ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-499-23.01.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4991 -23.01.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-499-23.01.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4991 -23.01.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
14.02.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում (այսուհետ նաեւ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս, լրացվող կամ փոփոխության ենթարկվող ձեւակերպումներում կետադրական նշանների առկայության դեպքում, առաջարկում ենք նշում կատարել նաեւ դրանց վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով եւ 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով՝ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 2.1-ին մաս, որում կիրառվում է «Սույն Օրենքի» ձեւակերպումը, հարկ է նկատել, որ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի տեքստում Օրենքին հղում կատարելիս կիրառվում է «Սույն օրենք» ձեւակերպումը: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում առկա ձեւակերպումը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքի նախագիծ) 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 320-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետի «գ» ենթակետում կիրառվող «Սույն Օրենսգիրք» ձեւակերպմանը՝ հաշվի առնելով Օրենսգրքում կիրառվող ձեւակերումները: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր 2.1-ին մաս, հետեւյալ բովանդակությամբ՝ «(...) փոխկապակցված անձ է հանդիսանում 1) այն իրավաբանական անձը բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ անձ ձեւով հնարավորություն ունեն կանխորոշել կամ տալ կատարման համար պարտադիր ցուցումներ»: Նշված ձեւակերպումից բխում է, որ, որպես արբիտրի հետ փախկապակցված անձ, դիտարկվում են 1) այն իրավաբանական անձը, որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը հնարավորություն ունեն կանխորոշել. 2)այն իրավաբանալկան անձը որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը հնարավորություն ունեն «տալ կատարման համար պարտադիր ցուցումներ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված ձեւակերպումը Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացման համատեքստում կապակցված միտք չի արտահայտում, մասնավորապես՝ հասկանալի չէ «որոշումները տալ կատարման համար պարտադիր ցուցումներ» ձեւակերպումը, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր 2.1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը վերաշարադրել՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով: 4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր 2.2-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ՝ «Արբիտրաժային հաստատությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի իրենց ներքին կանոններով կարող են սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր»: Նախ նշենք, որ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում են արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, այն է՝ առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում արբիտրի անկողմնակալության կամ անկախության վերաբերյա կամ արբիտրը չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Բացի այդ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում են բացարկի հիմքերի հնարավոր դեպքերը: Արդյունքում հասկանալի չէ արբիտրաժային հաստատությունների կողմից իրենց ներքին կանոններով բացարկ հայտնելու լրացուցիչ հիմքեր սահմանելու նպատակահարմարությունը: Օրենքի 1-ին հոդվածով, որպես տվյալ օրենքի հիմնական սկզբունք սահմանված է՝ «առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում.»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծումը, արբիտրի անկողմնակալությունը եւ անկախությունը հանդիսանում են Օրենքի կարեւորագույն սկզբունքներից եւ կոչված են ապահովելու հանրության վստահությունը արբիտրաժային ինստիտուտի նկատմամբ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով հստակեցվում են արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, այդ հիմքերի բովանդակությունը, ինչպես նաեւ ընդգծելով արբիտրաժի անաչառության կարեւորությունը, կարծում ենք, արբիտրին բացարկ հայտնելու հիմքերն անհրաժեշտ է սահմանել օրեսդրական ակտերով, իսկ արբիտրաժային հաստատությունների կողմից բացարկի այլ հիմքեր սահմանելու հնարավորությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 5. Նախագծի 13-րդ հոդվածում առկա վրիպակն առաջարկում ենք ուղղել՝ հանելով երկրորդ «պաշտոնական» բառը: 6. Օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 7. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս, 318-րդ հոդվածում նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասեր լրացնելիս, Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս, 323-րդ հոդվածում նոր՝ 6.1-ին եւ 6.2-րդ մասեր լրացնելիս կիրառվում են «կատարողական թերթ տալու» եւ «կատարողական թերթ տրամադրելու» ձեւակերպումները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի ողջ տեքստում կիրառվում է «կատարողական թերթ տալ» հասկացությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:( ):»: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով՝ Օրենսգրքի համապատասխանաբար՝ 318-րդ եւ 323-րդ հոդվածներում կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում նախատեսվող կարգավորումներում «կատարողական թերթ տալու» եւ «կատարողական թերթ տրամադրելու» ձեւակերպումների կիրառումը: 8. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 320-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք 4-րդ կետի ենթակետերի համարները տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: 9. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառմանը վերաբերող 17-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: ( ): 4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: ( ) 6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը: ( )»: Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս դրա «գ» ենթակետում հղում է կատարվում Օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.3-րդ մասին, մինչդեռ, Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքսգրքի 318-րդ հոդվածում լրացվում են միայն 2.1-ին եւ 2.2-րդ մասեր: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել՝ Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս դրա «գ» ենթակետում կատարվող հղումը: 10.Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Օրենսգրքի 323-րդ հոդվածում նոր՝ 6.1-ին եւ 6.2-րդ մասեր լրացնելիս, Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք կարգավորման տեքստերը երկու կողմից ներառել չակերտներում: 11. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 323-րդ հոդվածում կատարվում են փոփոխություններ եւ լրացումներ, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Հոդված 323. Դիմումի քննությունը 1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու: 2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում: 3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ: ( ) 6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են եւ քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում: 6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով: 6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում: ( ):»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նախատեսվում է, որ եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են եւ քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում: Սույն կարգավորումից կարող ենք բխեցնել, որ դատարանի վարույթում առկա արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության ցանկացած փուլում մեկ վարույթի շրջանակում դիմումները քննելու որոշում կայացնելու պարագայում՝ հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելու նվազագույն ողջամիտ ժամկետի վերաբերյալ կարգավորում չի նախատեսում, քանի որ ըստ՝ Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 323-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.1-ին մասի՝ միացված դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 323-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է, որ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 323-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվող՝ քննարկված կարգավորումները: 12. Օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ»: Նույնական կարգավորում նախատեսված է նաեւ Օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասում, ըստ որի, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու դեպքում եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ: Նշված ձեւակերպման բովանդակությունից բխում է, որ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակի եւ վայրի մասին նշումը իմպերատիվ պահանջ է եւ կոչված է ապահովելու եւ երաշխավորելու տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-630 եւ թիվ ՍԴՈ-1142 որոշումներում անդրադառանալով իրավական որոշակիության սկզբունքին՝ նշել է, որ նշված սկզբունքն անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հարաբերության մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները: Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կարգավորումներ են նախատեսվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի հետ միացնելու վերաբերյալ: Տվյալ պարագայում, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քնության արդյունքով եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ արդեն իսկ նշվել է, իսկ դիմումների միացման դեպքում համապատասխան դիմումների քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը կարող են փոխվել, մինչդեռ դիմումների միացման դեպքում քնության արդյունքում կայացվող նոր եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակի եւ վայրը մասին նշումը հասկանալի չէ թե երբ եւ որտեղ է արտացոլվելու: Իրավահարաբերությունների որոշակիությունը, հստակությունը ապահովելու եւ կամայականության վտանգերը կանխելու եւ բացառելու նպատակով առաջարկում ենք Օրենսգրքում հստակեցնել, թե դիմումների միացման դեպքերի համար՝ գործերի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակի եւ վայրի մասին որ ակտում է նշվելու: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 79-րդ հոդվածի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 14.02.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 14.02.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, մեկ վարույթի շրջանակում քննել արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաեւ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքերում դիմումները, կատարել խմբագրական բնույթի հստակեցումներ եւ որոշ հասկացությունների շտկումներ՝ «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան մասերի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.01.2023թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի եւ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու հանգամանքով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1. սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, 2. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաեւ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել, 3. «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ եւ կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը: Հեղինակն ակնկալում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կբարձրանա նաեւ արբիտրաժի ինստիտուտի, եւ, մասնավորապես, արբիտրների նկատմամբ հասարակության վստահությունը՝ բացառելով դատարանի կողմից արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու եւ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննման ընթացքում կողմերի չարաշահումները եւ սահմանելով դատավարական հնարավորինս սեղմ ժամկետներ: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. 1618 07.02.2023թ.
|