ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-451-02.12.2022-ՊԱ-011/0)վերաբերյալ

«Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացված «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-451-02.12.2022-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.12.2022թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի հոդվածները միավորել «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ գլխից բացի նաեւ այլ գլուխներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում»:

2. Նախագծում առկա են միայն մեկ պարբերությունից բաղկացած մի քանի հոդվածներ, դրանք են՝ 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 13-րդ հոդվածները: Նախագծի 1-ին հոդվածից բացի մյուս բոլոր հոդվածները, որոնք բաղկացած են ընդամենը մեկ պարբերությունից, համարակալված են: Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ, 5-րդ եւ 13-րդ հոդվածներից հանել դրանց 1-ին մասերի համարը:

3. Նախագծում կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք տարբերվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված եւ կիրառված հասկացություններից: Ինչպես օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կիրառվող «բնակելի անշարժ գույք» հասկացությունը կամ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «կրթական հաստատություններում» հասկացությունը եւ այլն: Նշենք, որ վերոգրյալ առաջարկը բխում է Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ «զոհված զինծառայող» հասկացությունը Նախագծում կիրառվում է հետեւյալ իմաստով. «զինծառայող, ով զոհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի գործողությունների հետեւանքով՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության (այսուհետ՝ մարտական գործողությունների) հետեւանքով կամ մահացել է մարտական գործողություններից հետո՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքներից»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մի շարք դրույթներում (ինչպես օրինակ 64-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված դեպքերից բացի նշված է նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «զոհված զինծառայող» հասկացության մեջ լրացնել նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է համարվում «զոհված զինծառայողի (…) երեխան (զավակը)՝ մինչեւ 25 տարին լրանալը»: «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երեխա է համարվում «18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ»: Վերոգրյալից բխում է, որ «երեխա» եզրույթը կիրառելի է միայն 18 տարին չլրացած անձանց նկատմամբ, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով առկա «երեխա (զավակ)» ձեւակերպումները փոխարինել «զավակ» բառով՝ համապատասխան հոլովաձեւով:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նշված է, որ Նախագծում «սեփականության իրավունք» հասկացությունը կիրառվում է «Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող՝ բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունք կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք» իմաստով: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որով նշված է. «զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով ընտանիքի անդամին պատկանող, ինչպես նաեւ զոհված զինծառայողին պատկանած եւ ժառանգության իրավունքով ընտանիքի անդամին անցած գյուղատնտեսական նշանակության հողի համար (…)»: Այսպես վերոնշյալ նորմում «սեփականության իրավունք» հասկացությունը կիրառվում է ոչ թե բնակելի անշարժ գույքի նկատմամբ, այլ գյուղատնտեսական նշանակության հողի նկատմամբ սեփականության իրավունքի իմաստով: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նշված «սեփականության իրավունք» հասկացությունը ձեւակերպել այնպես, որ այն համապատասխանի Նախագծում «սեփականության իրավունք» հասկացության կիրառման բոլոր դեպքերին:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածով նախատեսված երաշխիքները տրամադրելու դեպքերը, պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հարկ է նկատել, որ նախ՝ երաշխիքների տրամադրման դեպքերն արդեն իսկ սահմանված են Նախագծով, երկրորդ՝ Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող Նախագծի կարգավորման առարկայում նշված է. «Սույն օրենքով սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները»: Արդյունքում Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը չի համապատասխանում նույն Նախագծի 1-ին հոդվածով սահմանված օրենքի կարգավորման առարկայի հետ: 

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառված եզրույթը, ինչպես նաեւ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: 

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով առկա «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերին:

8. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքով նախատեսված երաշխիքները չեն բացառում զոհված զինծառայողների ընտանքիների անդամներին այլ իրավական ակտերով երաշխիքների տրամադրումը»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է, որ Նախագիծը նպատակ է հետապնդում զոհված զինծառայողի ընտանիքի անդամին հասանելի երաշխիքները տրամադրել մեկ պատուհանի սկզբունքով՝ բյուրոկրատական քաշքշուկները նվազագույնի հասցնելով: Մինչդեռ Նախագծով զոհված զինծառայողի ընտանիքի անդամին հասանելի միայն որոշ երաշխիքների վերաբերյալ են սահմանվում կարգավորումներ: Արդյունքում տարբեր երաշխիքները, դրանք ստանալու վերաբերյալ կարգավորումները սահմանված են տարբեր օրենքներով, եւ այդ օրենքներով երաշխիքների տրամադրման համար պատասխանատու են տարբեր մարմիններ: Արդյունքում, կարծում ենք Նախագիծն ամբողջությամբ չի արտացոլում Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ ակնկալվող նպատակը:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Զոված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների ոլորտում լիազոր մարմինը (այսուհետ նաեւ լիազոր մարմին) սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով լիազոր մարմնին վերապահվում է լիազորությունների լայն շրջանակ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ առողջապահության, սոցիալական, ֆինանսական եւ այլն՝ առաջարկում ենք Նախագծով հստակ սահմանել, թե կոնկրետ որ մարմինն է համարվում Նախագծի իմաստով լիազոր մարմին:

10. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է, որ լիազոր մարմինը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից ստանում է Նախագծով սահմանված երաշխիքների տրամադրումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկություններ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետում նշված եւ լիազոր մարմնին տեղեկություններ եւ փաստաթղթեր տրամադրող մարմինների ցանկը սպառիչ չէ, առաջարկում ենք այդ մասում «վարկային կազմակերպություններ» բառերին հաջորդող բոլոր բառերը հանել:

Բացի այդ՝ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «ՔԿԱԳ» հապավման կիրառությունը հակասում է  Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

11. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նշված է «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված»: Հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, որով սահմանված է. «օրենսդրություն՝ օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն»՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն իր մեջ ներառում է եւ օրենսդրական ակտերը եւ այլ իրավական ակտերը, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ այլ իրավական ակտեր» բառերը:

12. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող բանկերը եւ վարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում լիազոր մարմնին են տրամադրում բացառապես սույն օրենքով նախատեսված երաշխիքների տրամադրումն ապահովող տեղեկություններ սույն օրենքով սահմանված հիպոթեկային վարկերի վերաբերյալ»: Վերոգրյալից բխում է, որ Կառավարությունը սահմանելու է այն դեպքերը, երբ բանկերը եւ վարկային կազմակերպությունները պետք է տեղեկություն տրամադրեն զոհված զինծառայողի ընտանիքի անդամների հիփոթեքային վարկերի վերաբերյալ: Այսպես՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա առեւտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունները եւ նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը` միայն սույն օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով եւ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով հաղորդելն է»: Վերոգրյալից բխում է, որ բանկի հաճախորդի վերաբերյալ ցանկացած տվյալ, որը հաճախորդը մտադիր է գաղտնի պահել, համարվում է բանկային գաղտնիք, եւ բանկային գաղտնիքի տրամադրման դեպքերը, այն պետական մարմինները, որոնց կարող է տրամադրվել բանկային գաղտնիք սահմանված են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել՝ բանկային գաղտնիքի վերաբերյալ կարգավորումները հաշվի առնելով:

13. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված տեղեկությունները եւ փաստաթղթերը լիազոր մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ որեւէ տեղեկություն կամ փաստաթուղթ: Առաջարկում ենք շտկել հղումը՝ հիմք ընդունելով Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասում նույն հոդվածի 2-րդ մասին կատարվող, Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերին կատարվող, Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասին եւ 5-րդ կետին կատարվող հղումներին:

14. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է. «զոհված զինծառայողին տրված հիպոթեկային վարկը՝ զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորությունների (մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող տոկոսների` գումարների) ամբողջական միանվագ մարումը, ինչպես նաեւ հիպոթեկային վարկի (մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող տոկոսների) ամբողջական մարումները զինծառայողի զոհվելու օրվան հաջորդող 18 ամիսների համար, կամ այդ ուղղությամբ ընտանիքի անդամի կատարած ծախսերի ամբողջական փոխհատուցումը, եթե գոհված զինծառայողը կամ նրա ընտանիքի որեւէ անդամը ունի այդ հիպոթեկային վարկով ձեոք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք»: Առաջարկում ենք հստակեցնել, թե քննարկվող նորմում նշված «այդ ուղղությամբ ընտանիքի անդամի կատարած ծախսեր» արտահայտությունը կոնկրետ ինչ ծախսերի է վերաբերում:

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների կողմից կատարված ծախսերի վերաբերյալ Նախագծում առկա որոշ կարգավորումներ նույնպես ունեն որոշակիության խնդիր, մասնավորպես՝ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը, նույն հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «այդ դրությամբ կատարված ծախս» ձեւակերպման մասով, ինչպես նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ առողջապահական ծախսերի մասով: 

15. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածով սահմանված երաշխիքները չեն տրամադրվում, եթե հիպոթեկային վարկի կապակցությամբ առկա է դատական վարույթ»: Հարկ է նկատել, որ նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում են հիփոթեքային վարկը մարելու նպատակով զոհված զինծառայողի ընտանիքի անդամին աջակցություն տրամադրելու դեպքերը: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծին կից ներկայացված չէ որեւէ հիմնավորում, որով կպատճառաբանվեր հիփոթեքային վարկի կապակցությամբ ցանկացած դատական վարույթի առկայության դեպքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին աջակցությունից զրկելու անհրաժեշտությունը: Կարծում ենք՝ նշված դրույթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

16. Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված անշարժ գույքը զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատկանում է ընդհանար սեվականության իրավունքով, ապա սույն հոդվածի 5-րդ մասի հիման վրա մարումը կատարվում է (գումարը վճարվում կամ ծախսը փոխհատուցվում է) սեփականության իրավունք ունեցող` ընտանիքի անդամ հանդիսացող անձանց թվին համամասնորեն: Սույն մասում նշված համամասնությունը որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամ հանդիսացող անձանց թիվը ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց թվի վրա բաժանելու միջոցով»: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում նշված համամասնությունը որոշելու մեթոդի տրամաբանությունը հասկանալի չէ: Առաջարկում ենք սահմանել այնպիսի հաշվարկման մեթոդ, որը ճշգրիտ կարտացոլի զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին բաժին ընկնող գումարի չափը ընդհանուր գումարի մեջ:

17. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է. « Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը ներառում է (…) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (լիցենզավորված) կրթական հաստատություններում զոհված զինծառայողի երեխայի (զավակի) եւ զոհված զինծառայողի ծնողների՝ 25 տարին չլրացած մյուս երեխաների (զավակների) ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարում կամ փաստացի այդ ուղղությամբ կատարված ծախսերի (բացառությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման բյուջեների միջոցների հաշվին կատարված ծախսերի) փոխհատուցում՝ հաշվի առնելով զոհված զինծառայողի երեխաների (զավակների) թիվը»: Վերոգրյալից բխում է, որ նախատեսվում է փոխհատուցել ոչ միայն զոհված զինծառայողի, այլեւ վերջինիս ծնողների մյուս զավակների ուսման վարձը, մինչդեռ փոխհատուցման չափի մասին խոսելիս հիշատակվում է միայն զոհված զինծառայողի զավակների թիվը:

18. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է «զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով ընտանիքի անդամին պատկանող, ինչպես նաեւ զոհված զինծառայողին պատկանած եւ ժառանգության իրավունքով ընտանիքի անդամին անցած գյուղատնտեսական նշանակության հողի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի, այդ հողի ոռոգման ջրի վարձավճարի գումարի ամբողջական փոխհատուցում»: Վերոնշյալ նորմով նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին նրանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողի համար վճարված անշարժ գույքի հարկը եւ ոռոգման ջրի վարձավճարը: Առաջարկում ենք նշված նորմում հստակեցնել, թե կոնկրետ որ ժամանակահատվածում վճարված գումարն է վերադարձվում, հակառակ դեպքում վերը մեջբերված դրույթից բխում է, որ փոխհատուցման ենթակա է գյուղատնտեսական նշանակության հողի համար երբեւիցե վճարված անշարժ գույքի հարկը եւ ոռոգման ջրի վարձավճարը: Ընդ որում՝ Նախագծի ձեւակերպումը չի արգելում գումարի փոխհատուցումը նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ գյուղատնտեսական նշանակության հողը սեփականության իրավունքով դեռեւս չէր պատկանում զոհված զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամին:

19. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է. «ընտանիքի անդամների բնակության վայրի հասցեում սպառված էլեկտրաէներգիայի եւ բնական գազի ծախսերի մասնակի փոխհատուցում՝ հաշվի առնելով այդ հասցեում բնակվող ընտանիքի անդամների եւ այլ անձանց թիվը»: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Եթե (…) սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված հասցեում հաշվառված է նաեւ ընտանիքի անդամ չհանդիսացող անձ, ապա հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցվող գումարը համամասնորեն նվազեցվում է (…)»: Վերոգրյալից բխում է, որ էլեկտրաէներգիայի եւ բնական գազի ծախսերի փոխհատուցման համար Նախագծի 8-րդ հոդվածում մի դեպքում հաշվի է առնվում բնակության վայրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, մյուս դեպքում՝ այդ հասցեում հաշվառված ընտանիքի անդամների թիվը: Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցնել նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նշված կարգավորմանը:

Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նույն հոդվածի 2-րդ մասին կատարվող հղումն անհրաժեշտ է շտկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ մասով փոխհատուցվող գումարի վերաբերյալ որեւէ կարգավորում առկա չէ:

20. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված` վճարման կամ փոխհատուցման ենթակա գումարների չափերը, այդ գումարները տրամադրելու պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նշենք, որ հասկանալի չէ, թե այս դեպքում Կառավարության որոշմամբ ինչ պայմաններ պետք է սահմանվեն վճարման կամ փոխհատուցման ենթակա գումարները տրամադրելու վերաբերյալ, եթե Նախագծով արդեն իսկ սահմանված են զոհված զինծառայողի ընտանիքի անդամների որոշակի ծախսերի փոխհատուցման պայմանները: Բացի այդ՝ կարծում ենք՝ անհրաժեշտ է առնվազն վճարման կամ փոխհատուցման ենթակա գումարների չափի վերաբերյալ կարգավորումները սահմանել Նախագծով:

21. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Զոհված զինծառայողի` նախադպրոցական տարիքի երեխան արտահերթ ընդունվում է (տեղափոխվում է) իր նախընտրած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ)՝ անկախ բնակության վայրից»: Նշված ձեւակերպումից բխում է, որ նախադպրոցական տարիքի երեխան ինքն է ընտրում, թե ինչ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախի՝ անկախ բնակության վայրից, առաջարկում ենք վերաձեւակերպել վերոնշյալ դրույթը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասին:

22. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Զոհված զինծառայողի ընտանիքի անդամը առողջապահական կազմակերպությունում պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահական ծառայությունները ստանում է արտահերթ (անմիջապես)»: 

Նշենք, որ քննարկվող նորմով նշված հարցն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Այսպես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Նույն հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած խեղման կամ վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով»:

Այսպես`  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի վերը մեջբերված 5-րդ մասից բխում է, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների վրա տարածվում են նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով սահմանվող կարգավորումները: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նշված Կառավարության որոշմանը: Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները ներառված են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում: Վերոգրյալից բխում է, որ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, արդեն իսկ ստանում են բժշկական օգնություն եւ սպասարկում պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին արտահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուն, նշենք, որ  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ (...) պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, (...) հաստատում է Կառավարությունը»: Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը եւ այն ծառայությունների շարքը, որոնք կարող են տրամադրվել առանց հերթագրման եղանակի սահմանված  է Որոշման 4-րդ հավելվածով: Մասնավորապես Որոշման 4-րդ հավելվածի 7-րդ կետի համաձայն՝  «Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, եւ հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում»: Վերոգրյալից բխում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, հերթագրման եղանակը հաստատվում է Կառավարության կողմից, իսկ հերթից դուրս կամ առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում կարող է տրամադրվել կախված անձի առողջական վիճակի ծանրությունից կամ անհետաձգելի  սպասարկման անհրաժեշտությունից: 

Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասին, որով սահմանված է. «Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում` 

1) ամուսինը (կինը) եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) անգործունակ ճանաչված կամ մինչեւ 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

3) ծնողները.

4) զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, եւ նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում»: Նշենք, որ այս առումով առկա է հակասություն բժշկական օգնություն ստանալու դեպքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ համարվող Նախագծով նշված եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նշված անձանց շրջանակաների եւ կարգավորումների միջեւ: Մասնավորապես՝ Նախագծով սահմանված զոհված զինծառայողի զավակի տարիքը չի համապատասխանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով սահմանված տարիքին, բացի այդ՝ Նախագծով սահմանված ընտանիքի անդամների շարքից բացակայում են նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով նշված պահանջներին բավարարող զոհված զինծառայողի քույրը եւ եղբայրը:

23. Նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում են Նախագծով սահմանված երաշխիքների համար դիմում ներկայացնելու, լիազոր մարմնի կողմից դիմումի հիման վրա որոշում կայացնելու, երաշխիք տրամադրելը մերժելու մասին որոշման դեպքում դիմողին ծանուցելու վերաբերյալ եւ այլ դրույթներ: Հատկանշական է, որ վերը թվարկված դեպքերի համար սահմանված չէ որեւէ ժամկետ: Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածում սահմանել, թե ցանկացած գործունեության համար ինչ ժամկետ է նախատեսվում:

24. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում նշված է. «Սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված արտոնությունները տրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը միջնորդագիր է ներկայացնում համապատասխան պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարնի ղեկավարին»: Նշենք, որ Նախագծի որեւէ այլ դրույթով վերը նշված միջնորդագրերի հետ կապված կարգավորումներ սահմանված չեն, ինչի արդյունքում նշված նորմը միանշանակ չի ընկալվում եւ հասկանալի չէ՝ լիազոր մարմնի կողմից միջնորդագիրը ներկայացնելուն ինչ է հաջորդում:

25. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Լիազոր մարմինը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը իր պաշտոնական կայքէջում հրապարակում է ամփոփ հաշվետվություն՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում նշված միջնորդագրերի եւ դրանց արդյունքների վերաբերյալ»: Նախ՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչու ամփոփ հաշվետվությունում, բացի Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում նշված միջնորդագրերի վերաբերյալ տեղեկությունից, լիազոր մարմնի կողմից ծավալվող այլ գործունեության մասին ոչինչ չի ներկայացվում, հատկապես հիմք ընդունելով այն հանգամանքը, որ միջնորդագրերը վերաբերում են միայն Նախագծի 9-րդ հոդվածով սահմանված արտոնություններին: Բացի այդ՝ անհրաժեշտ է  քննարկվող նորմում սահմանել, որ հաշվետվությունը պետք է համապատասխանի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին եւ չպետք է պարունակի գաղտնիք համարվող որեւէ տեղեկություն:

26. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքով սահմանված երաշխիքները դադարում են ընտանիքի անդամի մահվան դեպքում»: Առաջարկում ենք նշված նորմի ձեւակերպումը հստակեցնել՝ նշելով, որ երաշխիքները դադարում են միայն մահացած ընտանիքի անդամի մասով:

27. Նախագծի 13-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»: Նշենք, որ հասկանալի չէ՝ կոնկրետ որ օրենքով են սահմանված Նախագծի դրույթները խախտելու վերաբերյալ պատասխանատվություն:

28. Նախագծի 14-րդ հոդվածի վերնագրում «մաս» բառից հետո առաջարկում ենք լրացնել «եւ անցումային դրույթներ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 14-րդ հոդվածով սահմանված են նաեւ անցումային դրույթներ, ինչպես նաեւ Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)»:

29. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասով որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ սահմանված է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Նախագծով սահմանված են մի շարք դրույթներ, որոնք կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեն կազմված է առանց վերոնշյալ ծախսերը հաշվի առնելու՝ առաջարկում ենք որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը: 

30. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքով սահմանված երաշխիքները տրամադրվում են, եթե մարտական գործողությունները տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո»: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սույն օրենքով սահմանված երաշխիքները տրամադրվում են Հայաստանի Հաերապետության կառավարության սահմանած դեպքերում»: Նշենք, որ վերը մեջբերված երկու նորմերը միմյանց հակասում են: Այսպես՝ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ նշված է, որ Նախագծով սահմանված երաշխիքները տրամադրվում են միայն 2017 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների դեպքում: Մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է հնարավարություն մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողությունների դեպքում Նախագծով սահմանված երաշխիքների տրամադրման:

31. Առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածում նշել Նախագծի այն դրույթները, որոնք գործելու են Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:

32. Նշենք, որ Նախագծի ողջ տեքստում գրեթե առկա չեն հստակ կարգավորումներ երաշխիքների տրամադրման պայմանների, կարգերի, ժամկետների եւ այլնի հետ կապված: Նախագծով նշված է, որ վերոնշյալ բոլոր կարգավորումները սահմանում է Կառավարությունը: Կարծում ենք՝ Նախագծով՝ Կառավարության կողմից սահմանվող մի շարք դրույթներ անհրաժեշտ է սահմանել անմիջապես Նախագծով: Մասնավորապես՝ Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նշված վճարման կամ փոխհատուցման ենթակա գումարների չափը, Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասում նշված երաշխիք տրամադրելը մերժելու դեպքերը, Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երաշխիքների շրջանակներում մարվող գումարի (վճարվող կամ փոխհատուցվող գումարի) չափը վերահաշվարկելու դեպքերը եւ այլն:

Նախագծի մի շարք հոդվածներում առկա են վրիպակներ, հասկացությունների շփոթի հանգեցնող ձեւակերպումներ: Ուստի՝ առաջարկում ենք տվյալ տեսանկյունից վերանայել Նախագիծը՝ կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց,  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանել Հայրենքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետեւյալ երաշխիքները.

1. Հիպոտեկային վարկը մարելու նպատակով զոհվածի ընտանիքի անդամի աջակցությունը, այդ թվում՝

ա) զոհված զինծառայողի հիպոտեկային վարկի պարտավորությունների մարումը, այդ թվում՝ զոհվելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորությունների մարումը եւ վարկի ամբողջական մարումները զինծառայողի զոհվելու օրվան հաջորդող 18 ամիսների համար,

բ) հիպոտեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը զինծառայողի ընտանիքի անդամին անցնելու (ընտանիքի անդամի անվամբ գրանցելու) դեպքում՝ 

- այդ օրվա դրությամբ վարկի ժամկետանց պարտավորությունների (մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների) միանվագ մասնակի մարումը,

- այդ օրվանից հետո հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը,

գ) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո ընտանիքի անդամին տրված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը կամ այդ ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը, եթե զինծառայողի ընատանիքի անդամներից մեկն ունի այդ հիպոտեկային վարկով ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:

2. Զոհվածի ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը, այդ թվում՝

ա) ընտանիքի անդամի առողջապահական ծախսերի մասնակի փոխհատուցումը,

բ) ընտանիքի անդամի կրթական ծախսերի փոխհատուցումը, այդ թվում՝ աշխարհի լավագույն հաստատություններում սովորելու ուսման վարձի եւ կեցության ծախսերի վճարումը,

գ) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի, այդ հողի ոռոգման ջրի վարձավճարի գումարի ամբողջական փոխհատուցումը,

դ) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող անշարժ գույքի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի գումարի ամբողջական փոխհատուցումը,

ե) ընտանիքի անդամների բնակության վայրի հասցեում սպառված էլեկտրաէներգիայի եւ բնական գազի ծախսերի մասնակի փոխհատուցումը՝ հաշվի առնելով այդ հասցեում բնակվող ընտանիքի անդամների եւ այլ անձանց թիվը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ծախսերը կատարվել են պետական կամ համայնքային բյուջեների հաշվին:

3. Զոհվածի ընտանիքի անդամի այլ արտոնությունները, այդ թվում՝

ա) զոհված զինծառայողի ընտանիքի անդամի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու բնակչության սոցիալական պաշտպանության եւ խնամքի պետական կազմակերպություններ, արտահերթ (անմիջապես) ստանալու առողջապահական ծառայություններ պետական բյուջեի միջոցների հաշվին,

բ)  զոհված զինծառայողի երեխայի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզ), հանրակրթական հաստատություններ (դպրոց)՝ անկախ բնակության վայրից եւ այլն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի մի շարք հոդվածներով նախատեսվում է իրականացնել, օրինակ, վարկի «մասնակի մարում», վարկի տոկոսների գումարի «մասնակի մարում», կոնկրետ ծախսերի «մասնակի փոխհատուցում» եւ այլն, սակայն չի նշվում թե որքա՞ն պետք է կազմի այդ «մասնակի» չափը կամ էլ՝ թե ո՞վ պետք է սահմանի մարման կամ փոխհատուցման կոնկրետ չափը (բացառություն է կազմում միայն 8-րդ հոդվածի 4-րդ մասը, որով նշված չափի սահմանման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարությանը): Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի համապատասխան մասերում կոնկրետ նշել այն չափերը, որոնց շրջանակներում պետք է կատարվեն համապատասխան փոխհատուցումները կամ վարկի (տոկոսների) մարումները, կամ էլ այդ չափերի սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը:

2. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:», իսկ Նախագծի ընդունումը, հաշվի առնելով վերջին պատերազմական գործողությունների ընթացքում զոհվածների եւ նրանց ընտանիքի անդամների մեծ թիվը, բավականին շատ ֆինանսական միջոցներ կարող է պահանջել (թեեւ կոնկրետ գնահատական ներկայումս անհնար է տալ՝ համապատասխան տվյալների բացակայության պատճառով), եւ որոնք նախատեսված չեն 2023 թվականի պետական բյուջեով: Այս կապակցությամբ առաջարկում ենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը՝ այն հաշվարկով, որ առաջիկա տարվա ընթացքում հնարավոր լինի իրականացնել օրենքի շահառուների համապարփակ հաշվառում, իսկ անհրաժեշտ միջոցներն էլ նախատեսել 2024 թվականի պետական բյուջեով՝ մշակված համապատասխան ծախսային ծրագրերի հիման վրա: Հակառակ պարագայում, Նախագծի ընդունման դեպքում, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն կառաջանա պետաական բյուջեի ծախսային մասում կատարել վերաբաշխումներ, ընդ որւոմ՝ շահառուների թվաքանակի հընթացս փոփոխությունների  հիման վրա: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.12.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ համապատասխան երաշխիքներ եւ արտոնություններ սահմանված են նաեւ մի շարք այլ օրենքներով:

Որոշակի երաշխիքներ եւ արտոնություններ տրամադրվում են (տրամադրվել են) մասնավոր հատվածի կողմից (բանկեր, վարկային կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ եւ այլն): Սակայն վերոնշյալ երաշխիքները եւ արտոնությունները, դրանց տրամադրման ընթացակարգերը ոչ միշտ են կրում ինստիտուցիոնալ բնույթ: Բացակայում է նաեւ այդ արտոնությունների եւ երաշխիքների տրամադրման համար պատասխանատու մեկ միասնական մարմինը: Արդյունքում, շահառուն այս կամ այն երաշխիքից կամ արտոնությունից օգտվելու համար ստիպված է լինում բախել տարատեսակ դռներ: Երբեմն պոտենցիալ շահառուի համար մեծ դժվարություն է ներկայացնում ոչ միայն այս կամ այն երաշխիքից կամ արտոնությունից օգտվելը, այլեւ հենց այդ երաշխիքի կամ արտոնության ու դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հեղինակի կողմից առաջարկվում է ընդունել ներկայացված նախագիծը:

Նախագծով առաջարկվում են հետեւյալ երաշխիքները.

- հիպոթեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը,

- ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը,

- ընտանիքի անդամի այլ արտոնություններ:

Հեղինակն ակնկալում է, որ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքներն ու արտոնությունները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները: 

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները եւ նկատառումները.

1. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մահացել է մարտական գործողություններից հետո՝» արտահայտությունից հետո նշել համապատասխան ժամանակահատված, օրինակ՝ «հինգ տարվա ընթացքում»:

2. Նախագծի 7-րդ հոդվածի վերաբերյալ գտնում ենք, որ՝

-  «հիպոթեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցության տրամադրման» երաշխիքը ենթադրում է անհավասար մոտեցման դրսեւորում, քանի որ ստացվում է, որ եթե զոհված զինծառայողը օգտվել էր հիպոթեկային վարկավորումից, հետագայում վերջինիս ընտանիքի անդամը փաստորեն կօգտվի համապատասխան չափով գումարի ստացման երաշխիքից/հնարավորությունից, մինչդեռ մյուս զոհված զինծառայողի /որը չէր օգտվել հիպոթակային վարկավորումից/ ընտանիքի անդամը, որն, օրինակ, բնակվում է  վարձակալված բնակարանում,  հնարավորություն չի ունենա նման գումարային աջակցության երաշխիքից օգտվել: 

Բացի նշվածից, անհավասար մոտեցումը փաստացի առկա կլինի՝ կախված նաեւ վարկի գումարի մեծությունից:

Կարծում ենք պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար նախատեսվեր համապատասխան գումարի շրջանակներում ֆոնդ եւ այդպիսով հնարավորություն տրվեր բոլորին հավասար հիմունքներով դիմելու եւ օգտվելու տրամադրվող աջակցությունից: Կարճ ասած, գտնում ենք, որ աջակցության ստացման հնարավորությունը բոլոր զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար պետք է լինի հավասար հիմունքներով՝ անկախ վարկային պարտավորությունների առկայության հանգամանքից: 

-  7-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է՝ «Սույն հոդվածով սահմանված երաշխիքները չեն տրամադրվում, եթե հիպոթեկային վարկի կապակցությամբ առկա է դատական վարույթ»: Ստացվում է, որ, եթե մի առեւտրային բանկը, օրինակ մեկ ամիս առաջ ժամկետանց վարկային պարտավորությունների առկայության հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան, իսկ մյուս առեւտրային բանկը նույնատիպ եւ նույն չափով կամ ավելի մեծ գումարի չափով ժամկետանց պարտավորությունների դեպքում որոշում է հետաձգել հայցադիմումի ներկայացումը, ապա փաստացի 2-րդ դեպքում անձը /զոհված զինծառայողի ընտանիքի անդամը/  կօգտվի վերոնշյալ երաշխիքից, իսկ առաջին դեպքում՝ ոչ, այսինքն? մի անձը հնարավորություն կունենա օգտվելու երաշխիքից, մյուսը՝ ոչ:

- Առաջարկում ենք 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված՝ «սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների» բառերը փոխարինել համապատասխանաբար «հաշվարկված տոկոսագումարների» եւ «հաշվարկվող տոկոսագումարների» բառերով.

/Առհասարակ, 7-րդ հոդվածի գործնականում կիրառելիությունը խնդրահարույց է:/

- Առաջարկում ենք 8-րդ հոդվածի 3-րդ մասը հստակեցնել, մասնավորապես, համամասնության որոշման մասով:

3. Առաջարկում ենք 10-րդ հոդվածի 4-րդ մասում նշված՝ «փոխանցում է համապատասխան կազմակերպություններին, բանկերին կամ ընտանիքի անդամներին» բառերը փոխարինել «փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերով:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

հեռ. /011/ 513-235, 16-18

23.12.2022թ.