ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-459-05.12.2022-ՏՀ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4591 -05.12.2022-ՏՀ-011/0) եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4592 -05.12.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-459-05.12.2022-ՏՀ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4591 -05.12.2022-ՏՀ-011/0) եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4592 -05.12.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
08.12.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասեր: Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերի համարները տեքստից բաժանել միջակետերով: 2. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տարբեր հոդվածներով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում «մշտական օգտագործման» եզրույթը փոխարինվում է «անհատույց (մշտական) օգտագործման» եզրույթով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ» ենթակետում առկա է «անհատույց մշտական օգտագործման» գրելաձեւը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ» ենթակետում առկա «անհատույց մշտական օգտագործման» հասկացությունը: 3. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարակալումը սկսվում է 6-րդ համարից: Առաջարկում ենք «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարակալումը սկսել առաջին համարից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Միաժամանակ՝ առաջարկում ենք «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ՝ ըստ հաջորդականության 2-րդ հոդվածում պահպանել հոդվածի մասի համարակալման կանոնը: Հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու հետեւանքով, վերջինս ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից, եւ բացակայել է Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ Նախագծերի փաթեթի ծավալի, ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված: Ուստի՝ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 08.12.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 08.12.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ՝ 1) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները, 2) անշարժ գույքի հարկ վճարում են նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները, 3) անշարժ գույքի հարկ վճարում են նաեւ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով, 4) շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում, 5) շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծով առաջարկվող օրենսդրական լուծումների հիմնավորման նպատակով Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է հետեւյալ միտքը. «Խնդիրն այն է, որ համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը հակադրվում է ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը,», որի լուծման նպատակով էլ առաջարկվում է Հարկային օրենսգրքով սահմանել, որ. «անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները,»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ տվյալ խնդրի ձեւակերպումը եւ դրա առաջարկվող լուծումը խիստ խոցելի է առնվազն երկու տեսանկյունից, սակայն մինչ դրանց անդրադառնալը, նշենք, որ գործող օրենսդրությամբ (մասնավորապես՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով եւ դրանցից բխող՝ ՀՀ կառավարության հինգ որոշումներով) խնդրո առարկայի իմաստով օգտագործվում է ոչ թե «ինքնակամ շինություն», այլ «ինքնակամ կառույց» հասկացությունը, ուստի օրենսդրական կարգավորումների միասնականության ապահովման եւ տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծերի տվյալ փաթեթում օգտագործել «ինքնակամ կառույց» հասկացությունը: Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթով լուծվող առաջին խնդրի ձեւակերպմանը, ապա հարկ է նշել, որ՝ ա) ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը չի կարող «հակադրվել» ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը կամ իրենից մեծ խոչընդոտ ներկայացնել այդ քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին, քանի որ գույքահարկը որեւէ կապ չունի անձանց տնտեսական գործունեության արդյունքների հետ, իսկ գույքահարկի ցանկացած հնարավոր չափ էլ, ըստ էության, անհամեմատելի է այն տնտեսական օգուտների հետ, որոնք կապված են ինքնակամ շինությունների հետ: Հետեւաբար, գույքահարկով ինքնակամ շինությունների հարկման բացակայությունը, կարծում ենք, չի կարելի դիտել որպես տնտեսական մոտիվացիա եւ պնդել, որ անձինք ինքնակամ շինարարություն են իրականացնում հենց միայն այն բանի համար, որ արդյունքում կառուցված շինությունների համար գույքահարկ չի պահանջվում: Այս մասով, առավելագույնը, որ կարելի է ասել, կարծում ենք, այն է, որ ի լրումն ինքնակամ շինարարության հիմնական մոտիվացիոն գործոնների (շինարարության թույլտվությունների գործընթացի դժվարություններ եւ թանկություն, համապատասխան փաստաթղթերի հետ կապված բյուոկրատիա, կոռուպցիա եւ այլն), այս շինությունների չհարկումը եւս կարող է որոշ դեր խաղալ: Ուստի, կարծում ենք, որ այս իմաստով, ինքնակամ շինությունների հարկումը կարող է «արդարացվել» ընդամենը համայնքային բյուջեների համար ֆիսկալ խնդիրների լուծման նպատակով: Ավելին, ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը ոչ միայն չի կարող «հակադրվել» ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը, այլեւ հակառակը՝ ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի սահմանումը կարող է էականորեն նվազեցնել ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունավետությունն ու տեմպերը, քանի որ՝ - եթե ինքնակամ շինությունից հարկի գանձումը դրանց սեփականատերերի համար այդ շինություններից հրաժարման լուրջ խթաններ չի ստեղծի, ապա համապատասխան քաղաքականությունն իրականացնողների համար շատ լավ մոտիվացիա կձեւավորի ոչ թե ինքնակամ շինությունները քանդելու, այլ դրանք պահպանելու համար՝ հաշվի առնելով այս շինարարության մեծ ծավալները եւ դրանցից ակնկալվող հարկային մուտքերը, - տվյալ գործընթացը, կարող է էականորեն խթանել նաեւ կոռուպցիան, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների համար շահավետ կլինի «չնկատել» ինքնակամ նոր շինությունների ի հայտ գալը, - ինքնակամ շինության համար հարկի գանձումն ինչ-որ տեղ այդ ինքնակամ, իսկ ավելի ճշգրիտ հասկացությամբ՝ անօրինական շինությանը որոշակի «լեգիտիմություն» կհաղորդի ու էլ ավելի կդժվարացնի այդ շինությունների քանդման, այն է՝ ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականության իրականացման գործընթացը եւ այլն: բ) Տվյալ խնդրի դրվածքի եւ դրա լուծման առումով մյուս տեսանկյունը պայմանավորված է ինքնակամ շինությունների մասով որդեգրված բուն քաղաքականության օրենսդրական հիմքերի հետ: Մասնավորապես, նշված քաղաքականությունը հիմնվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի վրա, որի համաձայն. «1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: 1.1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը եւ ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: 2. Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը: 3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները: Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: 4. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն) 5. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն) 6. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:»: Այսինքն, համաձայն բերված կարգավորումների, ինքնակամ շինությունների (կառույցների) նկատմամբ որդեգրված է «զրո հանդուրժողականության» սկզբունքը, որն ամրագրվել է 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքով (այսինքն՝ մոտ մեկ տարի առաջ): Հետեւաբար, եթե մինչեւ այս օրենքի ընդունումը առկա էին ինքնակամ կառույցների օրինականացման դրույթներ եւ մեխանիզմներ (ինչը պահպանվել է միայն մինչեւ տվյալ օրենքի ընդունումը հաշվառված ինքնակամ կառույցների համար), եւ ինչ-որ տեղ իմաստ կարող էր ունենալ ինքնակամ շինությունը հարկել նաեւ մինչեւ դրա օրինականացումը, ապա «զրո հանդուրժողականության» սկզբունքի ընդունումից հետո, ըստ էության, որեւէ հիմնավորում չի կարող լինել անշարժ գույքի հարկ սահմանել այնպիսի շինությունների համար, որոնք սկզբունքորեն չպետք է գոյություն ունենան: Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք քննարկել ինքնակամ շինությունների համար անշարժ գույքի հարկի սահմանման հետ կապված կարգավորումներից հրաժարվելու հարցը: 2. Առաջարկում ենք քննարկել նաեւ Նախագծով առաջարկվող այն երկու մոտեցումների միաժամանակյա սահմանումից ու կիրառումից հրաժարվելու հարցը, ըստ որի նախատեսվում է սահմանել, որ. «1) շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում, 2) շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները:»: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները նախատեսվում է չկիրառել (կամ այլ կերպ ասած՝ այդ անավարտ շինությունները համարել անշարժ գույքի հարկով լիարժեք հարկվող առարկաներ), ապա որեւէ նշանակություն չպետք է ունենա, թե քանի անգամ է երկարաձգվում շինարարության թույլտվության ժամկետները, իսկ դրա համար «ընդգծված բարձր դրույքաչափերով» տեղական տուրքի սահմանումն էլ, կարծում ենք, դառնում է չհիմնավորված եւ հարկային բեռի ավելորդ ծանրացում: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 07.12.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքներում, որի անհրաժեշտությունը կայանում է պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ) անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործմամբ եւ անավարտ (կիսակառույց) շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայմամբ: Գործող իրավակարգավորումներով, անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում միայն անշարժ գույքի հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը, իսկ համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ չեն համարվում եւ չեն հարկվում: Անշարժ գույքի հարկ նախատեսված է միայն պետական սեփականության հողամասերի մշտական օգտագործողների մասով, իսկ պետական սեփականության շինությունների եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների համար անշարժ գույքի հարկ նախատեսված չէ: Նախատեսված չեն նաեւ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ) մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններ: Ըստ այդմ, համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը, Նախագծերի փաթեթի հեղինակի կարծիքով, հակադրվում է ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող քաղաքականությանը: Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է՝ - անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարել նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները, - անշարժ գույքի հարկ վճարեն նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները, կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով, - շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարել տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու ձգտումները կանխելու նպատակով, Առաջարկվում է նաեւ բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կվերանայվեն պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի եւ շինությունների հարկման ընթացակարգերը, անավարտ շինությունների գծով հարկային բեռը: Սրանով հանդերձ, բավականին բարձր տեղական տուրքեր կնախատեսվեն շինարարության թույլտվությունների անտեղի երկարաձգման համար: Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ շինությունները, ավտոկայանատեղերը, ավտոհանգրվանները անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարելը (մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 1.1 մասով սահմանվում է, որ «ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ ենթակա է քանդման (ապամոնտաժման)»), ինչպես նաեւ շինարարության թույլտվության տրամադրման եւ ժամկետների երկարաձգման համար ընդգծված բարձր դրույքաչափերով տեղական տուրքով հարկումը, մեր կարծիքով, կհանգեցնի հարկային բեռի ավելացման, ինչն, իր հերթին, սոցիալական առումով բացասական ազդեցություն կունենա հատկապես բնակչության ցածր եկամուտներ ունեցող խավերի համար՝ հաշվի առնելով վերջին մի քանի տարիների գնաճի բարձր մակարդակը: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 08.12.2022թ.
|