ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-503-24.01.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-503-24.01.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
02.02.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը Նախագծին կից ներկայացված չէ: Միաժամանակ նշենք նաեւ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացության մեջ ամբողջական չեն ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները, մասնավորապես բացակայում է տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը եւ նույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 01.02.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 01.02.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրամադրում է հարյուր միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում` փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման եւ իրականացման համար: Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության, Համաձայնագրում առկա է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթ: Մասնավորապես, Համաձայնագրի Հոդվածը 3-ը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման` պարտադիր ծախսերի մասով, եւ եկամուտների նվազեցման` հարկային եւ մաքսային արտոնությունների մասով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 01.02.2023թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժոողովրդական Հանրապետության կառավարության միջեւ՝ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Ըստ Համաձայնագրի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրամադրում է հարյուր միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում` փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման եւ իրականացման համար: Չինաստանի զարգացման պետական բանկը ՀՀ կառավարության օգտին՝ ՀՀ կենտրոնական բանկի անունով բացում է յուանով անտոկոս եւ անհատույց հաշիվ: Տվյալ հաշվի միջոցներն օգտագործելիս կատարվում է հաշվապահական հաշվառում՝ համաձայն Չինաստանի զարգացման պետական բանկի համապատասխան ընթացակարգերի: Հայկական կողմն՝ իր հերթին, պարտավորվում է ազատել ապրանքները եւ ծառայությունները հարկերից եւ մաքսատուրքերից, ինչպես նաեւ Համաձայնագրի շրջանակներում իր վրա է վերցնում պարտադիր ծախսերը (հոդված 3): Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.01.2023թ.
|