ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-485-03.01.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-485-03.01.2023-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
24.01.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19-րդ հոդվածի վերնագրին: 2. Նախագծով սահմանված մի շարք կարգավորումներ, կարծում ենք՝ խնդրահարույց են օրինականության եւ իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. Սահմանադրության` օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Սահմանադրության 75-րդ հոդվածում սահմանված է, որ հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ օրենքով պետք է հստակ եւ որոշակի նախատեսվեն համապատասխան իրավահարաբերությունների արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը, ինչպես նաեւ հարկ է շեշտել, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքների իրականացումն ապահովելու նպատակով: Մինչդեռ՝ Նախագծում առկա ոչ որոշակի կարգավորումների, անորոշ հղումների եւ որոշ լիազորող նորմերում համապատասխան հարաբերությունների վերաբերյալ Օրենքում այլ կարգավորումների բացակայության արդյունքում հանգում ենք Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը լիազորող նորմերի իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջի խախտման: Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում Կառավարության իրավասությունների շարքում նշվում է՝ «16) հաստատում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության եւ բնակարանների արտահերթ հատկացման կարգերը, նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կանոնակարգը, սահմանում է այդ ընտանիքների վերահաշվառման եւ նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.»: Մինչդեռ, հարկ է նկատել, որ նշված բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի վերաբերյալ իրավակարգավորումները Նախագծում եւ Օրենքում բացակայում են: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 47-րդ կետում կոմիտեի իրավասությունների շարքում նշվում են՝ «47) հաստատում է քաղաքաշինական եւ գիտատեխնիկական խորհուրդների կազմը եւ աշխատակարգերը:»: Հարկ է նկատել, որ քաղաքաշինական եւ գիտատեխնիկական խորհուրդների վերաբերյալ կարգավորումները բացակայում են Նախագծում եւ Օրենքում: Նախագծի վերը մեջբերված դրույթների իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանելու արդյունքում կարող է սահմանափակվել հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագծի դրսեւորման հնարավորությունը: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածները վերանայել օրինականության եւ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից: Իրավական որոշակիության սկզբունքի քննարկման համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ նորմատիվ իրավական ակտերում կիրառվող հղումներին. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառմանը վերաբերող 17-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը: 2. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ: Հղումները նորմատիվ իրավական ակտի հոդվածներում, մասերում, կետերում, ենթակետերում, պարբերություններում նորմատիվ իրավական այլ ակտի հոդվածներին, մասերին, կետերին, ենթակետերին, պարբերություններին, ինչպես նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին կիրառվում են նաեւ, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը: 3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: ( ): 4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: 5. Արգելվում է կատարել` 1) անորոշ հղումներ, մասնավորապես միեւնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը. 2) շրջանաձեւ հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին. 3) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի: 6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը: ( ) 9. Եթե օրենսդրական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ապա ընդունվող օրենսդրական ակտում կոնկրետ նշվում է դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը:»: Հարկ է նկատել, որ նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկայի մեջ ներառվող իրավահարաբերությունների որոշակի եւ ամբողջական կարգավորումները պետք է նախատեսվեն հենց այդ իրավական ակտով, հղումները այլ իրավական ակտերին թույլատրելի են միայն այն դեպքում, երբ այլ նորմատիվ իրավական ակտերով ամբողջական կարգավորված են նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկայի մեջ ներառվող որոշակի շրջանակի իրավահարաբերությոնները, բացի այդ նորմատիվ իրավական ակտում այլ նորմատիվ իրավական ակտերին հղում կատարող կարգավորումները պետք է բավարարեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին, մասնավորապես՝ կարգավորումից պետք է լիարժեքորեն հստակեցվի, թե իրավահարաբերությունների որ շրջանակն է կարգավորվելու հղումով նախատեսված իրավական դրույթներով: Նշվածով պայմանավորված՝ կարող ենք եզրակացնել, որ նորմատիվ իրավական ակտերում հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Նախագծում առկա մի շարք կարգավորումների, օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 23-րդ կետերի համաձայն՝ «Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում՝ (...) 2) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ այլ քաղաքաշինական փաստաթղթերը. (...) 23) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` նաեւ ՇՄԶ) կազմակերպման եւ հավաստագրման հնգամյա ժամանակացույցը. (...)»: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 32-րդ եւ 33-րդ կետերում կոմիտեի իրավասությունների շարքում սահմանվում է հետեւյալը՝ «32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը. 33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը եւ հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.»: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը եւ Քաղաքաշինության կոմիտեն ընդունում են մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, եթե այլ օրենքներով ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:»: Այսպես՝ մեջբերված իրավադրույթներում Հայաստանի Հանրապետության օրենքին, օրենսդրությանը, այլ օրենքներին կատարված հղումները չեն հանդիսանում հստակ, որոշակի եւ ուղղակի հղումներ, քանի որ հասկանալի չէ՝ որոնք են Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան դեպքերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգերը կամ համապատասխան ժամկետները, ինչպես նաեւ հնարավոր չէ հստակեցնել, թե ինչ դրույթներով են կարգավորվելու մատնանշված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք մեջբերված իրավակարգավորումներում ապահովել հղումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջին: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 6-րդ հոդվածով եւ 7-րդ հոդվածով համապատասխանաբար Օրենքի 10-րդ եւ 10.1-ին հոդվածներում կատարվում են Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածների հետ նույնաբովանդակ լրացումներ: Հետեւաբար Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներով սահմանված փոփոխությունը եւ լրացումը կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքում սահմանված իրավադրույթները: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կիրառվում է «նորմատիվատեխնիկական փաստաթղթեր» հասկացությունը, մինչդեռ Օրենքում կիրառվում է «նորմանտիվ-տեխնիկական փաստաթղթեր» ձեւակերպումը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կանոնից՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ կետում, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 44-րդ կետում կիրառված «նորմատիվատեխնիկական փաստաթղթեր» ձեւակերպումներին: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված է՝ « 7) սահմանում է հողամասերի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխության կարգերը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում.»: Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքը միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ, արտահայտելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք «նպատակային (գործառնական) նշանակութուն» ձեւակերպումը վերանայել, մասնավորապես՝ «գործառնական» բառը չներառել փակագծերում եւ կիրառել Օրենքում արդեն իսկ կիրառված տարբերակը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին եւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 41-րդ կետին: 5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանված է՝ «14) հաստատում է պետական մասնակցությամբ իրականացվող քաղաքաշինական կառուցապատման եւ քաղաքաշինական ժառանգության պահպանման, վերաօգտագործման ու արդիականացաման ծրագրեր: Ծրագրում սահմանվում են ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի եւ ծրագրի իրականացնողի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառում են այդ թվում Կառավարության կողմից հաստատված ծրագրի հիմնական պայմաններ եւ դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետեւանքները.»: Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածում սահմանված է քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավությունը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի երկրորդ նախադասությունում սահմանվում է ծրագրում նշված լիազոր մարմնի եւ ծրագիր իրականացնողի միջեւ համապատասխան պայմանագրի կնքման եւ դրանում ներառվող տեղեկություններին վերաբերող իրավադրույթ: Հարկ ենք համարում նշել, որ լիազոր մարմնի եւ ծրագիր իրականացնողի միջեւ պայմանագրի կնքման եւ պայմանագրում ներառվող տեղեկություններին վերաբերող իրավակարգավորումը, կարծում ենք՝ չի վերաբերում Կառավարության իրավասություններին: Հիմք ընդունելով վերոգրյալ դիտարկման տրամաբանությունն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը: 6. Նախագծի 2-րդ հոդվածում «10.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «10.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրության ձեւն պահպանելու նպատակով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի «10.1» թվին: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 10.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համաձայն՝ «1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 10.1-ին հոդվածը վերնագրված է հետեւյալ կերպ՝ «Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Օրենքում միեւնույն միտքն միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ, արտահայտելու անհրաժեշտությունից ելնելով` առաջարկում ենք Օրենքի 10.1-ին հոդվածի վերնագրում եւս կատարել համապատասխան փոփոխություն, մասնավորապես՝ «Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը» ձեւակերպումն փոխարինել «Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» ձեւակերպմամբ: 8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է լրանել նոր՝ 27-47 կետեր: Հարկ է նկատել, որ Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասը պարունակում է 27-րդ կետ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում նախատեսված լրացվող կետերի համարակալման ճիշտ հաջորդականությունը: 9. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 27-րդ կետում սահմանված է՝ «27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին եւ ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.»: Օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման վերաբերյալ իրավադրույթ, որի համաձայն՝ «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 21-րդ հոդվածում սահմանված է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման իրականացման կարգը: Քննարկվող դրույթը չի պարունակում մասնագիտական գործունեության տեսակներ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 21-րդ կետում Օրենքի 21-րդ հոդվածին կատարված հղումն հստակեցնել: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 28-րդ կետին: 10. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասում նախատեսվում է «10-րդ հոդվածի «դ» կետին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին» բառերով: Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ նշել հետեւյալը. Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված է՝ «Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են պետական բյուջեի միջոցների հաշվին եւ հաստատվում են սույն օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»: Նույն հոդվածի 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերի համաձայն՝ «Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման, այսուհետ` տարածական պլանավորման) փաստաթղթեր են՝ ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման եւ տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը (ազգային մակարդակ). բ) Հայաստանի Հանրապետության մարզերի (տարածքային/ռեգիոնալ մակարդակ), ինչպես նաեւ մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող (միկրոռեգիոնալ մակարդակ) տարածքային հատակագծման նախագծերը. ( )»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված Կառավարության իրավասությունը վերաբերում է միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերի հաստատմանը, առաջնահերթությունների սահմանմանը: Հիմք ընդունելով վերոգրյալն, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասում նախատեսված հղումը վերանայել: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության եւ իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 24.01.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 24.01.2023թ.
Ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով: Այդ նպատակով առաջարկվում է հստակեցնել եւ ամբողջականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը: Նախագծով նախատեսվում է նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման եւ առանձնացման գոտիների, դրանց կարգավորման եւ գործունեության, հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման եւ նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 16.01.2023թ.
1. Նախագծով առաջարկվում է «Քաղաքաշինության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարել: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով: Նախագծով առաջարկվում է՝
2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 20.01.2023թ.
|