ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-462-06.12.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
27.12.2022թ.
Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր: Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` «12. Նորմատիվ իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել»: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ այն հանգամանը, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի հոդվածների մասերը համարակալված չեն (նույն օրենքում հոդվածների չհամարակալված պարբերություններին հղում է արված որպես մասեր), իսկ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-249-Ն օրենքով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը կատարել ոչ թե «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հետո, այլ նշված հոդվածի վերջում՝ որպես նոր պարբերություն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկման հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան դրույթի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 21.12.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 21.12.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալված անձանց պահելու վայրի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության նոր քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի թիվ 1221-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ): Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները» դուրս են Ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չի ներառվել նշված ՀՀ կառավարության որոշման մեջ: Մինչդեռ, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինությանն առչվող առանձնահատկությունները, ուստի նաեւ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսել Կառավարությանը լիազորող համապատասխան նորմ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 15.12.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության նոր քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1221-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ): Կապված այն հանգամանքի հետ, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները» դուրս են Ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չեն ներառվել նշված ՀՀ կառավարության որոշման մեջ: Մինչդեռ, անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի (այսուհետ՝ ՁՊՎ) շինությանն առչվող առանձնահատկությունները՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմ: ՁՊՎ-ի շինության առանձնահատկությունների վերաբերյալ առանձին իրավական ակտի բացակայության պարագայում անհնար է դառնում իրավասու վերադաս մարմինների կողմից ՁՊՎների կառուցման եւ հիմնական վերանորոգման ընթացքում հսկողություն սահմանել շինարարական այնպիսի առանձնահատկությունների վրա, որոնց բացակայության դեպքում խախտվում են պահվող անձանց իրավունքները: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ների շինության կառուցման, գործող ՁՊՎ-ներում հիմնական վերանորոգման, կահավորման առանձնահատկությունները: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 26.12.2022թ.
|