ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-492-17.01.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-492-17.01.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

31.01.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.2-րդ կետում չակերտին անմիջապես նախորդող վերջակետն առաջարկում ենք փոխարինել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 15.1-ին կետում չակերտին անմիջապես նախորդող վերջակետին:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 15.1-ին կետով սահմանվում է. «արտադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր»:

2.1. Վերը մեջբերվածից, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածից բխում է, որ արտադպրոցական կրթադաստիարակչական  ծրագրեր իրականացնելու իրավասություն ունեն միայն արտադպրոցական ուսումնական հաստատությունները: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետին, որով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.4-րդ կետում կատարվող լրացման արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)՝ կրթության լրացուցիչ ուսուցման կամ արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության եւ (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման եւ ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի»: Սրանից բխում է, որ արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիրը կարող է իրականացվել ինչպես արտադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության կամ ծառայության միջոցով: Մինչդեռ Նախագծում սահմանված չէ որեւէ կարգավորում արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերը ծառայությունների միջոցով կամ արտադպրոցական կրթություն եւ դաստիարակություն իրականացնելու իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների միջոցով իրականցնելու վերաբերյալ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.4-րդ կետում կատարվող լրացման համապատասխանությունը Նախագծով սահմանվող մյուս կարգավորումներին: 

2.2. Միաժամանակ նշենք, որ քննարկվող նորմով նշվում է, որ արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիրն իրականացվում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատության կողմից: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 3-րդ հավելվածով սահմանված ցանկին, որով նշված են գործունեության տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Վերոնշյալ ցանկի 10-րդ կետում նշված է «Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում» գործունեության տեսակը: Այսպես՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված է արտադպրոցական դաստիարակության կոնկրետ տեսակ ֆիզիկական անձի կողմից իրականացնելու հնարավորություն, մինչդեռ Նախագծով սահմանված կարգավորումների համաձայն, արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է միայն իրավաբանական անձանց կողմից: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եւ Նախագծով սահմանվող կարգավորումները համապատասխանեցնել միմյանց: 

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ Նախագծով սահմանված չէ, որեւէ կարգավորում կամ անցումային դրույթ այն ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր արդեն իսկ իրականացնում են արտադպրոցական կրթության կամ դաստիարակության գործունեություն:

2.3. Քննարկվող նորմի կապակցված միտքն ապահովելու համար առաջարկում ենք հանել նշված դրույթում ստորակետին նախորդող «է» օժանդակ բայը: Միաժամանակ առաջարկում ենք «15.1.)» համարակալումը փոխարինել «15.1)» համարակալմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծով Օրենքում լրացվող այն բոլոր կետերին, որոնց համարակալման մեջ փակագծին նախորդում է միջակետ:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5.1-ին կետում կիրառվում է «արտադպրոցական կրթության եւ դաստիարակության» արտահայտությունը: Այս առումով հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է. «կրթություն` անձի, հասարակության եւ պետության շահերից ելնող ուսուցման եւ դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար»: Վերոգրյալից բխում է, որ Օրենքի իմաստով «կրթություն» եզրույթն իր մեջ արդեն իսկ ներառում է «դաստիարակություն» եզրույթը: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5.1-ին կետում նշված արտահայտության մեջ «կրթություն» եւ «դաստիարակություն» եզրույթները միմյանցից «եւ» շաղկապով անջատելու արդյունքում ստացվում է, թե նշված երկու եզրույթներն իրարից առանձին եւ իրար համարժեք եզրույթներ են: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5.1-ին կետում առկա «արտադպրոցական կրթության եւ դաստիարակության» արտահայտությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածին:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 36-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 5.1-ին կետ, որով սահմանվում է Կառավարության նոր իրավասություն, այն է. «հաստատում է պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները»: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետով արդեն իսկ սահմանված է, որ Կառավարությունը հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները: Հիմք ընդունելով այն փաստը, որ պետական արտադպրոցական ուսումնական հաստատություններն ընդգրկված են «պետական ուսումնական հաստատություն» եզրույթի մեջ, կարծում ենք, ավելորդ է Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 36-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.1-ին կետի սահմանումը:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 36-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.4-րդ կետով սահմանվում է, որ Կառավարությունը. «սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը»: Նշենք, որ Նախագծով սահմանվող կարգավորումներից չի բխում, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները լինում են միայն պետական, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչ հիմքով է Կառավարությունը լիազորվում սահմանել ոչ միայն պետական, այլեւ մասնավոր արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը: Բացի այդ՝ Օրենքով նշված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի ու դրանց նկարագրի վերաբերյալ որեւէ կարգավորում սահմանված չէ:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել մասնավոր արտադպրոցական ուսումնական հաստատությունների, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի ու դրանց նկարագրի վերաբերյալ նվազագույն կարգավորումներ: 

6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին կետով սահմանված է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է արտադպրոցական կրթադաստիարակչական եւ ուսումնամարզական ծրագրերն՝ ըստ ուղղությունների: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ նշված դրույթում «արտադպրոցական կրթադաստիարակչական եւ ուսումնամարզական ծրագիր  արտահայտության կիրառությունը: Այսպես՝ Նախագծով Օրենքում լրացվում են «արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր» եզրույթի վերաբերյալ կարգավորումներ, մինչդեռ ուսումնամարզական ծրագրի վերաբերյալ որեւէ կարգավորում առկա չէ ոչ միայն Նախագծում, այլեւ Օրենքում: Բացի այդ՝ ուսումնամարզական ծրագրերին վերաբերող կարգավորումները սահմանված են «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: 

Հատակեցման կարիք ունի նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 36-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.5-րդ կետը, որով սահմանվում է, որ Կառավարությունը. «սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը»: Առաջարկում ենք հստակեցնել կամ հիմնավորում նախատեսել, թե ցանկացած տեսակի արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունն ինչ է իրենից ներկայացնում:

7. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

8. Նախագծի 6-րդ հոդվածում նշված «ենթաօրենսդրական» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

9. Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու Նախագծի 6-րդ հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:

Ժամանակի սղության գործոնով պայմանավորված՝ նշենք, որ բացակայել է Նախագիծն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

31.01.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծով «արտադպրոցական ուսումնական հաստատություն» եզրույթի կիրառությունը, ինչպես նաեւ «արտադպրոցական դաստիարակաություն» եզրույթը «արտադպրոցական կրթություն եւ դաստիարակություն» եզրույթով փոխարինելը, կարծում ենք, հանգեցնում են մի շարք օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը: Մասնավորապես՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում եւ 14-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17.7-րդ հոդվածի 1-ին մասում, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում եւ այլ օրենքներում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

31.01.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքով տալ «արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր» եւ «արտադպրոցական ուսումնական հաստատություն» հասկացությունների սահմանումները, ինչպես նաեւ սահմանել արտադպրոցական կրթության եւ դաստիարակության գործընթացի հետ կապված հարաբերությունների իրավակարգավորումները, այդ թվում՝ արտադպրոցական կրթության եւ դաստիարակության նպատակը, մեխանիզմները, մանկավարժական համապատասխան կադրերին ներկայացվող պահանջները, մանկավարժների՝ գիտելիքների իմացության աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճար կամ լրավճար ստանալու իրավունքը, ինչպես նաեւ այս բնագավառում ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

19.01.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Նախագծի ընդունումը կապված է ռազմավարական փաստաթղթերի հետ, մասնավորապես՝ Հայաստանի մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավորության (1-ին մեգանպատակ՝ «Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ») եւ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ  հաստատված Կառավարության ծրագրի:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ առ այսօր որեւէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու նկարագիրը: Մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր մասնագետների մուտքը համակարգ, ինչը բացասական ազդեցություն է ունենում արտադպրոցական կրթության եւ դաստիարակության ոլորտի վրա: Գործող ֆինանսավորման բանաձեւը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել նույն սկզբունքով եւ այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցության բարելավումը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը:

Նախագծով առաջարկվում է՝

  •      կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ արտադպրոցական կրթության եւ դաստիարակության ոլորտում, 
  •      արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի ու նկարագրի սահմանում՝ Կառավարության կողմից,
  •      ուսումնական գործընթացի եւ օրենսդրության կատարելագործում՝ կարգերի, ուսումնական պլանների, ծրագրերի մշակմամբ,
  •      պետության կողմից երաշխավորված ֆինանսավորում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ  եւ  այլն:

2.   Հաշվի առնելով այն, որ Նախագծով նախատեսվում է սահմանել, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինեն արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները՝ հաստատություններում կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձեւավորելու համար, ինչպես նաեւ վերջիններս իրենց նախաձեռնությամբ կարող են մասնակցել կամավոր ատեստավորման եւ դրա արդյունքում ստանալ հավելավճար կամ լրավճար, կարծում ենք, կոնկրետ շրջանակի անձանց սոցիալ-կրթական վիճակի վրա ազդեցության տեսանկյունից Նախագծի ընդունումը կունենա դրական նշանակություն:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, կնպաստի արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների հավելավճարի տեսքով աշխատավարձի բարձրացմանը եւ կրթության որակի բարելավմանը: 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                   Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

25.01.2023թ.