ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ 

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

21.12.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Առաջարկում ենք «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման մեջ հերթական համարից հետո դրա նորմատիվ բնույթի մասին նշված «-Ն» տառը հանել՝ հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի վերնագիրը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումից հետո փակագծերում նշել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը եւ Նախագծի հաջորդիվ հոդվածներում հղում կատարել համապատասխան օրենքի կրճատ տարբերակին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով եւ Նախագծի հաջորդ հոդվածներում հղում կատարել օրենքի կրճատ տարբերակին»:»

2.1. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 5-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունները եւ լրացումները համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

2.2. Բացի այդ Նախագծի համապատասխան հոդվածներով Օրենքի որոշակի հոդվածների մասերը կամ կետերը նոր խմբագրությամբ շարադրելիս անհրաժեշտ է նոր խմբագրությամբ շարադրված կետերի եւ մասերի համարակալումը եւս նշել:

3. Նախագծի մի շարք հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:

4. Նախագծի 1-ին հոդվածով, որպես «հակադոպինգային գործունեություն» հասկացության սահմանում նախատեսվում է հետեւյալը՝ «Հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն եւ տեղեկատվություն, թեստերի բաշխման պլանավորում, գրանցված թեստավորման լողավազանի պահպանում, մարզիկների կենսաբանական անձնագրերի կառավարում, փորձարկումների անցկացում, նմուշների վերլուծության կազմակերպում, հետախուզության հավաքագրում եւ հետազոտությունների անցկացում, Թերապեւտիկ օգտագործման բացառության դիմումների մշակում, արդյունքներ կառավարում, մշտադիտարկում եւ վրա հասնող հետեւանքների համապատասխանեցում,  հակադոպինգին վերաբերող բոլոր այլ գործողությունների կատարում, որոնք պետք է իրականացվեն հակադոպինգային կազմակերպության կողմից կամ նրա անունից, ինչպես սահմանված է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքում եւ/կամ միջազգային չափորոշիչներում».

4.1. Նշված հասկացության սահմանման մեջ կիրառված են մի շարք հասկացություններ, որոնք միանշանակ չեն ընկալվում եւ մեկնաբանման կարիք ունեն, մասնավորապես հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հակադոպինգային գործունեություն հանդիսացող հետախուզության հավաքագրումը, ում կողմից է այն իրականացվում եւ որ դեպքերում, ինչ է ինրենից ներկայացնում «Թերապեվտիկ օգտագործման բացառության դիմումների մշակում», «արդյունքներ կառավարումը» ձեւակերպումը: Նշված ձեւակերպումները, կարծում ենք բավարար չափով որոշակի չեն եւ հստակ ձեւակերպված չեն եւ միանշանակ չեն ընկալվում: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): 

4.2. Նշված հասկացության սահմանման մեջ կիրառված է «/» կետադրական նշանը, մինչդեռ հայերենում նման կետադրական նշան գոյություն չունի:

4.3. Նշված հասկացության սահմանման մեջ նշված է, որ հակադոպինգային գործունեությունը պետք է իրականացվի հակադոպինգային կազմակերպության կողմից կամ նրա անունից: Հաջորդիվ, Նախագծով լրացվում է Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպության հասկացությունը, ըստ որի վերջինս է իրականացնում հակադոպինգային գործունեություն: Նշված երկու նոր ձեւակերպումների համադրության արդյունքում հասկանալի չէ արդյո՞ք հակադոպինգային գործունեություն կրող է իրականացնել միայն Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպությունը, կարո՞ղ են ստեղծվել նաեւ այլ հակադոպինգային կազմակերպություններ եւ վերջիններս իրականացնեն հակադոպինգային գործունեություն: Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք կարգավորումները հստակեցնել եւ համապատասխանեցնել միմյանց:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված «ժ.7» կետում կիրառված «ՅՈՒՆԵՍԿՕ» հապավումն առաջաին անգամ կիրառելիս նշել ամբողջական տարբերակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, այն է՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: 

6. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում, նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծերում կատարվում են լրացումներ նոր հոդվածներ, մասեր, կետեր եւ այլն լրացնելու միջոցով: Սույն առաջրկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:

7. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն, որով ՀԱՕԿ-ը պատասխանատու է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանն աջակցելու համար՝ նախաձեռնելով եւ իրականացնելով Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով նախատեսված բոլոր պարտավորությունները: Նշված ձեւակերպումից հասկանալի չէ «պատասխանատու է աջակցելու համար» ձեւակերպումը. մասնավորապես վերջինս պարտավոր է արդյո՞ք աջակցել, թե իրավունք ունի, ի՞նչ պատասխանատվություն է կրում չաջակցելու համար, ինչ եղանակներով կարող է կամ պետք է աջակցի:

8. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերջինս ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները (... ) կարող են ֆեդերացիա ճանաչվել, եթե՝ գ) աջակցել  Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը իրականացնելու իր՝ (...) բոլոր պարտավորությունները: Առաջարկում ենք ապահովել նշված լրացման մտքի կապակցվածությունը:

9. Նախագծի 5-րդ հոդվածով, որպես հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունք սահմանվում է միշտ տեղեկացնել բժշկական անձնակազմին արգելված նյութեր եւ արգելված մեթոդներ չօգտագործելու իրենց պարտավորության մասին եւ կրկին որպես իրավունք սահմանվում է պատասխանատվություն ստանձնելը՝ համոզվելու համար, որ ստացված ցանկացած բուժօգնություն չի խախտում հակադոպինգային քաղաքականությունը եւ  կանոնները, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն: Նշված ձեւակերպումիվ բխում է, որ վերը նշված գործողությունները հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների պարտականություններն են եւ ոչ թե իրավունքները: Բացի այդ հասկանալի չէ վնասվածքի դեպքում կամ հիվանդանոցում հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների կողմից միշտ բժշկական անձնակազմին տեղեկացնելու  հնարավորությունը, հատապես, այն դեպքում երբ մարզիկները կարող են նաեւ վնասվածքի արդյունքում անգիտակից լինել: Բացի այդ « պատասխանատվություն ստանձնելը՝ համոզվելու համար, որ ստացված ցանկացած բուժօգնություն չի խախտում հակադոպինգային քաղաքականությունը» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում եւ վերաձեւակերպման կարիք է զգում. մասնավորապես հասկանալի չէ՝ որոշակի գործողություններում համոզվելը ինչ եղանակով պետք է իրականացվի, եւ համոզվելու համար ինչպես պետք է պատասխանատվություն կիրառվի:

10. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 18.9-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն, հետեւյալ բովանդակությամբ՝  «Հավաքականի թիմի բժիշկները պետք է տեղյակ լինեն եւ համապատասխանեն հակադոպինգային բոլոր քաղաքականություններին եւ կանոններին»: Նշված ձեւակերպումից հասկանալի չէ «հակադոպինգային քաղաքականութուններին բժիշկների համապատասխանություն» ձեւակերպումը: Առաջարկում ենք նշված դրույթը վերաձեւակերպել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.` 011-513-248)

20.12.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող`Վ. Հարությունյան (հեռ.` 011-513-248)

20.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է սպորտի բնագավառում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Փոփոխությունների նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (այսուհետ՝ ՀՀԳ) կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է խիստ պահանջ՝ իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001թ. հունիսի 26-ի N ՀՕ-196-Ն օրենքի այն հոդվածներում, որոնք կապված են դոպինգի սահմանման եւ հակադոպինգային գործունեության հետ: Համապատասխանեցման գործընթացի իրականացման համար առաջարկվում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարել դոպինգ նորմերին եւ կանոններին վերաբերող որոշակի փոփոխություններ եւ լրացումներ, որի արդյունքում կկատարվեն նաեւ ՀՀ կողմից վավերացված Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր եւ անհրաժեշտ իրավանորմերին համապատասխանելու ստանձնած պարտավորությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

06.12.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում:

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարումը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Փոփոխությունների նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (այսուհետ՝ ՀՀԳ) կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է խիստ պահանջ՝ իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001թ. հունիսի 26-ի N ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) այն հոդվածներում, որոնք կապված են դոպինգի սահմանման եւ հակադոպինգային գործունեության հետ:

Վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել դոպինգ նորմերին եւ կանոններին վերաբերող որոշակի փոփոխություններ եւ լրացումներ, որի կատարման պարտադիրությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր եւ անհրաժեշտ իրավանորմերին համապատասխանելու ստանձնած պարտավորությամբ:

Հիմք ընդունելով այն փաստը, որ 2001թ.-ից հետո հակադոպինգային գործունեության ոլորտում ՀՀԳ-ի կողմից իրականացվել են զգալի փոփոխություններ, առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների կատարմամբ ակնկալվում է ոլորտի առավել կայուն զարգացում ու կարգավորում:

Նախագծի ընդունմամբ ՀՀ ներպետական իրավունքի նորմերը կհամապատասանեցվեն միջայզգային իրավունքի նորմերին, ինչի արդյունքում վերոնշյալ ոլորտում գործունեությունը կիրականացվի միջազգային նորմերին եւ սկզբունքներին համապատասխան:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

12.12.2022թ.