ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-488-11.01.2023-ՊԻ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4881 -11.01.2023-ՊԻ-011/0) եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4882 -11.01.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-488-11.01.2023-ՊԻ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4881 -11.01.2023-ՊԻ-011/0) եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-4882 -11.01.2023-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

01.02.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել հերթական համարը՝ համապատասխանեցնելով այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն դիտարկումը վերաբերելի է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

3. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

4. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով կատարվում է միայն մեկ լրացում:

5. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացվող 11.1-ին հոդվածի վերնագրում «ընդհանուր պայմաններին» բառերն առաջարկում ենք փոխարինել «պայմանագրի ընդհանուր պայմաններին» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող հոդվածում գործածվում է «պայմանագրի ընդհանուր պայմաններ» ձեւակերպումն իր հոլովաձեւերով, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Միաժամանակ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացվող 11.1-ին հոդվածի 3-րդ մասում «ընդհանուր պայմանները» բառերն առաջարկում ենք փոխարինել «պայմանագրի ընդհանուր պայմանները» բառերով՝ հաշվի առնելով եզրակացության սույն կետում ներկայացված դիտարկման տրամաբանությունը, ինչպես նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող նոր հոդվածի 1-ին մասում սահմանված կրճատ տարբերակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

31.01.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

31.01.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները:

1. Հստակեցնել պայմանագրերի գրավոր ձեւով կնքման եղանակները՝ առանձին նշելով նաեւ դրանց էլեկտրոնային եղանակով կնքվելու հնարավորությունը, որը կներառի ինչպես էլեկտրոնային կապի միջոցներով տվյալների փոխանակումը, այնպես էլ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայք, էլեկտրոնային հավելված կամ համանման այլ միջոցներ) էլեկտրոնային տվյալների փոխանակումը :

2. Նախատեսել օրինակելի (ընդհանուր) պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր: 

3. Առաջարկվում է հստակեցնել նաեւ էլեկտրոնային եղանակով պայմանագրեր կնքելիս օֆերտայի եւ ակցեպտի ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետեւանքներ:

4. Առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ:

5. Առավել հստակեցվում է միանալու պայմանագրերի շրջանակը՝ նախատեսելով, որ, ինքնին, պայմանագրի որեւէ պայմանի որոշումը չի կարող հանգեցնել դրա՝ որպես միանալու պայմանագիր դիտարկելու էության բացառմանը, եթե այդպիսի պայմանը չի փոխում պայմանագրի էությունը եւ պայմանագիրը սահմանվել է ստանդարտ ձեւերով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.01.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- Հստակեցնել պայմանագրերի գրավոր ձեւով կնքման եղանակները՝ առանձին նշելով դրանց էլեկտրոնային եղանակով կնքվելը, որը կներառի ինչպես էլեկտրոնային կապի միջոցներով տվյալների փոխանակումը, այնպես էլ էլեկտրոնային հարթակով  (ինտերնետային կայք, էլեկտրոնային հավելված կամ համանման այլ միջոցներ) էլեկտրոնային տվյալների փոխանակումը: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման դեպքում պետք է ապահովվեն փոխանակվող տվյալների իսկությունը, պայմանագիրը կնքող անձանց նույնականացումը, ինչպես նաեւ պայմանագիրը պահպանելու եւ անփոփոխ վերարտադրելու հնարավորությունը, որոնք երաշխիք են նման եղանակով պայմանագրերի վավերականության համար.

- Նախատեսել օրինակելի (ընդհանուր) պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր: /Միաժամանակ հստակեցվում են ընդհանուր պայմանները միակողմանի փոփոխելու հետ կապված նորմերը՝ նշելով, որ նման հնարավորությունը կգործի, եթե նախատեսված լինի կողմերի միջեւ կնքված բուն պայմանագրում./

- Հստակեցնել նաեւ էլեկտրոնային եղանակով պայմանագրեր կնքելիս օֆերտայի եւ ակցեպտի ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետեւանքներ.

- Նախատեսել սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում անարդար պայմանները ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ.

- Հստակեցնել միանալու պայմանագրերի շրջանակը՝ նախատեսելով, որ ինքնին, պայմանագրի որեւէ պայմանի որոշումը չի կարող հանգեցնել դրա՝ որպես միանալու պայմանագիր դիտարկելու էության բացառմանը, եթե այդպիսի պայմանը չի փոխում պայմանագրի էությունը եւ պայմանագիրը սահմանվել է ստանդարտ ձեւով:

 Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

 Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի եւ պայմանների, վավերականության եւ իրավաչափության վերաբերյալ, նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում անարդար պայմաններ ներառելու անթույլատրելիության դրույթներ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 16-18/

25.01.2023թ.