ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

               «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-481-27.12.2022-ՏՏԳՇ-011/0), «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4811 -27.12.2022- ՏՏԳՇ -011/0) եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4812 -27.12.2022- ՏՏԳՇ -011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-481-27.12.2022-ՏՀ-011/0), «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-4811 -27.12.2022-ՏՀ-011/0) եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-4812 -27.12.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

17.01.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.» հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ հոդվածի եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ հոդվածի վերնագրերին:

2. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  եւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանել նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական  նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»:

3. Առաջարկում ենք  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տվյալ նախագծով կատարվում է մեկ լրացում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»

4. Առաջարկում ենք «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված համապատասխան օրենքի լրիվ անվանման մեջ հերթական համարից անմիջապես հետո նշել իրավական ակտի նորմատիվ բնույթի մասին. մասնավորապես՝ «ՀՕ-221» ձեւակերպումը փոխարինելով « ՀՕ-221-Ն» ձեւակերպմամբ: 

5. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվում է մեկ լրացում, հետեւաբար համապատասխան հոդվածը կետի բաժանելու անհրաժեշտությունը բացակայում է. միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, առաջարկում ենք «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հոդվածում կատարել հետեւյալ լրացումը՝ 1) 1-ի մասի «բ» կետը (...) բառերով» ձեւակերպումը փախարինել «հոդվածի 1-ին մասի «բ» կետում (...) բառերը» ձեւակերպմամբ՝ մտքի շարադասությունն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

09.01.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

09.01.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է  բուսական եւ կենսանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառներում որպես Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություն ամրագրել բուսական եւ կենդանական աշխարհի  պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանումը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Սաֆարյան 

(հեռ.՝ 011 513-343) 

09.01.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Բուսական աշխարհի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ համապատասխան լրացումներ կատարել հարակից՝ «Կենդանական աշխարհի մասին» եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքներում: 

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ 

- «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

- «2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»:

Փաստացի, Կառավարությունը եւ պետական մարմինները նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունել, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանադրությամբ, կամ օրենքներով: Մինչդեռ, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին», 2009 թվականի հուլիսի 27-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին», 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը եւ միջոցառումները հաստատելու մասին» որոշումները  գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են:

Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է գործող իրավական ակտերի մասով ամրագրել լիազորող նորմեր՝ համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.01.2023թ.