրառվում են «տնտեսական խթանիչներ» բառերը, իսկ նույն հոդվածի 1-ին մասում՝ «տնտեսական խթաններ» բառերը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք նույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը:

31. Նախագծի 16-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

32. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 4.1-րդ եւ 12-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված դրույթները (…)»: Նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածը չունի 4.1-ին մաս, իսկ 12-րդ հոդվածը՝ 5-րդ, հետեւաբար առաջարկում ենք հղումները կատարել ճիշտ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հղմանը:

33. Առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածում նշել Նախագծի այն բոլոր դրույթները, որոնք գործելու են Նախագծի 16-րդ հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:

34. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» ձեւակերպումը շարադրել «Վարչական» բառից առաջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

35. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «43.1 հոդվածում (այսուհետ՝ Հոդված)՝» ձեւակերպումից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Հոդված)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 1-ին հոդվածում վերոնշյալ կրճատ տարբերակն իմաստ չունի կիրառելը, իսկ քննարկվող նախագծի մյուս հոդվածներում «Հոդված» կրճատ տարբերակն այլեւս չի կիրառվում: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:

36. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի՝ 1-ին կետին հաջորդող չհամարակալված պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

37. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով նշված է. «Հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 10.1-ից 10.5 մասերով», մինչդեռ այդ կետով լրացվում են 10.1-10.6-րդ մասեր:

38. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի չհամարակալված պարբերությամբ Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 7.1-ին մասը սահմանում է. «Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային աղբի  համար նախատեսված  տարողություններում՝ աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական աղբի, 1խմ եւ ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի,  ձյան եւ սառույցի տեղադրումը, ինչպես նաեւ այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին եւ առողջությանը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ քսանապատիկից երեսնապատիկի չափով»:

38.1. Հարկ է նկատել, որ քննարկվող նորմի նյութական հիմքը սահմանվում է Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.1-ին մասով: Այդ կապակցությամբ  նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.1-ին մասով սահմանված արգելքներից ոչ բոլորն են արտացոլված քննարկվող նորմում, ինչպես օրինակ՝ կոշտ կենցաղային աղբի  համար նախատեսված  տարողություններում արտադրության թափոններ, էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոններ, սնդիկ պարունակող լամպեր եւ այլ արտադրանք, էլեկտրական կուտակիչներ եւ մարտկոցներ եւ այլնի տեղադրելու արգելքը: Առաջարկում ենք քննարկվող նորմը համապատասխանեցնել Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.1-ին մասին:

38.2. Քննարկվող նորմում «բժշկական աղբի» բառերն առաջարկում ենք փոխարինել «բժշկական թափոնների» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.1-ին մասը:

38.3. Քննարկվող նորմում առկա «1խմ եւ ավել ծավալով աղբի» բառերի կապակցությամբ նշենք, որ նախ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները հիմք ընդունելով «խմ» հապավման փոխարեն պետք է կիրառել «խորանարդ մետր» բառերը, բացի այդ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.1-ին մասը հիմք ընդունելով առաջարկում ենք «1խմ եւ ավել ծավալով աղբի» բառերը փոխարինել «խոշոր եզրաչափերի աղբի» բառերով:

39. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի չհամարակալված պարբերությամբ Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 8.1-ին մասում առաջարկում ենք «երեքնապատիկից» բառը փոխարինել «եռապատիկից» բառով:

Նախագծերի փաթեթի մի շարք այլ հոդվածներում առկա են վրիպակներ (ինչպես օրինակ՝ անձիք, տարրա): Ուստի՝ առաջարկում ենք տվյալ տեսանկյունից վերանայել ողջ Նախագծերի փաթեթը:

40. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.1-ին մասով սահմանվում է. «Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած եւ  այլ կենսաբանական աղբի, ինչպես նաեւ առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  ութսունապատիկից հարյուրապատիկի չափով»: Այս կապակցությամբ նշենք, որ նշված նորմի նյութական հիմքը սահմանված է Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 5-րդ մասով: Հատկանաշական է, որ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 5-րդ մասով նշված ոչ բոլոր արգելքներն են արտացոլված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.1-ին մասում, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի եւ այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների եւ մարտկոցների, փոխադրամիջոցների եւ դրանց անվադողերի, ինչպես նաեւ առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների աղբավայրերում տեղադրելու արգելքները: Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.1-ին մասը համապատասխանեցնել Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 5-րդ մասին:

Միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.1-ին մասում առաջարկում ենք «կենսաբանական աղբի» բառերը փոխարինել «կենսաբանական թափոնի» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 5-րդ մասը:

41. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.5-րդ մասով սահմանված է պատասխանատվություն գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարելու համար: Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.3-րդ կետով սահմանված է Կառավարության իրավասությունը գործող աղբավայրերի  շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմեր հաստատելու վերաբերյալ: Անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.5-րդ մասով սահմանել պատասխանատվություն գործող աղբավայրերի փակմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելու համար եւս:

42. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանված է. «(...) սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքում լրացվող 43.1-րդ հոդվածի 10.5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից (...)»: Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 10.5-րդ մասում նշված գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.3-րդ կետով: Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հետեւաբար անհնար է ապահովել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում նշված ժամկետը: Առաջարկում ենք Նախագծերի փաթեթի վերոնշյալ նորմերը համապատասխանեցնել միմյանց:

43. Հարկ է նկատել նաեւ, որ թեեւ Նախագծով սահմանված կարգավորումները վերաբերում են նաեւ անհատ ձեռնարկատերերին, այնուամենայնիվ նրանց համար սահմանված չէ որեւէ պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Քաղաքացիական օրենսգրքի, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.12.2022թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է առավել մանրամասն կանոնակարգել աղբահանության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ Նախագծով առաջարկվում է՝

- ամբողջությամբ խմբագրել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,

- ՀՀ կառավարության եւ ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները (գործառույթները) լրացնել աղբահանության եւ սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձեւաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների, գործող աղբավայրերի շահագործման ու փակման նվազագույն պահանջների սահմանման գործառույթներով,

- հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն ու նպատակները,

- ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ աղբի առաջացման կանխարգելման եւ քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները,

- օրենքով ամրագրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանների մշակման ու հաստատման պարտադիր պահանջը,

-  հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը եւ այլն, ինչպես նաեւ Նախագծից բխող համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վարչական իրավախտումների վերաբերյալ օրենսգրքում»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի 2-րդ մասի 8-րդ կետով, որպես աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի զարգացման ուղղություն (նպատակ), սահմանվում է. «համայնքային բյուջեի հաշվին կամ հանրային-մասնավոր համագործակցության  շրջանակներում  աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:»: Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում, նույն իմաստով, օգտագործվում է ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում աղբահանության...» միտքը, այս գործընկերության հետ կապված հարաբերությունները կանոնակարգված են համապատասխան օրենքով, իսկ «հանրային-մասնավոր համագործակցություն» հասկացությունը ոչ միայն սահմանված չէ, այլեւ տարընթերցման տեղիք է տալիս: Այս կապակցությամբ առաջարկում ենք 4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի 2-րդ մասի 8-րդ կետի «հանրային-մասնավոր համագործակցության» բառակապակցությունը փոխարինել «պետություն-մասնավոր գործընկերության» բառակապակցությամբ, իսկ եթե Նախագծի հեղինակն այլ իմաստ է դրել «հանրային-մասնավոր համագործակցության» տակ, ապա անհրաժեշտ է տալ այս հասկացության սահմանումը՝ հստակ ընդգծելով «պետություն-մասնավոր գործընկերության» հետ ունեցող տարբերությունները:

2. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 5-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի 1-ին մասով սահմանվում է, որ. «Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:»: Խնդիրը կայանում է նրանում, որ իրականացվող բյուջետային քաղաքականության շրջանակներում, պետական կառավարման տարբեր մարմիններում օրենքներով ստեղծված արտաբյուջետային ֆոնդերը վերացվել են՝ բուջետային միջոցների օգտագործման միասնականության եւ միասնական դրամարկղի սկզբունքների կիրառության ապահովման նպատակով: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել մեջբերված մասից «կամ արտաբյուջե» բառերը (իսկ խոշոր հաշվով՝ նաեւ ամբողջ Օրենքից արտաբյուջեի հետ կապված դրույթները) հանելու հարցը, այլապես, եթե հիմնավորվի միայն այս բնագավառում արտաբյուջետային ֆոնդի առկայության դրույթը, անհրաժեշտ կլինի սահմանել առնվազն այդ ֆոնդի միջոցների ձեւավորման աղբյուրները, մասհանումների չափերը եւ հավաքագրված միջոցների ծախսման ուղղությունները: 

3. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր՝ 4.1-րդ գլխով, որն էլ մեկ մասանոց ընդամենը մեկ հոդված է իրենից ներկայացնում, եւ որի համաձայն. «Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում են տնտեսական խթաններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ՝ աղբի կանոնավորված տեսակավորման, դրանց գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ՝

ա) նույն հասկացությունը երկու անուն է ստացել (գլխի եւ հոդվածի վերնագրերում օգտագործվում է «տնտեսական խթանիչներ», իսկ հոդվածի տեքստում՝ «տնտեսական խթաններ» հասկացությունները),

բ) ոչ գործող օրենքում, ոչ էլ տվյալ Նախագծով չի տրվում այս հասկացության սահմանումը (ինչն անհրաժեշտ է կատարել),

գ) «տնտեսական խթաններ» կամ «տնտեսական խթանիչներ» հասկացությունն իրենից ընդամենը աղբահանության վճարի գծով արտոնությունների իմաստով է օգտագործված, ինչը բխում է նաեւ Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից, ըստ որի. «Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:», ինչպես նաեւ այս մասի վերջում Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող լրացման էությունից, ըստ որի՝ առաջարկվում է տվյալ մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 21.1 հոդվածով սահմանված դեպքերի» բառերով, որն էլ հենց «տնտեսական խթանների» դեպքերն են: Այսինքն, ստացվում է, որ Օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների համար արգելված է սահմանված աղբահանության վճարի գծով անհատական արտոնություններ սահմանելը, սակայն առաջարկվող լրացումների համաձայն այդ նույն անհատական արտոնությունները թույլատրվում է սահմանել՝ բայց արդեն «տնտեսական խթաններ» անվանումով: Այս կապակցությամբ շատ ավելի հասկանալի եւ դյուրին կլիներ ուղղակի Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից հանել դրա վերջին՝ «Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:» նախադասությունը, թեեւ նշված արգելքի սահմանումը, մեր կարծիքոով, արդարացի եւ հիմնավորված է, իսկ այդ արգելքի շրջանցման օրենսդրական հնարավորության ընձեռումը՝ ոչ, ընդ որում՝ ինչպես կոռուպցիոն ռիսկերի առաջացման, այնպես էլ արտոնությունը հայցող եւ գործնականում ստացող անձանց նույնականացման դժվարությունների հետ կապված: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.12.2022թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» ռազմավարական փաստաթղթերի, ինչպես նաեւ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության եւ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման 5.1 միջոցառման  դրույթներից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

  •      հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սզբունքներն ու նպատակները,
  •      խմբագրել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,
  •      վերանայել աղբի հավաքման, պահպանման եւ փոխադրմանը ներկայացվող պահանջները,
  •      ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ աղբի առաջացման կանխարգելման եւ քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթներ,
  •      ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթ,
  •      նախատեսել վարչական պատասխանատվություն աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման, աղբավայրերում արգելված աղբի տեղադրման, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար եւ այլն:

2.   Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը դրական ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների աահովման տեսանկյունից, սակայն, Նախագծերի փաթեթում ներառված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4.1-րդ մասում  եւ Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում տարբեր հոլովաձեւերով օգտագործվում է «հեղուկ թափոններ» հասկացությունը: 

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»: 

Վերը նշված հասկացության վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ որեւէ տեղ եւ որեւէ կերպ չի սահմանվում, թե որո՞նք են համարվում «հեղուկ թափոններ»: Ուստի, առաջարկում ենք տալ այդ հասկացության սահմանումը՝ տարընթերցումներից եւ մեկնաբանություններից խուսափելու նպատակով:

2.2. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «5. Արգելվում է պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած եւ այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի եւ այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների եւ մարտկոցների, փոխադրամիջոցների եւ դրանց անվադողերի, ինչպես նաեւ առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում:»:

«Սնդիկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրված է «սնդիկային թափոններ» եւ «սնդիկի հավելիչով արտադրանք» հասկացությունների սահմանումները, այն է՝

«3) սնդիկային թափոններ՝ նյութեր կամ առարկաներ, որոնք՝

ա. բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից կամ

բ. պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ

գ. աղտոտված են սնդիկով կամ սնդիկի միացություններով:...»,

«4) սնդիկի հավելիչով արտադրանք՝ արտադրանք կամ արտադրանքի բաղադրիչ, որը պարունակում է սնդիկ կամ սնդիկի միացություն, որն ավելացվել է կանխամտածված.»: 

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը քննարկել «Սնդիկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում: Բացի այդ, կարծում ենք հստակեցման կարիք ունի «եւ այլ արտադրանքի» հասկացությունը:


Եզրահանգում

Հաշվի առնելով սոցիալական, բնապահպանական եւ ընդհանուր սանիտարական խնդիրները, ինչպես նաեւ կարեւորելով աղբահանության եւ սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը եւ կարգավորումը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, փոխադրման ու անվտանգ հեռացման եւ օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, հավաքման ու դրանց վերամշակման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը` Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ էության, կունենա դրական նշանակություն:

Միաժամանակ, կարծում ենք, Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի` վերը նշված առաջարկությունների  համատեքստում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                   Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

13.12.2022թ.