ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-445-29.11.2022-ՊԱ-011/0) եւ «Պաշտպանության մասին օրենքում» լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-4451 -29.11.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի եւ Քրիստինե Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-445-29.11.2022-ՊԱ-011/0) եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-4451 -29.11.2022-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

20.12.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Մեջբերված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) ներառաված մի շարք կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված է հետեւյալ կարգավորումը.

«2) ռազմամարզական գործունեություն՝ հասարակական գործունեությունից բխող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններից է, որի նպատակները եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով.»: Առաջարկում ենք վերանայել մեջբերված կարգավորումը՝ հստակեցնելով «գործունեության գործառույթներ» ձեւակերպումը:

Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«3. Ռազմամարզական կազմակերպության անդամն իրավունք ունի՝

(...)

3) պատերազմական, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կամ ճգնաժամային իրավիճակներում առաջադրված խնդիրը կարող են կատարել սեփական քաղաքացիական զենքով, պարագաներով եւ այլ միջոցներով.»: Առաջարկում ենք վերանայել մեջբերված կարգավորումը՝ հստակեցնելով «պարագաներով եւ այլ միջոցներով» ձեւակերպումը՝ նախատեսելով դրանց շրջանակը, ինչպես նաեւ հստակեցնել «առաջադրված խնդիր» ձեւակերպումը: Միաժամանակ՝ առաջարկում ենք մեջբերված կարգավորման մեջ պահպանել նախադասության շարադասությունը:

Նախագծի 8-րդ հոդվածի՝ ըստ հաջարդականության 6-րդ մասի 5-րդ կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«5. Ռազմամարզական կազմակերպության անդամը հեռացվում է ռազմամարզական կազմակերպությունից, եթե՝

(...)

5) զենքի շրջանառության կանոնների այնպիսի խախտման, որը հանգեցրել են զենքի կորստին, հափշտակությանը կամ հանցավոր նպատակներով օգտագործմանը կամ հանգեցրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առավել ծանր հետեւանքների.»: Առաջարկում ենք վերանայել մեջբերված կարգավորումը՝ հստակեցնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առավել ծանր հետեւանքներ» ձեւակերպումը: Միաժամանակ՝ առաջարկում ենք մեջբերված կարգավորման մեջ պահպանել նախադասության շարադասությունը:

Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Մարտավարական պատրաստության պարապմունքներն իրականացվում են հատուկ նախատեսված՝ ռազմամարզական կազմակերպության տիրապետմանը եւ օգտագործմանը պատկանող վայրերում:»: Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը՝ առաջարկում ենք վերանայել մեջբերված կարգավորումը՝ հստակեցնելով «հատուկ նախատեսված վայր» ձեւակերպումը:

2. Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: 

Օրենքները որոշակիացնում են սահմանադրական իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար: Ընդ որում, որպես կանոն, բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում Սահմանադրությունը ամրագրում է հանրային իշխանության պարտականությունը, որը առաջին հերթին վերաբերում է օրենսդիր մարմնին. հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: 

Որպեսզի նորմատիվ կարգավորումը լինի արդյունավետ եւ ծառայի սահմանադրական հիմնական իրավունքների ամրագրմամբ հետապնդվող նպատակներին, այն պետք է ներառի մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ 

1) իրականացման սահմաններն ու եղանակները որոշելը, 

2) սահմանափակման կանոնները, 

3) իրացման տարբերակված ռեժիմները, 

4) պաշտպանության եւ պահպանության ընթացակարգերը, 

5) խախտման համար պատասխանատվության եւ հարկադրանքի այլ միջոցները, 

6) խախտումների վերականգնման եւ պատճառված վնասի հատուցման ձեւերի ու չափերի սահմանումը, 

7) հնարավոր խախտումների կանխման եւ նախականխման միջոցների թվարկումը:

Նախագծի՝ ռազմամարզական կազմակերպության կառավարման եւ ղեկավարման մարմիններին վերաբերող 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում վերստուգող մարմնի մասին, որի վերաբերյալ այլ կարգավորումները Նախագծերի փաթեթում բացակայում են: Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական դիտարկումները եւ հաշվի առնելով Սահմանադրության 79-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծում նախատեսել նաեւ կարգավորումներ վերստուգող մարմնի վերաբերյալ:

Նախագծի՝ ռազմամարզական կազմակերպությունների միության անդամին վերաբերող 17-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Ռազմամարզական կազմակերպությունների միության անդամ հանդիսանում են ռազմամարզական կազմակերպությունները:

2. Ռազմամարզական կազմակերպությունների միությանն անդամակցելու, անդամակցությունը կասեցնելու, անդամակցությունից հեռացնելու եւ դուրս գալու կարգը սահմանվում է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնանդրությամբ:»

Հարկ է նկատել, որ Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ որոշակի շրջանակ կազմող իրավահարաբերությունների իրականացման կարգը սահմանվելու է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնանդրությամբ, սակայն, այդ իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումները, որոնցով կնախատեվեն ենթադրվող սահմանափակումների հիմքը եւ ծավալը, օրենսդրական մակարդակում բացակայում են: Հիմք ընդունելով սույն եզրակացությունում մեջբերված իրավական դիտարկումները՝ առաջարկում ենք ռազմամարզական կազմակերպությունների միությանն անդամակցելու, անդամակցությունը կասեցնելու, անդամակցությունից հեռացնելու եւ դուրս գալու վերաբերյալ կարգավորումները նախատեսել Նախագծով:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է «ռազմամարզական գործունեություն» հասկացությունը, այն է՝ «ռազմամարզական գործունեություն՝ հասարակական գործունեությունից բխող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններից է, որի նպատակները եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով.»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով սահմանվում է նաեւ ռազմամարզական գործունեության սկզբունքները, հիմնական ուղղությունները, մինչդեռ «ռազմամարզական գործունեության» նախատեսված հասկացությունը նշում է պարունակում միայն նպատակների եւ գործառույթների մասին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «ռազմամարզական գործունեություն» հասկացությունը համապատասխանեցնել օրենքում սահմանված կարգավորումներին:

4. Նախագծի 4-րդ հոդվածը բաղկացած է 1 համարակալված մասից, որը իր հերթին բաժանված է կետերի: Միեւնույն ժամանակ Նախագծի 6-րդ հոդվածը բաղկացած է մեկ չհամարակալված մասից, որը բաժանված է կետերի: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսեւորել միասնական մոտեցում: 

5. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերին հաջորդում է 3-րդ եւ 4-րդ կետեր: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 6-րդ հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ եւ 21-րդ հոդվածների մասերի, Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի կետերի, Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասի կետերի եւ Նախագծի 26-րդ հոդվածի մասերի համարակալմանը:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 11-րդ կետերում հղում է կատարվում Նախագծի «6-րդ հոդվածով նախատեսված գործողություններին»: Մինչդեռ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 6-րդ հոդվածում սահմանված են ոչ թե գործողություններ, այլ ռազմամարզական գործունեության հիմնական ուղղությունները:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ (ըստ հաջորդականության 6-րդ) մասում  սահմանված են ռազմամարզական կազմակերպության անդամին ռազմամարզական կազմակերպությունից հեռացման հիմքերը: Հարկ է նկատել, որ ռազմամարզական կազմակերպությունից ռազմամարզական կազմակերպության անդամին հեռացման հիմքերի շարքում նախատեսված չէ օրինակ՝ «դիտավորյալ հանցագործություն կատարելը»: Նշվածով պայմանավորված առաջարկում ենք վերանայել ռազմամարզական կազմակերպությունից ռազմամարզական անդամին հեռացման հիմքերը:

8. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում առաջորկում ենք «գործադիր մարմին» բառերը փոխարինել «Գործադիր մարմին» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում «ռազմամարզական կազմակերպության գործադիր մարմին» երկար արտահայտությանը տրված կրճատ տարբերակը, այն է՝ (այսուհետ սույն գլխում՝ Գործադիր մարմին): 

9. Նախագծի 14-րդ հոդվածի վերնագրի վերջում դրված միջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»:

10. Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ (ըստ հաջորդականության 6-րդ) մասի 4-րդ եւ 5-րդ կետերում բացակայում է շարադասությունը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերնայաել Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ (ըստ հաջորդականության 6-րդ) մասի 4-րդ եւ 5-րդ կետերում նախատեսված իրավակարգավորումները:

11. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ (ըստ հաջորդականության 19-րդ) կետի ենթակետերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ (ըստ հաջորդականության 5-րդ) կետի ենթակետերի համարակալմանը:

12. Նախագծի 6-րդ գլխի վերնագրում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի մաս հանդիսացող եզրափակիչ մասը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 29-րդ հոդվածի վերնագրին:

13. Նախագծի 6-րդ գլուխը բաղկացած է մեկ հոդվածից, մինչդեռ հարկ է նկատել որ օրենսդրական ակտի գլխում միավորվում են մի քանի բովանդակությամբ համասեռ հոդվածներ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ գլուխը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթին, այն է՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:»:

14. «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված է փոփոխություն, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կանոնը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:» : 

15. «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «11-ի» թիվն առաջարկում ենք փոխարինել «15-ի» թվով՝ հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» օրենքի ընդունման ամսաթիվը:

16. «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (այսուհետ՝ օրենք) ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել (այսուհետ՝ Օրենք) ձեւակերպմամբ՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով:

17. «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ե կետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «ե» ենթակետով» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

18. Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

20.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

20.12.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում ռազմամարզական գործունեության կարգավորման առարկան, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների ու կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության, դրանց կողմից եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում ծագող հարաբերությունների առաձնահատկությունները:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները՝ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է, որ ռազմամարզական կազմակերպությունն օրենքով սահմանված եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխան իրավունք ունի. «Կառավարության կողմից սահմանված կարգով եւ իր նպատակներից բխող խնդիրների իրականացման համար ստանալ հարկային եւ մաքսային արտոնություններ.»: Այս դրույթը, հարկերի մասով, հակասում է ՀՀ Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի. «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:», ինչպես նաեւ, մաքսատուրքերի եւ մաքսային մյուս վճարների մասով, հակասում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին, համաձայն որի՝ ՀՀ-ի եւ ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների համար մաքսատուրքերից եւ մաքսային մյուս վճարներից ազատումները եւ բոլոր հնարավոր արտոնությունները սահմանվում են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված» բառերով:

2. Նախագծի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Ռազմամարզական կազմակերպությունների միությանը պետական բյուջեից տրվող դրամական մուտքերը հատկացվում են «Պետական բյուջեի մասին» օրենքով:», որի հետ կապված հարկ է նկատի ունենալ հետեւյալը. 

ա) «Պետական բյուջեի մասին» օրենք, որպես այդպիսին, չի լինում (այս օրենքները ընդունվում են յուրաքանչյուր տարվա համար),

բ) պետական բյուջեից տրվում են ոչ թե «դրամական մուտքեր», այլ դրամական միջոցներ («դրամական մուտքեր» հասկացությունը ՀՀ բյուջետային օրենսդրությամբ միանգամայն այլ իմաստ ունի),

գ) տվյալ դրույթի ամրագրումը, ըստ էության, ավելորդ է, քանի որ եթե պետությունը որոշում է այս կամ այն հասարակական կազմակերպությանը հատկացնել դրամական միջոցներ, ապա դա հնարավոր կլինի կատարել բացառապես պետական բյուջեի միջոցների հաշին, ուստի այս մասով շեշտադրման կատարումն ուղղակի անիմաստ է դառնում:

Այս կապակցությամբ առաջարկում ենք հանել Նախագծի 25-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ եթե Նախագծի հեղինակներն, այդուհանդերձ, ցանկանում են հատուկ շեշտադրել այս հանգամանքը, ապա առաջարկում ենք տվյալ դրույթը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ռազմամարզական կազմակերպությունների միությունը օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ բյուջետային ֆինանսավորում:»:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

09.12.2022թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել ռազմամարզական գործունեության ոլորտը՝ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով հարակից՝ «Պաշտպանության մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը, ըստ նախագծերի փաթեթի հեղինակի, կայանում է նրանում, որ սկսած 2014 թվականից Հայաստանի Հանրապետությում ձեւավորվել են մի շարք հասարակական միավորումներ, որոնք համախմբել են ինքնապաշտպանության, ֆիզիկական, կրակային եւ մարտավարական հմտություններով հետաքրքրված անձանց, ովքեր ցանկացել են զբաղվել սպորտային մարզաձեւերով, ամրապնդել մարդկանց ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը, բարձրացնել դիմակայունությունը, գոյատեւել արտակարգ պայմաններում, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ այլն:

Ի հավելումն վերոգրյալին, շեշտվում է, որ 2016 թվականի ապրիլյան եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտպանական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան այնպիսի կամավորներ, ովքեր պատրաստություն էին անցել՝ «Ողջ մնալու արվեստ», «Մեծն Տիգրան», «Զարկ», «ՊՈԳԱ» եւ այլ հասարակական կազմակերպություններում եւ ցուցաբերեցին մարտավարական, հոգեբանական եւ կարգապահական բարձր որակներ:

Նշված կազմակերպություններն իրենց գործունեությունն են ծավալում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին համապատասխան, ինչն, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, ստեղծված իրավիճակում իրավական կարգավորման առումով որոշակի խնդիրներ է առաջացնում՝ դրանց համար պետության կողմից վերահսկողության, փոխհամագործակցության բավարար համակարգային հիմքեր չլինելու առումով:

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը, սոցիալական հարաբերությունների կանոնակարգման տեսանկյունից, կունենա դրական ազդեցություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ օրենսդրական հիմքեր կստեղծվեն հասարակությանը նախնական զինվորական պատրաստություն ուսուցանելու, պահեստազորի կազմում ընդգրկված անձանց հմտությունները կատարելագործելու, պետության եւ հասարակական կայունության սպառնալիքներին դիմագրավելու, արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության պայմաններում հասարակության ներուժի արդյունավետ ներգրավումն ապահովելու համար:


Եզրահանգում

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

09.12.2022թ.