ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-484-03.01.2023-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-484-03.01.2023-ՏԵ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
24.01.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Օրենք» բառին այլեւս հղում չի կատարվում: 3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «ապրանքային նշանի հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու եւ դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (...)»: Նշված փոփոխության արդյունքում ստացվում է ապրանքային նշանի հայտ ներկայացելու համար գործող կարգավորմամբ նախատեսված պետական տուրքը փոխարինվում է ապրանքային նշանի հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու եւ դրա արդյունքներով որոշում կայացնելու համար պետական տուրքով: «Ապրանքային նշանների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված է՝ «Հայտին կցվում է 1) հայտ ներկայացնելու (...) համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը»: «Ապրանքային նշանների մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ « Հայտի ներկայացման թվականը սահմանվում է այն թվականով, որով պետական լիազոր մարմին ներկայացվել են՝ 6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը »: «Ապրանքային նշանների մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը՝ 1) գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, եւ տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում. 2) կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի փաստաթղթերի եւ դրանց ներկայացման պայմանների համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին? Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ ապրանքային նշանների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հարաբերությունները կարգավորող «Ապրանքային նշանների մասին» օրենքով ապրանքային նշանի գրանցման նպատակով առաջնային գործողությունը պետական լիազոր մարմնին հայտ ներակայցնելն է եւ հենց հայտ ներկայացնելու համար պետական տուրք վճարելը, որին հաջորդում է հայտի գրանցումը, հայտի նախնական փորձաքննության անցկացումը եւ դրա արդյունքներով որոշում կայացնելը: Մինչդեռ Նախագծով հայտ ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը հանվում է Օրենքից՝ առանց որեւէ փոփոխություն կատարելու «Ապրանքային նշանների մասին» օրենքում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ապրանքային նշանների մասին» օրենքով շարունակվում է պետական տուրք նախատեսվել հայտ ներկայացնելու համար, ինչը Նախագծով նախատեսվում է հանել Օրենքից՝ առաջարկում ենք «Ապրանքային նշանների մասին» օրենքում եւս կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ՝ երկու օրենքների միջեւ հակասությունը վերացնելու նպատակով: Նշենք նաեւ, որ «Ապրանքային նշանների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենքի համաձայն` իրավունքների ձեռքբերման եւ պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր? Պետական տուրքերի տեսակները, չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը եւ կարգը սահմանվում են օրենքով?» Այսինքն՝ պետական տուրք Օրենքով կարող է սահմանվել «Ապրանքային նշանների մասին» օրենքում հստակ նախատեսված գործողություններ կատարելու համար եւ դեպքերում: 4. «Ապրանքային նշանների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի բովանդակությունից բխում է, որ ապրանքային նշանի հայտին կցվում է «հայտ ներկայացնելու եւ փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը»: Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» եւ «բ» կետերով համապատասխանաբար պետական տուրք է նախատեսված ապրանքային նշանի հայտ ներկայացնելու եւ ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար: Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով փոփոխություն է կատարվում Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետերում՝ պետական տուրք նախատեսելով ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար: Նախ նշենք, որ «Ապրանքային նշանների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում հայտ ներկայացնելու եւ փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որպես հայտին կցվող պարտադիր փաստաթղթեր հանելու անհրաժեշտության վերաբերյալ վերլուծությունը սահմանված է սույն եզրակացության 3-րդ կետում: Բացի այդ, ըստ էության փորձաքննությանը վերաբերող «Ապրանքային նշանների մասին» օրենքի 45-րդ հոդվածում որեւէ կարգավորում սահմանված չէ նշված գործողության համար պետական տուրք վճարելու, վճարման ժամկետի վերաբերյալ. այսպես՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքի 43-րդ հովածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին: Նշված որոշման մասին պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է՝ հայտնելով նաեւ հայտի համարի եւ դրա ներկայացման թվականի մասին»: Այսպես՝ ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը՝ գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, եւ տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար, կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն: Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին (...), ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին: Նշված որոշման հիման վրա այդ որոշման կայացման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որից հետո եռամսյա ժամկետում իրականացնում է ըստ էության փորձաքննություն: Նշված գործողությունների ընթացքում հասկանալի չէ, թե որ գործընթացը կատարելուց հետո, որ փուլում եւ ինչ ժամկետում անձը պետք է վճարի ըստ էության փորձաքննության համար սահմանված պետական տուրքը: Նշված հարցերը կարգավորված չեն նաեւ «Պետակա տուրքի մասին» օրենքի 33-րդ հոդվածով: Իրավական շփոթից խոսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագիծը ձեւակերպել՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքով սահմանված կարգավորումների հետ համադրելով: 5. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում պետական տուրք է նախատեսվում ապրանքային նշանի ոչ միայն գրացման (գործող կարգավորմամբ պետական տուրք է նախատեսված միայն ապրանքային նշանի գրանցման համար), այլեւ վկայագրի համար, մինչդեռ «Ապրանքային նշանների մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով պետական տուրք է սահմանված միայն ապրանքային նշանի գրանցման համար: 6. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ, 9-րդ եւ մի շարք այլ կետերում կիրառված «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտում լրացում կատարվում է լրացնելու միջոցով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից: 7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «իզ» ենթակետում փակագծերի մեջ նշված (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) բառերը լրացնել «հայտ» բառից առաջ՝ հիմք ընդոնելով այն հանգամանքը, որ Նախագծի հաջորդիվ կարգավորումներում կիրառված «Միության ապրանքային նշան» եզրույթն իր մեջ կլանելու է նաեւ Միության ապրանքային նշանի հայտը, որը չի կարող նույնացվել Միության ապրանքային նշանի հետ: Սույն դիտարկման հիմքում ընկած է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ նաեւ՝ Պայմանագիր) 2-րդ հոդվածով սահմանված հասկացությունների սահմանումները: 8. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «իէ» ենթակետում նշված «ապրանքային» բառը հանել՝ հիմք ընդունելով Պայմանագրի 2-րդ եւ 19-րդ հոդվածներում կիրառված հասկացությունները: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «իլ» ենթակետում նշված «ապրանքային» բառին: 9. Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «լդ» ենթակետով պետական տուրք է սահմանվում Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ եւ նկատառումներ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար: Մինչդեռ Պայմանագրի 9-րդ հոդվածի 7-րդ մասով պետության օրենսդրությամբ սահմանված տուրք վճարելու պահանջ նախատեսված է փաստարկներ եւ դիտողություններ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատի իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Պայմանագրով սահմանված հասկացություններ եւ եզրույթներ: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 10-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում լրացվող նոր «ժե» ենթակետում կիրառված «տվյալներում» բառին. մասնավորապես Պայմանագրի 20-րդ հոդվածով տուրք է նախատեսվում Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանի տեղեկություններում փոփոխությունների կատարման համար: 10. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հետո նշված «Անցումային դրույթներ» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: 11. Նախագծով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածում լրացում կատարել եւ պետական տուրք սահմանել նաեւ Միության ապրանքայի նշանի եւ սպասարկման նշանի, ինչպես նաեւ Միության ապրանքի ծագման տեղանվան հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար: Այդ կապակցությամբ նշենք հետեւյալը՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ պետական տուրք կարող է սահմանվել Օրենքով հստակ սահմանված գործողությունների եւ ծառայությունների համար: Օրենքի 7-րդ հոդվածով հստակ եւ սահմանափակ շարադրված են այն ծառայությունների եւ գործողությունների շրջանակը, որոնց համար նախատեսվում է պետական տուրքի վճարում: Համապատասխան հոդվածի «թ» կետով, որպես պետական տուրքի գանձման օբյեկտներ, սահմանված են գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար: Նշված դրույթում Միության ապրանքայի նշանի եւ սպասարկման նշանի, ինչպես նաեւ Միության ապրանքի ծագման տեղանվան վերաբերյալ որեւէ կարգավորում սահմանված չէ: Հիմք ընդունելով Օրենքի կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված լրացումները դիտարկել նաեւ Օրենքի 28-րդ հոդվածի եւ 33-րդ հոդվածի համատեքստում. Առաջարկում ենք նաեւ Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրում Միության ապրանքայի նշանի եւ սպասարկման նշանի, ինչպես նաեւ Միության ապրանքի ծագման տեղանվան հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի վերաբերյալ եւս լրացում կատարել՝ ապահովելով հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի օպահանջից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր սահմանված չեն: Միաժամանակ, ներկայացված դիտարկումների հիման վրա, առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել «Ապրանքային նշանների մասին» օրենքի, Պայմանագրի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 23.01.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի ընդունմամբ կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ապրանքային նշանների մասին» օրենքում (հիմնավորումները սահմանված են սույն եզրակացության 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով): Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 23.01.2023թ.
Ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի՝ անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ դրանց ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ դրանց կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տուրքերի դրույքաչափերից: Նախագծով սահմանվել են տուրքերի նոր դրույքաչափեր՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան, ինչպես նաեւ հստակեցվել են գանձվող պետական տուրքերի անվանումները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 16.01.2023թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Համաձայն «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի, Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից եւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել տուրքերի նոր դրույքաչափեր՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան, ինչպես նաեւ հստակեցնել գանձվող պետական տուրքերի անվանումները, փոփոխություններ կատարել տուրքերի դրույքաչափերում: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Պետական տուրքի մասին» օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով եւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 16.01.2023թ.
|