ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-469-13.12.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Նարեկ Գրիգորյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-469-13.12.2022-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

04.01.2023թ.  







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) այլեւս հղում չի կատարվում:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման տեքստից առաջարկում ենք հանել մասի համարը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի միայն առաջին նախադասությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 8.1-ին մասի համարին:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին նախադասությունում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «8.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «8.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրության ձեւ պահապանելու նպատակով:

5. Օրենքում հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին նախադասությունում «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի չհամարակալված առաջին պարբերության 6-րդ կետի «ա» ենթակետում սահմանված հասկացությունը, որի համաձայն՝ «6) ոչ ռեզիդենտներն են`

ա) ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք, այդ թվում օտարերկրյա պետության պետական ծառայության մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,»:

Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներից, մասնավորապես՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

6. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին նախադասությունում կիրառված է «ՀՀ» հապավումը: Առաջարկում ենք Նախագծում բացառել հապավումների կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.12.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները՝ նաեւ արտարժույթով:

Համաձայն «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5.1-րդ մասի. «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:»: Մինչդեռ, Նախագծով առաջարկվում է, որ բացի սպառողական փոխառություններից ու վարկերից, բնակարանային հիպոտեկային կրեդիտները նույնպես տրամադրվեն միայն Հայաստանի Հանրապետության դրամով (բացառությամբ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց): Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում Օրենքի նշված մասի հետ բնակարանային հիպոտեկային կրեդիտների առումով կառաջանա հակասություն, ինչից խուսափելու համար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի դեպքի համար Օրենքի 7-րդ հոդվածի 5.1-րդ մասում սահմանել բացառություն, այն է՝ նշված վերջին մասի «սպառողական փոխառությունների» բառերից հետո ավելացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում բնակարանային հիպոտեկային կրեդիտների,» բառերը:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

 կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

20.12.2022թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է բնակարանային հիպոտեկային վարկերի արտարժույթով տրամադրումը արգելելու անհրաժեշտությամբ: 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունն, ըստ հեղինակների, կայանում է նրանում, որ վերջին տարիներին աճել է ֆինանսական եւ ոչ ֆինանսական ակտիվների, արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը, ինչը արտարժույթով վարկ ունեցող քաղաքացիների համար մեծ ռիսկեր կարող է առաջացնել: Վերջինս հատկապես բնորոշ է խոշոր եւ երկարաժամկետ բնակարանային հիպոտեկային վարկերի դեպքում: Մասնավորապես, արտարժույթով վարկի գործողության առաջին եռամսյակում արտարժույթի 25%-ով արժեւորման հավանական սցենարի դեպքում, հիպոտեկային վարկի սպասարկման բեռը՝ սկզբնական բեռի համեմատ, կաճի շուրջ 25%-ով, եւ նույնիսկ կգերազանցի համադրելի ժամկետով դրամային վարկի սպասարկման ընդհանուր բեռին: 

Պարտքի բեռի սպասարկման մասով դժվարություններն, ըստ հեղինակների, ավելի կխորանան, եթե հիպոտեկային վարկի ժամկետի ընթացքում (մոտ 20 տարի) դիտարկվի արտարժույթի արժեւորման եւս մեկ ենթադրական սցենար: Հետեւաբար, վարկի գործողության ընթացքում փոխարժեքի անբարենպաստ դեպքերը կարող են առաջացնել վարկառուի արտարժութային հիպոտեկային վարկերի սպասարկման գծով բեռի աճ՝ հանգեցնելով վարկերի չվճարման եւ դրանով պայմանավորված այլ խնդիրների: 

Նախագծով առաջարկվող փոփոխություններով (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ եւ 8.1 մասում) կարգելվի բնակարանային հիպոտեկային վարկերը վարկառուներին արտարժույթով տրամադրելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է, որ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային վարկերը կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով:

Նախագծի ընդունմամբ բանկերին եւ վարկային կազմակերպություններին կարգելվի տրամադրել արտարժույթով բնակարանային հիպոտեկային վարկեր՝ բացառությամբ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

19.12.2022թ.