ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-511-13.02.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-511-13.02.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
06.03.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները կարող են ներկայացվել նաեւ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Այսինքն՝ միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումը հրապարակելը նախատեսվում է սահմանել՝ որպես Օրենքով սահմանված ծանուցումներն (հաշվետվությունները, իրազեկումները) իրականացնելու եղանակ: Ընդ որում, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 24.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի` միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումների, իրազեկումների եւ հաշվետվությունների պաշտոնական հրապարակումն իրականացվում է բացառապես միասնական էլեկտրոնային հարթակում»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցումների իրականացումը հնարավոր է միայն՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի` միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում, ընդ որում, միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում ծանուցումներն իրականացվելու են բացառապես միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան լրացման նպատակն է ապահովել ծանուցման արդյունավետ եղանակ, ինչը հնարավորություն կընձեռի սեփականատերերին տեղեկացված լինել եւ մասնակցել իրենց ընդհանուր գույքի կառավարմանը, ինչպես նաեւ բարձրացնել կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողությունը: Մինչդեռ Նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում ստացվում է կառավարման մարմինների հայեցողությունն է միանալ միասնական էլեկտրոնային հարթակին, եւ քանի որ նշված հարթակը ստեղծվում է որպես կառավարման մարմինների նկատմամբ հսկողության խստացման գործիք, կարծում ենք, վերջիններս շահագրգռված չեն լինի միասնական էլեկտրոնային հարթակին միանալ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում միասնական էլեկտրոնային հարթակին միանալը նախատեսել ոչ թե որպես կառավարման մարմինների հայեցողություն, այլ սեփականատերերի՝ նախատեսելով համապատասխան կարգավորումներ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական էլեկտրոնային հարթակը կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության լրացուցիչ եղանակ է, եւ վերջինիս միջոցով հնարավոր է որոշակիացնել ծանուցումների ժամկետը, միաժամանակ հաշվի առնելով տեխնիկանակ միջոցներին ոչ բոլոր սեփականատերերի օգտվելու հնարավորությունը՝ առաջարկում ենք միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումները պարտադիր հրապարակելու հետ զուգահեռ, կառավարման մարմինները իրականացնեն նաեւ Օրենքով սահմանված ծանուցումներ տեղադրելու մյուս եղանակները (օրինակ՝ շենքի տեսանելի կամ հատուկ նախատեսված վայրում ծանուցումը փակցնելու միջոցով): 2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 24.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «5. Միասնական էլեկտրոնային հարթակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները համարվում են հրապարակված տեղադրման պահից: Համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները պատշաճ կատարված` տեղադրելուց հետո հինգերորդ օրը»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումները համարվում են հրապարակված տեղադրման պահից, իսկ սեփականատերերի հանձնված՝ տեղադրելուց հետո հինգերորդ օրը: Օրենքով նախատեսված են որոշակի ժամկետներ, որոնց հաշվարկի հիմքում ընկած է համապատասխան ծանուցում տալու կամ ծանուցելու ժամկետը: Տվյալ պարագայում հասկանալի չէ ծանուցում տալու կամ ծանուցելու ժամկետ դիտարկվելու է ծանուցումները տեղադրելու պահը, թե հանձնելու պահը՝ տեղադրելուց հետո հինգերորդ օրը: Այսպես, օրինակ՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված է՝ «Շենքի կառավարման մարմնի լիազորությունները դադարում են՝ շենքի կառավարման մարմնի` իր լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին ծանուցում տալու օրվանից մեկ ամիս հետո» կամ նույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Ժողով նախաձեռնողը պարտավոր է ժողովում ընդունված որոշումների պատճենները` ընդունման օրվանը հաջորդող երկու օրվա ընթացքում, ծանուցել շինությունների սեփականատերերին` նշելով դեմ քվեարկած սեփականատերերի անունները»: Նշված դրույթները Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 24.1-ին հոդվածի 5-րդ մասի հետ համադրելու արդյունքում հասկանալի չէ՝ արդյո՞ք շենքի կառավարման մարմնի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին ծանուցում տալու օր դիտարկվելու է ծանուցումը հրապարակելու օրը թե հանձնելու օրը կամ շինությունների սեփականատերերը ժողովում ընդունված որոշումների վերաբերյալ ծանուցված են համարվելու նշված որոշումների պատճենների հրապարակման թե հանձնման պահից: Իրավական շփոթից խուսափելու եւ ժամկետների հաշվարկը ճիշտ կազմակերպելու նպատակով՝ առաջարկում ենք Օրենքով սահմանված ժամկետները հաշվի առնելով, հստակեցնել, թե միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումը տեղադրելու որ պահից է վերջինս համարվում ներկայացված: 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է նման կարգավորում՝ «1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանն իրավունք ունեն ներկայացնել գումարման միջոցով: Այս դեպքում նախաձեռնողը պարտավոր է ժողովի օրակարգի մասին ծանուցել շինության սեփականատերերին: Ծանուցումն իրականացվում է ծանուցման տեքստը շենքի յուրաքանչյուր մուտքի առավել տեսանելի կամ դրա համար նախատեսված տեղում փակցնելով կամ անձամբ շինության յուրաքանչյուր սեփականատիրոջը տրամադրելու կամ ուղարկելու միջոցով: Ժողովի օրակարգի տեքստը տրվում է նաեւ շենքի կառավարման մարմնին»: Նշված դրույթը կարգավորում է ժողովի օրակարգի մասին շինության սեփականատերերին ծանուցելու ընթացակարգը, ընդ որում հստակ սահմանված են ծանուցման բոլոր հնարավոր եղանակները. այն է՝ 1. ծանուցման տեքստը շենքի յուրաքանչյուր մուտքի առավել տեսանելի կամ դրա համար նախատեսված տեղում փակցնելու միջոցով, 2. անձամբ շինության յուրաքանչյուր սեփականատիրոջը տրամադրելու միջոցով կամ 3. վերջիններիս ծանուցումն ուղարկելու միջոցով: Մինչդեռ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 24.1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված դրույթները, որոնցով, որպես ծանուցման եղանակ նախատեսված է նաեւ միասնական էլեկտրոնային հարթակը, ավելին, միասնական էլեկտրոնային հարթակին միանալու դեպքում բացառապես տվյալ եղանակը, առաջարկում ենք, օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները եւս համապատասխանեցնել Նախագծով նախատեսված կարգավորումներին: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրազեկման հստակ նշված եղանակներին: 4. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում նշել, թե որ դրույթներն են գործելու Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 24.1-ին հոդվածի 4-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ( ) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից ( )»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-248) 01.03.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-248) 01.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները, որի արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերի վերաբերյալ եւ ըստ ցանկության՝ մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ինչպես նաեւ ծանոթանալ հաշվետվություններին եւ դրանց հետ համաձայն չլինելու (օրինակ՝ հայտնաբերելով, որ նշված որեւէ աշխատանք կատարված չէ) դեպքում՝ կձեռնարկեն համապատասխան միջոցներ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 20.02.2023թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում (այսուհտ՝ Օրենք), ինչը պայմանավորված է միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Գործող իրավակարգավորումներով՝ բազմաբնակարան շենքի կառավարման վերաբերյալ որոշումները կառավարման մարմինը ընդունում է սեփականատերերի կողմից ժողովի գումարման, հարցման կամ իրազեկման միջոցով, ինչպես նաեւ ներկայացնում է հաշվետվություններ կատարված աշխատանքների եւ ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ: Տվյալ ծանուցումները, հիմնականում, ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, տրամադրվում են առձեռն կամ փակցվում են շենքի տեսանելի վայրերում: Ըստ Նախագծի հեղինակի, ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները նշված եղանակով ներկայացնելն արդյունավետ միջոց չէ, քանի որ հաճախ սեփականատերերը չեն ստանում ծանուցումը տանը չլինելու կամ այլ պատճառով, իսկ տեսանելի վայրում փակցված ծանուցումները երբեմն պատռվում են կամ արագ հեռացվում, ինչի արդյունքում բազմաթիվ սեփականատերեր տեղեկացված չեն լինում իրենց գույքի կառավարման հետ կապված գործընթացներից եւ հնարավորություն չեն ունենում մասնակցել ընդհանուր գույքի կառավարմանը: Վերջինով պայմանավորված էլ, Նախագծով առաջարկվում է արդյունավետ միջոցներ ստեղծել կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 24.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները կարող է իրականացնել (ներկայացնել) էլեկտրոնային եղանակով:»: Վերոգրյալից ենթադրվում է, որ ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները բազմաբնակարան շենքի սեփականատերերին կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումների, իրազեկումների եւ հաշվետվությունների պաշտոնական հրապարակումն իրականացվում է բացառապես միասնական էլեկտրոնային հարթակում:»: Սոցիալական իրավունքների իրացման տեսանկյունից, նման մոտեցումը, մեր կարծիքով, խնդրահարույց է: Եթե բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդունված որոշումները, իրազեկումները եւ հաշվետվությունները ներկայումս բնակիչներին առաքվում է փոստային ծառայության միջոցով, փակցվում տեսանելի վայրում կամ տրվում առձեռն, ինչն, ըստ հեղինակի, արդյունավետ միջոց չէ, ապա էլեկտրոնային եղանակով պաշտոնական հրապարակումները եւս արդյունավետ միջոց չեն կարող համարվել, քանի որ բնակիչները կարող են նաեւ չհետեւել այդ հրապարակումներին՝ առավել եւս, որ դրա համար որոշ բնակիչներ հնարավոր է լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն ունենան (ինտերնետ ցանցին միացում, համակարգչի ձեռք բերում եւ այլն): Բացի այդ, եթե էլեկտրոնային եղանակով ծանուցումը դիտվի որպես ծանուցման միակ եղանակ, ապա այն կարող է ունենալ նաեւ հակառակ արդյունքը, քանի որ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը հեշտությամբ կարող է անտեսել բնակիչների կողմից միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացված դիտողությունները, անհամաձայնությունները եւ առաջարկությունները՝ առանց օրենքի պահանջ խախտելու եւ որեւէ պատասխանատվություն կրելու: Մյուս կողմից, բազմաբնակարան շենքում ծերերի, հաշմանդամների եւ սոցիալապես անապահովների համար էլեկտրոնային հարթակին հասանելիությունն, առավել քան դժվար է (ինտերնետ կապի եւ համակարգչի առկայություն, օգտվելու չիմացություն եւ այլ), ինչը սոցիալական առումով լրացուցիչ բեռ է վերջիններիս համար: Հետեւաբար, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդունված որոշումները, իրազեկումները եւ հաշվետվությունները միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով բնակիչներին ծանուցելը կարող է դիտվել ոչ թե որպես միակ, այլ լրացուցիչ եղանակ՝ չսահմանափակելով բնակչի կողմից ծանուցումներ ստանալու մյուս եղանակները: Ելնելով վերը շարադրվածից, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում, լրացվող նոր պարբերության մեջ « էլեկտրոնային եղանակով» բառերից առաջ լրացնել «նաեւ» բառը: Եզրահանգում Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 24.02.2023թ.
|