ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-475-19.12.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-475-19.12.2022-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

04.01.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Առաջարկում ենք «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումից հետո փակագծերում նշել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը եւ Նախագծի հաջորդիվ հոդվածներում հղում կատարել համապատասխան օրենքի կրճատ տարբերակին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով եւ Նախագծի հաջորդ հոդվածներում հղում կատարել օրենքի կրճատ տարբերակին:»: 

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված փոփոխությունը կատարել առանձին հոդվածի տեսքով՝ հղում կատարելով վերը նշված օրենքի կրճատ տարբերակին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «դ.6» ձեւակերպումը փոխարինել «դ.6-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «դ.16-րդ» եւ «դ.17-րդ» ձեւակերպումներին։

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հետո նշված «Անցումային դրույթներ» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագիր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող`  Վ. Հարությունյան  (հեռ.` 011-513-248)

 28.12.2022թ. 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.` 011-513-248)

28.12.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել լրացում եւ ավելացնել լիազորող նորմ՝ օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի վերաբերյալ իրավական ակտեր ընդունելու համար, որի գումարը նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով: «Փարիզ-24» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ տրամադրելու համար գումար է նախատեսված նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2023 թվականի բյուջետային հայտում: 

Օրենքի 7-րդ հոդվածում թվարկված են դեպքերը, երբ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի որոշակի իրավահարաբերություններ կարգավորելու համար կարող են ընդունվել իրավական ակտեր: Նախագծով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածում ավելացնել ռազմական սպորտի միջոցառումները (Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղեր, զինվորականների աշխարհի առաջնություններ, զինհաշմանդամների համաշխարհային խաղեր եւ զինհաշմանդամների աշխարհի առաջնություններ), քանի որ Հայաստանի Հանրապետության զինծառայող մարզիկները եւ զինհաշմանդամները պարբերաբար մասնակցում են ռազմական սպորտի միջոցառումներին: Բացի այդ, նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 4-րդ հոդվածում եւ սահմանել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, ինչպես նաեւ՝ անցումային դրույթներ՝ սահմանելով ընդունման ներկայացվող օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

23.12.2022թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 12-ի թիվ 02/11.3/26596-2022 հանձնարարականով: 

Նախագծով առաջարկվում է՝

1. կատարել լրացում եւ Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.16» ենթակետից հետո ավելացնել «դ.17» ենթակետ, որով կառավարության համար լիազորություն կսահմանվի ընդունել իրավական ակտեր օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի եւ դրա տրամադրման կարգի վերաբերյալ՝ միաժամանակ ապահովելով նաեւ իրավական հիմք Կառավարության 30.06.2022թ. թիվ 985-Ն որոշման համար. 

2. փոփոխություն/լրացում կատարել Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետում եւ ավելացնել ռազմական սպորտի միջոցառումները (Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղեր, զինվորականների աշխարհի առաջնություններ, զինհաշմանդամների համաշխարհային խաղեր եւ զինհաշմանդամների աշխարհի առաջնություններ), քանի որ Հայաստանի Հանրապետության զինծառայող մարզիկները  եւ զինհաշմանդամները պարբերաբար մասնակցում են ռազմական սպորտի միջոցառումներին: Միաժամանակ լինելով եւ մարզիկ, եւ զինծառայող, զինծառայող մարզիկները հնարավորություն են ստանում մասնակցելու զինծառայողների շրջանում մարզական միջոցառումներին՝ դրսեւորելու համար իրենց ունակությունները եւ պահպանելու համար մարզավիճակը ու մարզիկի կարգավիճակը:

Այսպիսով, վերոնշյալ փոփոխության/լրացման արդյունքում Կառավարության կողմից կհաստատվեն նաեւ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինհաշմանդամների համաշխարհային խաղերում եւ զինհաշմանդամների աշխարհի առաջնություններում 1-3 տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերի ու շնորհման կարգի վերաբերյալ իրավական ակտեր.

3. փոփոխություն կատարել Օրենքի 4-րդ հոդվածում եւ սահմանել, որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից.

4. սահմանել նաեւ անցումային դրույթներ՝ նախատեսելով ընդունման ներկայացվող օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետները:

Նախագծի ընդունման արդյունքում, մասնավորապես, Կառավարության համար կսահմանվեն լիազորող նորմեր համապատասխան իրավական ակտերի ընդունման եւ հաստատման համար: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                 Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 

30.12.2022?.