ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-489-12.01.2023-ՄԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-489-12.01.2023-ՄԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

02.02.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «նախադասությամբ» բառը փոխարինել «նախադասություններով» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով նախատեսվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենքի) 7-րդ հոդվածի 11-րդ մասում լրացնել մեկից ավելի նախադասություններ:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է նոր նախադասություն լրացնել Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված մասն ունի մի քանի նախադասություններ՝ առաջարկում ենք հստակ նշել, թե կոնկրետ որտեղ է լրացվում նոր նախադասությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

3. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով կատարվող լրացումներով նախատեսվում է սահմանել ոստիկանության համար նոր իրավասություն, այն է՝ իրականացնել էլեկտրոնային հսկողություն անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասում լրացվող նոր նախադասությամբ սահմանված է, որ  էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման կարգը սահմանում է  Կառավարությունը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Օրենքի 15-րդ հոդվածին, որով սահմանված են ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում: Այսպես՝ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ ոստիկանությունը  «կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաեւ հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ոստիկանության պետի սահմանած կարգին համապատասխան»: Նշվածից բխում է, որ անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է հսկողություն ոստիկանության պետի սահմանած կարգով, մինչդեռ Նախագծով կատարվող լրացումների արդյունքում սահմանվում է, որ վերոնշյալ որոշումների կատարման նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումն իրականացվում է Կառավարության կողմից սահմանված կարգով: Այսպես՝ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն իր մեջ չի ընդգրկում Նախագծով սահմանվող ոստիկանության նոր իրավասությունները, հետեւաբար՝ առաջարկում ենք Օրենքի 15-րդ հոդվածում համապատասխան լրացում կատարել Նախագծով սահմանվող ոստիկանության նոր իրավասությունների վերաբերյալ:

4. Նախագծի 4-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված բառերը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

5. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում «2-ին» ձեւակերպումը փոխարինել «2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:

6. Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու Նախագծի 4-րդ հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:

Միաժամանակ հարկ է անդրադառնալ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասում լրացվող նոր նախադասությանը, համաձայն որի՝ «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի  միջամտության  որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է նաեւ էլեկտրոնային հսկողություն: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման կարգը սահմանում է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Իսկ Սահմանադրության «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածով սահմանված է. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարծում ենք, որ էլեկտրոնային հսկողության վերաբերյալ նվազագույն կարգավորումները պետք է սահմանվեն Օրենքով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.01.2023թ. 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.01.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ եւ 8-րդ հոդվածի 9-րդ մասերում սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը Անհետաձգելի միջամտության որոշումը եւ Պաշտպանության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողությունն իրականացնել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներով:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.01.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ, եւ 8-րդ հոդվածի 9-րդ մասերում կարգավորումների սահմանմամբ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ «անհետաձգելի միջամտության» եւ «պաշտպանության» որոշումների հսկողությունն իրականացնել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներով:

 Համաձայն գործող իրավակարգավորման 7-րդ հոդվածի 1-ին մասի` «Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաեւ այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:» Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի`   «Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից եւ արգելել այդտեղ նրա վերադարձը մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.

2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող` ընտանիքում բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.

3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.

4) մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության ծառայողին.

5) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց հետ:»:

Ըստ Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի`  «Անհետաձգելի միջամտության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը», իսկ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով`  «Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի եւ նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու եւ ընտանիքում բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:»: 

Վերը թվարկված խնդիրների իրականացման համար, ոստիկանության կողմից հսկողությունն առավել արդյունավետ իրագործման նպատակով հեղինակն առաջարկում է Օրենքով սահմանել «էլեկտրոնային հսկողություն» հասկացությունը (ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ): Ուսումնասիրվել է տվյալ բնագավառում Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի փորձը, որտեղ գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան, ըստ որի բռնություն գործադրած անձի նկատմամբ նմանիպ սարքերի կիրառումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ եւ օպերատիվ հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու  նպատակով: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Կարծում ենք, Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը թույլ կտա  հստակեցնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի հարաբերությունները, բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման եւ բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով եւ անվտանգ կեցության պայմաններ ապահովելու տեսանկյունից:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

19.01.2023թ.