ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-456-02.12.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-456-02.12.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական եւ ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

15.12.2022թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «թիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝«Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Բացի այդ Նախագծի 1-ին հոդվածում «Հատուկ» բառից առաջ դրված չակերտներից մեկն առաջարկում ենք հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտե» բառերով՝ հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կիրառված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կանոնը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ եւ 7-րդ մասերում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության դատախազության» բառերը փոխարինել «դատախազության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագիծն ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից, բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

15.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

15.12.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ապահովել օրենքի ուժով լուծարված Հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումն այն մարմինների միջեւ, որոնց, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասի ուժով, փոխանցվել են Ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը), ինչպես նաեւ լուծել նույն դեպոզիտային հաշվում առկա այն միջոցների բաշխման հարցը, որոնք չեն առնչվում նշված փոխանցվող գործերին: Մասնավորապես.

- Ծառայությունից ըստ ենթակայության Քննչական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է փոխանցվել թվով 86 քրեական գործ եւ 2 նյութ, որոնցով Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցներ առկա չեն եղել: Միեւնույն ժամանակ, Կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից ստացվել եւ քրեական գործին է միացվել Ծառայությունում քննված եւ նախաքննության հետագա կատարումը Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայություն ուղարկված մեկ քրեական գործ, որի կապակցությամբ Ծառայության դեպոզիտային հաշվին ընդհանուր փոխանցվել է 453.949.600 ՀՀ դրամ գումար,

- առկա է Ծառայությունից ըստ ենթակայության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ փոխանցված մեկ քրեական գործ, որի կապակցությամբ Ծառայության դեպոզիտ հաշվում առկա է 29.888.000 ՀՀ դրամ գումար: Այնուամենայնիվ, Ազգային անվտանգության ծառայության 27.09.2022 թվականի գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վերջինս չունի համապատասխան դեպոզիտ հաշիվ, ինչով պայմանավորված՝ առաջարկվել է փոխանցված քրեական գործի առնչությամբ Ծառայության դեպոզիտ հաշվում առկա 29.888.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել Դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին,

- Ծառայությունից ըստ ենթակայության Պետական եկամուտների կոմիտե փոխանցված՝ քրեական գործեր (նյութեր), ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործեր (նյութեր) եւ դրանց կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցման ենթակա միջոցներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.12.2022թ.