ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-463-06.12.2022-ՏԵ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4631 -06.12.2022-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-463-06.12.2022-ՏԵ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4631 -06.12.2022-ՏԵ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

27.12.2022թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ամբողջ տեքստում առաջարկում ենք պահպանել դասական թվականների գրության ճիշտ ձեւը: 

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ապրանքային նշանների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացվում է «Միության ապրանքային նշան» հասկացությունը, որի համաձայն՝ «Միության ապրանքային նշան՝ Միության ապրանքային նշան, որը Միության անդամ բոլոր երկրներում միաժամանակ պահպանվող նիշ է եւ ծառայում է ապրանքների, աշխատանքների եւ (կամ) ծառայությունների (այսուհետ՝ ապրանքներ) անհատականացման համար.»:

Հարկ ենք համարում նշել, որ «ապրանքներ, աշխատանքներ եւ (կամ) ծառայություններ» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ ապրանքներ)»: Մինչդեռ Նախագծի հետագա հոդվածներում եւ Օրենքի տեքստում շարունակվում է կիրառվել «ապրանքներ, աշխատանքներ եւ (կամ) ծառայություններ» երկար արտահայտությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող «Միության ապրանքային նշան» հասկացության «ապրանքներ, աշխատանքներ եւ (կամ) ծառայություններ» երկար արտահայտության կրճատ տարբերակի սահմանման դեպքը:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ կետում առաջարկում ենք ենթակետերի համարները տեսքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի ենթակետերի համարներին:

4. Նախագծի 7-րդ հոդվածում նշում է կատարված 12-րդ հոդվածի մասին, սակայն հստակեցված չէ՝ ինչ իրավական ակտի համապատասխան հոդվածի մասին է խոսքը, ինչը որոշակիացման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Բացի այդ՝ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հոդվածներին եւս վերաբերելի է Նախագծի 7-րդ հոդվածում նշված «12-րդ հոդվածի» ձեւակերպումը, ինչը, կարծում ենք, որ անհրաժեշտ է վերախմբագրել:

5. Նախագծի 12-?դ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասում «բնույթի» բառից հետո «տեսակի» բառը լրացնելու արդյունքում թվարկված պայմանները միմյանցից ստորակետով տարանջատված չեն լինի, ինչը վերանայման կարիք ունի՝ կարգավորման կետադրությունը կանոնակարգելու տեսանկյունից:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 26-րդ հոդվածի՝ «9-րդ մասից հետո լրացնել նոր 10-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝ «10. Սույն հոդվածում նշված դիմումի ձեւը, դրա լրացման, ներկայացման եւ քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հաշվի առնելով մեջբերված դրույթը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

7. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետին հաջորդում է 6-րդ կետ, առաջարկում ենք ապահովել Նախագծի 11-րդ հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը:

8. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

9. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալը՝ «Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ապրանքային նշանի չօգտագործման կամ իրական օգտագործման մեջ չդրվելու երեք տարվա ժամանակահատվածը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ապրանքային նշանների պետական գրանցումների վրա:»:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ կարծում ենք, որ Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասով Նախագծի համապատասխան հոդվածին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ Նախագծի այդ կետում երեք տարվա ժամանակահատվածի առնչությամբ սահմանված կարգավորում առկա չէ:

10. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք գրել «քաղաքացիական» բառից առաջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 

11. Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

26.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

26.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի դրույթներին «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանեցմանը: Մասնավորապես, առաջարկվում է ներդնել ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցնել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները: Բացի նշվածից, Փաթեթով առաջարկվում է նաեւ հստակեցնել ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել, ինչպես նաեւ փոփոխել ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

14.12.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ եւ լրացումներ  «Ապրանքային նշանների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին: 

Նախագծերի փաթեթով, մասնավորապես,

1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել,

2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները,

3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին, մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները,

4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել,

5. Օրենքում աշխարհագրական նշումների պահպանության ծավալին վերաբերող դրույթը համապատասխանեցվել է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կբարելավվի Օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվեն դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումները: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.12.2022թ.