ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-510-10.02.2023-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5101 -10.02.2023-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-510-10.02.2023-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-5101 -10.02.2023-ՊԱ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

27.02.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի գործող կարգավորումների համաձայն՝  ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում նշանակման դեպքում, իսկ ավագ եւ միջին խմբի պաշտոններում առաջխաղացման դեպքում ատեստավորումը պարտադիր պայման է հանդիսանում: Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է գլխավոր խմբի պաշտոններում նշանակման համար ատեստավորման պայմանը հանել, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է ավագ եւ միջին խմբի պաշտոններում առաջխաղացման համար ատեստավորման փոխարեն սահմանել նոր մեխանիզմ: Արդյունքում ստացվում է, որ  ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ միջին խմբի պաշտոններում առաջխաղացման համար սահմանված են շատ ավելի խիստ կարգավորումներ, քան գլխավոր խմբի պաշտոններում նշանակման համար: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է, որ «հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ եւ բանիմաց կադրերով», ինչպես նաեւ այն, որ հիմնավորմամբ պատճառաբանված չէ, թե ինչ սկզբունքով է պայմանավորված վերոնշյալ երկու դեպքերում տարբերակված մոտեցումը՝ առաջարկում ենք սահմանել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում նշանակման համար ատեստավորմանը համարժեք այլ մեխանիզմ:

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ Նախագծով լիարժեք կարգավորված չէ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակված անձանց ատեստավորում անցնելու եւ հավելավճար ստանալու հարցը: Այսպես՝ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Ատեստավորման` սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ ազգային անվտանգության մարմինների շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա»: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններ են համարվում ենթասպաներով համալրվող պաշտոնները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք նշել, որ Նախագծով կարգավորված չէ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակված ավագ ենթասպայական կազմի ատեստավորման հարցը:

2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ)»: Այս կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (…)»:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո»: Հարկ է նկատել, որ նշված կարգավորումից հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ ժամկետում պետք է իրականացվի վերոնշյալ արձակուրդից վերադարձած ծառայողի ատեստավորումը, քանի որ ժամկետի ավարտի վերաբերյալ կարգավորում առկա չէ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք սահմանել նաեւ, թե առավելագույնը ինչ ժամկետի ընթացքում պետք է իրականացվի վերը նշված անձանց ատեստավորումը: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետին:

4. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված է. «Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով»: Վերը մեջբերված դրույթի շարադասությունից բխում է, թե «վերադասության կարգով բողոքարկելու» բառերը վերաբերում են նաեւ դատական կարգով բողոքարկմանը, հետեւաբար առաջարկում ենք շտկել վերոնշյալ դրույթի շարադասությունը:

5. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 14-րդ հոդվածով սահմանված է. «Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է`

1) սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ պաշտոնի նշանակվելիս.

2) ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.

3) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս»: Վերը մեջբերվածի կապակցությամբ նշենք, որ քննարկվող նորմի 1-ին եւ 3-րդ կետերում նշված հավելավճարի դադարման հիմքերը բխում են Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 1-ին եւ 8-րդ մասերի պահանջներից, մինչդեռ քննարկվող նորմի 2-րդ կետում նշված հիմքը հասկանալի չէ: Այսպես՝ քննարկվող նորմի 2-րդ կետի համաձայն՝ ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս ատեստավորված ծառայողները դադարում են հավելավճար ստանալ: Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, թե ինչպես է կարգավորվում առաջին անգամ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնի նշանակվելու դեպքում ատեստավորում անցնելու եւ հավելավճար ստանալու դեպքը, իսկ 5-րդ մասով սահմանված է, որ համապատասխան պաշտոնում ատեստավորված լինելը եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստանալը հնարավորություն է տալիս շարունակել ստանալ հավելավճար՝ երեք տարին մեկ ատեստավորում անցնելու դեպքում: Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով կարգավորվում են արձակուրդից, գործուղումից կամ ժամանակավոր անաշխատունակությունից հետո ատեստավորում անցնելու դեպքերը: Այնուամենայնիվ՝ վերոնշյալ դրույթներից ոչ մեկ չի կարգավորում այն հարցը, թե բարձր պաշտոնի նշանակման դեպքում ծառայողը ինչպես կարող է անցնել ատեստավորում կրկին հավելավճար ստանալու համար: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ բարձր պաշտոնի անցնելը հավելավճար չստանալու հիմք չէ՝ առաջարկում ենք սահմանել, թե այս դեպքում ինչ կարգով եւ ժամկետներում անձը կարող է ստանալ հավելավճար:

6. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված է. «Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով»: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ, թե ինչ է կարգավորում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվող հավելավճարի հաշվարկման կարգը, եթե Կառավարության որոշմամբ արդեն իսկ սահմանվում են ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը:

7. Նախագծի 7-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը: Հետեւաբար առաջարկում ենք նաեւ խմբագրել Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով հղում է կատարվում Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին:

8. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագրին:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր»: Նշենք, որ հասկանալի չէ նշված դրույթի նպատակը: Այսպես՝ նշված է, որ Նախագծի ուժի մեջ մտնելու պահին համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք առաջին անգամ ատեստավորմանը մասնակցում են կամավոր: Մեջբերված դրույթում «առաջին անգամ» արտահայտությունը կիրառելուց բխում է, որ Նախագիծը նպատակ չի հետապնդում Նախագծի ուժի մեջ մտնելու պահին համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց ընդհանրապես ատեստավորման չենթարկել: Հետեւաբար հստակ չէ, թե նշված անձանց համար առավելագույնը ինչ ժամկետ է սահմանվում առաջին անգամ ատեստավորում անցնելու, որ պահից սկսած է ատեստավորումը նրանց համար դառնում պարտադիր, եթե նրանք չեն ցանկանում ատեստավորում անցնել, ինչ հետեւանքներ են վրա հասնում եթե անձը կամավոր ատեստավորում չի անցնում: Առաջարկում ենք վերոգրյալը հիմք ընդունելով՝ հստակեցնել Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

27.02.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

27.02.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Միաժամանակ, նախատեսվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը եւ պահպանմանը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

15.02.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Հաշվի առնելով այն հան՟գա՟ման՟քը, որ Ազ՟գային անվտան՟գության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տար՟բե՟րակով Պաշտ՟պա՟նության նախարա՟րու՟թյու՟նից ընդունելու են հայ-ադրբե՟ջա՟նական պետական ամ՟բողջ սահ՟մա՟նի պահ՟պա՟նու՟թյունը՝ առավել քան կարեւոր է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ եւ բանիմաց կադրերով` գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում, հատկապես՝ հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում, կանխել կադրերի արտահոսքը համակարգից` վերը նշված ստորաբաժանումներում ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Մասնավորապես, առաջարկվում է ներդնել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: 

Ատեստավորումն իրականացվելու է պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը եւ պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար` ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: 

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի` համապատասխան պաշտոնների անվանացանկը եւ հավելավճարի հաշվարկման կարգը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ վերը նշված կարեւորագույն ոլորտներում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

Բացի այդ կմեծանա համապատասխան ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում վերջիններս կհամալրվեն բանիմաց կադրերով, ինչպես նաեւ կկանխվի կադրերի արտահոսքը դրանցից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

20.02.2023թ.