ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-494-18.01.2023-ՏՀ-011/0) եւ  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4941 -18.01.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

07.02.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը,  նույնը վերաբերելի է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին`  հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է` «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «8.1-րդ» գրելաձեւը փոխարինել «8.1-ին» գրելաձեւով` պահպանելով դասական թվականների հիշատակման կանոնը: Նույնը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով փոփոխվող 5-րդ կետում`  «7.1-րդ» գրելաձեւին:

3. Առաջարկում ենք  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի հերթական համարից հետո նշված «-Ն» տառը հանել, քանի որ «Պետական տուրքի մասին» օրենքում վերջինիս նորմատիվ բնույթի մասին նշումը բացակայում  է: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

 02.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծերի փաթեթին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

02.02.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքից հանել գործունեության որոշ տեսակների մասին ծանուցման պահանջը (որի արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլեւս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում եւ վճարել պետական տուրք), մասնավորապես՝ խոսքը գնում է «Անասանաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն», «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն», «Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ (կամ) վաճառք» եւ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածակագրին դասվող մի շարք ալկոհոլային խմիչքների արտադրության տեսակների մասին, 

2. պարտադիր ծանուցման ցանկից հանել նաեւ 100 հազար լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար ծանուցում ներկայացնելու մասին պահանջը եւ համապատասխան պետական տուրքի վճարման անհրաժեշտությունը,

3. թորած ալկոհոլային խմիչքներից եւ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտից առանձնացնել վիսկիների, ռոմի, ջինի, ինչպես նաեւ սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա եւ այլն) եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունները եւ դրանք սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ,

4.  վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա եւ այլն) եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները միավորել եւ դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանել 3.0 մլն. դրամ տարեկան պետական տուրք:

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում զգալիորեն կթեթեւանա նշված արտադրություններով զբաղվելու համար իրավունքի ձեռք բերման ֆինանսական բեռը, կպարզեցվի համապատասխան հարկային վարչարարությունը եւ ֆինանսատնտեսական խթաներ կստեղծվեն նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար՝ խթանելով նաեւ այդ բնագավառներում տնտեսական մրցակցությունը, իսկ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով էական կորուստներ չեն լինի, քանի որ գործունեության ծանուցման մասով վճարվող պետական տուրքի ծավալները շատ փոքր մեծություն են կազմում  (օրինակ՝ 2021 թվականին դրանք կազմել են վճարված պետական տուրքերի ընդհանուր ծավալի ընդամենը 0.2 տոկոսը): 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

23.01.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում (այսուհետ՝ Օրենք), որի անհրաժեշտությունը պայմանավորված է վարչարարության կրճատմամբ,  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարողներին աջակցելու, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու, գործարար եւ ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնելու, ծանուցման ենթակա որոշակի արտադրատեսակների արտադրության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ավելի մատչելի դրույքաչափեր սահմանելու առումով: 

Ծանուցման ենթակա գործունեության տեսակներում եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերություններում, հեղինակի կողմից արձանագրվել են որոշ խնդիրներ: Մասնավորապես, ծանուցման ենթակա գործունեության թույլտվություն ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համաձայն Օրենքի, ծանուցում է ներկայացնում, ինչը հսկողության հստակ մեխանիզմներ չի պարունակում: Մինչդեռ, գործունեության թույլտվություն տրամադրելիս լիազոր մարմինն, ըստ էության, կատարում է հաշվառման գործառույթ եւ զուտ փաստաթղթային ուսումնասիրություն: 

Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել հետեւյալ գործունեության տեսակները՝

- գյուղատնտեսության բնագավառ՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք, 

- գործունեության այլ բնագավառներ՝  լիկյորների եւ մինչեւ 9% սպիրտ պարունակող սպիրտային խմիչքների արտադրություն, գինու, խնձորի եւ պտղահատապտուղային այլ գինիների եւ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն, գարեջրի արտադրություն:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, կարծում ենք, կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը, ինչն, անկասկած, սոցիալական առումով դրական ազդակներ կգեներացնի տվյալ ոլորտում (կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանա ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները):

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

30.01.2023թ.