ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-491-17.01.2023-ՊԻ-011/0) եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4911 -17.01.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-491-17.01.2023-ՊԻ-011/0) եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-4911 -17.01.2023-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

02.02.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում այլեւս հղում չի կատարվում: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «39.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «39.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրության ձեւը պահպանելու նպատակով:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.1-ին եւ 38-րդ հոդվածների վերնագրերի տեսքն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների վերնագրերի տեսքին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածով «Դատախազության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող նոր 33.1-ին եւ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 37-րդ հոդվածներին: 

3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.1-ին հոդվածում կիրառվում է «խմբի ղեկավար դատախազ» ձեւակերպումը, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.2-րդ հոդվածում՝ «դատախազների խմբի ղեկավար» ձեւակերպումը: Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 6.1-ին մասում կիրառվում է «ՀՀ գլխավոր դատախազ» ձեւակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ գլխավոր դատախազ)»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը՝ միաժամանակ բացառելով հապավումների կիրառությունը: Սույն առաջարկը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներով, մասնավորապես՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», ինչպես նաեւ 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կանոնով «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 19-րդ հոդվածում կիրառված «ՀՀ գլխավոր դատախազ» ձեւակերպմանը:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 29-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազը իրավունք ունի`»:

Վերոնշյալ իրավակարգավորմամբ հղում է կատարվում Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին: Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետեւյալ բացառիկ դեպքերում, երբ՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:»: 

Այսպես՝ Օրենքի 29-րդ հոդվածում սահմանված են դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերը եւ որեւէ կարգ նախատեսված չէ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 29-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 1-ին պարբերություն «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին» կատարված հղումը հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետի համաձայն՝ «7) Հայաստանի Հանրապետության դատախազության այլ ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ.

Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված են՝ անմիջական վերադաս դատախազի որոշմամբ ստորադաս դատախազից քրեական վարույթը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու դեպքերը: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետում սահմանված դեպքը, կարծում ենք՝ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես քննարկվող դրույթում նշում չի կատարվում տեղափոխվող սուբյեկտի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք իրավական որոշակիության ապահովման նպատակով Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետում նշել նաեւ տեղափոխվող սուբյեկտի մասին:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» ձեւակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության դատախազություն» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ դատախազություն)»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը՝ հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով: Սույն առաջարկը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներով:

8. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի 39-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի` ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա` գլխավոր դատախազի հրամանով:»:

Հարկ ենք համարում մեջբերել Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետը, որի համաձայն՝ «2.1) սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.»:

Այսպես՝ Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկին վերաբերող որեւէ կարգավորում չի նախատեսվում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետում:

9. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի 39-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում կիրառվող «դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում» բառերն առաջարկում ենք փոխարինել «դատախազների ծառայողական առաջխաղացման որեւէ ցուցակում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

10. Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի համաձայն՝ «6. Սույն մասում նշված եզրույթների մեկնաբանման եւ կիրառման համար, mutatis mutandis, վերաբերելի են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ հղում է կատարվում Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում նշված եզրույթներին, սակայն կարծում ենք՝ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում եզրույթների մեկնաբանման կանոնը նախատեսվում է ոչ թե Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում նշված եզրույթների, այլ Օրենքի 49-րդ հոդվածում կիրառվող եզրույթների մեկնաբանման նպատակով: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում կատարված հղումը:

Բացի այդ, Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում կիրառվում է «mutatis mutandis» լատիներեն արտահայտությունը:  Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «2. Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաեւ թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաեւ լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «mutatis mutandis» լատիներեն արտահայտությունը գրել հայերեն տառադարձությամբ:

11. Նախագծի բոլոր հոդվածները բաժանված են կետերի, բացառությամբ Նախագծի 12-րդ եւ 14-րդ հոդվածների, որոնք բաժանված են մասերի: Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում հոդվածների մասերի կամ կետերի բաժանման վերաբերյալ դրեւորել միատեսակ մոտեցում:

12. Նախագծի 23-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

13. Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի անհետաձգելի համարվելու հանգամանքը, ծավալը, փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.01.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.01.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ գործող կարգավորումների պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ, սահմանել հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ դադարման կարգը՝ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ պայմաններ, հստակեցնել «պետական շահ» եւ «համայնքային շահ» հասկացությունները, առաջարկվում է նաեւ կարգավորել դատախազների խմբի ստեղծման, դատախազական խմբի ղեկավարի դատավարական լիազորությունների հստակեցման հետ կապված իրավահարաբերությունները, օրենսդրորեն սահմանել այն հանգամանքը, որ դատախազական խմբի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս խմբի ղեկավարը հանդիսանում է վերադաս՝ դատախազական խմբի մեջ մտնող այլ դատախազների նկատմամբ, ինչպես նաեւ հստակեցնել դատախազական խմբի ղեկավարի դատավարական լիազորությունները եւ կատարել խմբագրական բնույթի մի քանի փոփոխություններ:

Բացի այդ, նախատեսվում  է հստակեցնել նաեւ Քրեական դատավարության  օրենսգրքի եւ «Դատախազության մասին» օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջներին եւ դատախազության պաշտոնների դասակարգմանը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.01.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ներկայումս օրենսդրությամբ նախատեսված չեն դատախազական խումբ ստեղծելու հիմքերը, խմբի ղեկավար եւ անդամ դատախազների փոխհարաբերություններն ու լիազորությունները: Նշված օրենսդրական կարգավորումների բացակայությունը գործնականում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների. օրինակ՝ մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով խմբի ղեկավարը գտնի, որ մեղադրական եզրակացությունը ենթակա է հաստատման, իսկ խմբի անդամ դատախազը (դատախազները) գտնեն, որ ենթակա չէ հաստատման եւ այլն:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել դատախազների խմբի ստեղծման, դատախազական խմբի ղեկավարի դատավարական լիազորությունների հստակեցման հետ կապված իրավահարաբերությունները, օրենսդրորեն սահմանել այն հանգամանքը, որ դատախազական խմբի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս խմբի ղեկավարը հանդիսանում է վերադաս՝ դատախազական խմբի մեջ մտնող այլ դատախազների նկատմամբ, ինչպես նաեւ հստակեցնել դատախազական խմբի ղեկավարի դատավարական լիազորությունները, ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ գործող կարգավորումների պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ, ինչպես նաեւ սահմանել հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ դադարման կարգը՝ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ պայմաններ:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

20.01.2023թ.