ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4601 -06.12.2022-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4602 -06.12.2022-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4603 -06.12.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-4601 -06.12.2022-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-4602 -06.12.2022-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4603 -06.12.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
27.12.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Դեղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…)»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 57-րդ կետով, որի համաձայն՝ «հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից խախտումները բացահայտելու նպատակով կատարված գնում:»: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը դեղերի շրջանառության ոլորտում իրականացնում է պետական վերահսկողություն ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 57-րդ կետում առաջին «վերահսկողություն» բառը փոխարինել «պետական վերահսկողություն» բառերով: Միաժամանակ՝ Օրենքի 29-րդ հոդվածում դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը սահմանված է հետեւյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մեջբերված դրույթները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 57-րդ կետում կիրառված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» ձեւակերպումը, Նախագծի հետագա հոդվածներում կիրառված «Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» ձեւակերպումը համապատասխանեցնել Օրենքում գործածված, վերը ներկայացված եզրույթին՝ բացառելով միեւնույն միտքն արտահայտելիս տարաբնույթ հասկացությունների գործածման դեպքերը: 3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել 29.1-ին հոդվածով, որի համաձայն՝ «Հոդված 29.1. Հսկիչ գնումների իրականացումը 1. Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում է իրականացվում վերահսկողության ընթացքում, այդ թվում՝ երրորդ անձ ներգրավելու միջոցով, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: 2. Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում իրականացվում է՝ (…) 2) առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին ներկայացվող տեղեկատվության (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) հիման վրա, 3) առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում: (…) 4. Հսկիչ գնման իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 1) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 29.1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության ոլորտում հսկիչ գնումներ իրականացնելու հնարավորություն, որի իրականացման կարգը լրացվող 29.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանվելու է Օրենքով: Մինչդեռ՝ նույն հոդվածի 4-րդ մասից բխում է, որ հսկիչ գնումներն իրականացվում են Կառավարության սահմանված կարգով: Այսպես, դեղերի շրջանառության ոլորտում ներդրվող հսկիչ գնումների ինստիտուտի առնչությամբ, դրա իրականացման հիմքերի սահմանումից զատ, կառուցակարգի կանխատեսելիությունն ապահովող հիմնական կարգավորումներ Նախագծում տրված չեն: Մասնավորապես՝ բացակայում են կարգավորումները՝ ինչ փաստաթղթի հիման վրա են իրականացվելու այդ գնումները, ինչ ժամկետներում, արդյոք հսկիչ գնման համար սահմանված ժամկետում կարող է իրականացվել մեկից ավելի հսկիչ գնում, գնման արդյունքում ձեռք բերված ապրանքը ինչպես է տնօրինվելու, վերադարձի կամ փոխարինման ինչ կարգով է ենթարկվելու, հսկիչ գնման արդյունքներով ինչ փաստաթուղթ է կազմվելու եւ այլն: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք սույն ինստիտուտի վերաբերյալ առանցքային կարգավորումները նախատեսել Օրենքում, ինչպես եւ նշված է Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 29.1-ին հոդվածի 1-ին մասում: Սույն դիտարկումը կարեւորվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսված լրացմամբ: Այսպես, գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինման եւ (կամ) վերադարձման ենթակա չլինելու արգելքից սահմանվում է բացառություն: Կարծում ենք՝ դեղերի փոխարինման կամ վերադարձման ենթակա լինելու դեպքերի շրջանակը Օրենքում որոշակի կերպով ընդգծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հսկիչ գնումներ կատարելու պարագայում փոխարինման կամ վերադարձման ենթակա լինելու դեպքը եւ կարգը պետք է սահմանված լինեն օրենքի մակարդակում: 2) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 29.1-ին հոդվածի 2-րդ մասում թվարկված են հսկիչ գնումներ կատարելու հետեւյալ հիմքերը՝ «2) առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին ներկայացվող տեղեկատվության (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) հիման վրա, 3) առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում:»: Կարգավորումից պարզ չէ՝ արդյոք տեսչական մարմնի կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն հիմք է հսկիչ գնում կատարելու համար, երրորդ անձանցից տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ ստացված մեկանգամյա տեղեկատվությունը բավարար է հսկիչ գնում կատարելու համար, թե՝ որոշակի ժամանակահատվածի համար անհրաժեշտ է պարբերական տեղեկատվության ստացում միեւնույն խախտման վերաբերյալ, ինչ չափանիշներից ելնելով է տեսչական մարմինը համապատասխան վերլուծության արդյունքում դիտարկելու հսկիչ գնում կատարելու անհրաժեշտությունը: Նշվածի կապակցությամբ մեջբերենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքը, որի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը): Արձանագրենք, որ օրենքի բավարար հստակությամբ ձեւակերպված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, այլ՝ ուղղված է վերջինիս որոշակիության եւ կանխատեսելիության ապահովմանը: Այլ կերպ ասած, միայն տվյալ պահանջների պահպանման արդյունքում համապատասխան սուբյեկտը սահմանված նորմի հետ հնարավորություն կունենա համադրելու իր վարքագիծը: Հիմք ընդունելով վերը ներկայացվածը՝ կարծում ենք, որ հսկիչ գնումներ իրականացնելու առնչությամբ վերը մեջբերված հիմքերը բավարար հստակությամբ ձեւակերպման անհրաժեշտություն ունեն՝ գործնականում կիրառման հնարավորություն ապահովելու նպատակով: 3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հիմք ընդունելով մեջբերված դրույթը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում սահմանել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 29.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 29.1-ին հոդվածի 4-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում գործածված է այդ տարբերակը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: 4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել 15-րդ եւ 16-րդ մասերով, որոնց համաձայն՝ «15. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի, կասեցվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ երկամսյա ժամկետով: 16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված կասեցման ժամկետի ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են լիցենզավորող մարմնի կողմից:»: Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել 15-րդ եւ 16-րդ մասերով, որոնց համաձայն՝ «15. Դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ երկամսյա ժամկետով: 16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված կասեցման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են լիցենզավորող մարմնի կողմից:»: Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել եւ կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:»: Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: (…)»: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված) կամ չգրանցված դեղերի իրացումը բաց թողնումը կամ կիրառումը ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար, ինչի առնչությամբ լիցենզիայի դադարեցման հիմք արդեն իսկ նախատեսված է «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետում: Ընդ որում, այդ վտանգի առկայության դեպքում լիցենզիայի դադարեցումը տեղի է ունենում անմիջապես, այլ ոչ՝ համապատասխան պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու պարագայում, ինչպես սահմանված է Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված լրացումներով: Հաշվի առնելով վերը ներկայացվածը՝ կարծում ենք, որ Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում սահմանված լիցենզիայի կասեցման հիմքերը վերանայման կարիք ունեն եզրակացության սույն կետում ներկայացված դիտարկման տրամաբանության հաշվառմամբ: Բացի այդ, Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 15-րդ մասում «Լիցենզավորման մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 5. «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել (այսուհետ՝ Օրենք) ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը այդ նախագծի հետագա հոդվածներում այլեւս չի գործածվում: 6. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի» բառերով:»: Մեջբերված «բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի» ձեւակերպումից առաջարկում ենք հանել «բացառությամբ» բառը, քանի որ այդ հոդվածում արդեն իսկ սահմանված է բացառությունը, իսկ քննարկվող դեպքը դրանց շարքում է: 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսվում է Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝ 1) մինչեւ 5 դեղի փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով. 2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ապօրինի շրջանառությունը» վերտառությամբ 408-րդ հոդվածում նախատեսված է՝ «Առանց օրենքով նախատեսված պետական գրանցման կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված, դադարեցված կամ ուժը կորցրած ճանաչելու պայմաններում, առանց հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) դեղ, դեղանյութ, դեղաբուսական հումք, օժանդակ նյութ, բժշկական արտադրատեսակ, դրանց մասեր կամ հետազոտվող դեղագործական արտադրանք իրացման նպատակով պատրաստելը, արտադրելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, մատակարարելը, մատակարարելու առաջարկը, շուկա հանելը կամ դրանք իրացնելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»: Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում սահմանված զանցակազմը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածում սահմանված հանզակազմը մասամբ համընկնում են: Ստացվում է՝ միեւնույն արարքի համար նախատեսված է եւ՛ քրեական, եւ՛ վարչական պատասխանատվություն, ինչն էլ խնդրահարույց իրավիճակի է հանգեցնում գործնականում արարքի որակման տեսանկյունից. այսինքն՝ վարչական իրավախախտում է, թե՝ հանցանք: Հետեւապես՝ կարծում ենք, որ քննարկվող իրավիճակը կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Սույն դիտարկումը կարեւորվում է նաեւ համաչափության սկզբունքի պահպանման տեսանկյունից: Միաժամանակ՝ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելիս սահմանված տուգանքի չափերի համաչափության հարցը Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ քննարկված չէ Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի այլ մասերում սահմանված տուգանքի չափերի հետ համեմատության տեսանկյունից (դրանք թողնվել են անփոփոխ)՝ հաշվի առնելով վերջիններիս ռիսկայնությունը: 2) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում «անվամբ դեղի» բառերը վերաբերելի են այդ մասի 1-ին եւ 2-րդ կետերին: Հետեւապես՝ այդ կետերում «դեղի» բառերի անհիմն կրկնության անհրաժեշտությունը բացակայում է: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, «Լիցենզավորման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 23.12.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 23.12.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Դեղերի մասին» օրենքում նախատեսել հսկիչ գնումների միջոցով պետական վերահսկողություն իրականացնելու իրավական հնարավորության առկայություն, մասնավորապես՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համար ներդնել խախտումների բացահատման օրենսդրական գործուն մեխանիզմներ: Միաժամանակ, առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածներում բարձրացնել որոշ տուգանքներիի չափերը եւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 12.12.2022թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Դեղերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս կարգավորումներով հնարավոր չէ վերահսկել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ կեղծ դեղեր իրացնելու, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը օրենքի խախտմամբ իրացնելու, դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի չապահովելու, ոչ դեղագիտական խորհրդատվություն տրամադրելու, առեւտրի սրահներում, սպասասրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելու, դեղատներում կաթիլաներարկման լուծույթներ պատրաստելու, դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի իրացնելու, դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելու, օրենքով նախատեսված կարգի խախտմամբ առանց հայերեն ներդիր-թերթիկի դեղերի իրացման, դեղատոմսով բաց թողնվող դեղի՝ դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով եւ դեղաձեւով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն ներկայացնելու խախտումները: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հսկիչ գնումների միջոցով պետական վերահսկողություն իրականացնելու իրավական հնարավորության առկայություն: Մասնավորապես, առաջարկվում է՝
2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ հսկողական մեխանիզմներ կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի համար եւ օրենքով նախատեսված դեպքում դեղերի մեծածախ իրացման եւ դեղատնային գործունեության լիցենզիաները կկասեցվեն կամ կդադարեցվեն, ինչն առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից կարող է ունենալ դրական նշանակություն: Սակայն, կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում կապված Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվող լրացման հետ: Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 11-րդ մասում «վերադարձման» բառից հետո լրացնել «՝բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի» բառերը, որի արդյունքում ստացվում է հետեւյալը՝ «Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման եւ (կամ) վերադարձման՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:»: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման անհրաժեշտության վերաբերյալ Հիմնավորման մեջ նշվում է հետեւյալը՝ «...նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ ամրագրելով Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորություն:»: Այս կապակցությամբ, առաջարկում ենք Օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասում առաջարկվող լրացումն այնպես ձեւակերպել, որպեսզի հստակ ամրագրի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորությունը (օրինակ՝ «՝բացառությամբ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերի»): Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Բնակչության առողջության վրա ազդեցության տեսանկյունից Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է ունենալ դրական նշանակություն: Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշված նկատառումը, կարծում ենք, Նախագիծը լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 20.12.2022թ.
|