ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-512-13.02.2023-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5121 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5122 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5123 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5124 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-512-13.02.2023-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5121 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5122 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5123 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5124 -13.02.2023-ՏՏԳՇ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

09.03.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածով, որպես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի կարգավորման առարկայի մեջ մտնող հարաբերություն, սահմանված է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը, մինչդեռ նշենք, որ Նախագծով կարգավորումներ են սահմանված միայն փորձաքննության վերաբերյալ եւ առանձին շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված է ռազմավարական էկոլոգիական գնահատման հասկացությունը, ընդ որում նույն դրույթով նախատեսված է, որ ռազմավարական էկոլոգիական գնահատման վերաբերյալ նշելիս այսուհետ կիրառվելու է «ՌԷԳ» կրճատ տարբերակը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի մի շարք հոդվածներում կիրառվում է ռազմավարական էկոլոգիական գնահատում ձեւակերպումը, մի շարք հոդվածներում՝ «ՌԷԳ» կրճատ տարբերակը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները:

Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաում» հասկացությանը:

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Հիմք ընդունելով նշվածը՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր հոդվածներում կիրառվում են տարբեր բառեր. օրինակ՝ 

1) մի շարք հոդվածներում կիրառված է «փորձաքննական եզրակացություն» եզրույթը, որոշներում՝ «պետական փորձաքննական եզրակացություն»:

2) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում կիրառված է «դրական պետական փորձաքննական եզրակացություն» ձեւակերպումը, իսկ 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում՝ «փորձաքննական դրական եզրակացություն» ձեւակերպումը:

3) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի մի շարք հոդվածներում կիրառված է «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» ձեւակերպումը,  իսկ որոշ հոդվածներում, օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, «գնահատում» ձեւակերպումը:

4) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի մի շարք հոդվածներում կիրառված է «շրջակա միջավայրի վրա ազդեցություն» ձեւակերպումը,  իսկ որոշ հոդվածներում, օրինակ՝  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում, «ազդեցություն» ձեւակերպումը:

5) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որպես օրենքում կիրառված հասկացություն, տրված է «շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիր» սահմանումը, իսկ նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառված է «ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիր» ձեւակերպումը:

6) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված են «ազդակիր համայնք» եւ «ազդակիր բնակավայր»  հասկացությունների սահմանումները, մինչդեռ հաջորդիվ, օրինակ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում, կիրառված է «ազդակիր համայնք (բնակավայր)» ձեւակերպումը:

7) Մի շարք հոդվածներում կիրառված է «նախատեսվող գործունեության տեսակ», որոշ հոդվածներում՝ նույն տեսակներին հղում կատարելիս կիրառված է «նախատեսվող գործունեություն» ձեւակերպումը, օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 18-րդ հոդվածում:

8) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ կետում տրված է լիազոր մարմնի հասկացությունը, նույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված է «լիազոր պետական մարմին» ձեւակերպումը:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է՝ «փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի հաստատումը»: 

Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Կառավարությանը լիազորվում է հաստատել պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու կարգը: Սահմանադրության` օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Սահմանադրության 75-րդ հոդվածում սահմանված է, որ հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ օրենքով պետք է հստակ եւ որոշակի նախատեսվեն համապատասխան իրավահարաբերությունների արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը, ինչպես նաեւ հարկ է շեշտել, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքների իրականացումն ապահովելու նպատակով: Մինչդեռ՝ Նախագծում առկա ոչ որոշակի կարգավորումների, արդյունքում հանգում ենք Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը լիազորող նորմերի իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջի խախտման: Մասնավորապես Նախագծով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի որեւէ հոդվածով սահմանված չեն պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու հնարավորության,  թույլատրելի դեպքերի մասին: 

Հիմք ընդունելով վրոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը վերանայել օրինականության եւ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից՝ օրենքով նախատեսելովպետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացոմ կատարելու վերաբերյալ որոշակի կարգավորումներ:

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում առկա է վրիպակ՝ մասնավորապես հոդվածի մասը բաժանված է թվով երկու 5 կետերի: Առաջարկում ենք ապահովել կետերի համարակալաման ճիշտ հաջորդականությունը:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի եւ ժամկետների սահմանումը: 

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «ՇՄԱԳ եւ փորձաքննության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են` 1) համայնքին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայության տրամադրումը.

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 16-րդ հոդվածը վերաբերում է հենց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլին, ընդ որում փորձաքննության ներկայացվող փաթեթի պարտադիր փաստաթղթերի շարքում ընդգրկված է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված նախնական համաձայնության որոշումը: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության բացակայությունը կամ անհամաձայնությունը դադարեցնում է նախաձեռնողի՝ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գործողությունների հետագա իրականացումը: Հարկ է նկատել, որ  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 12-րդ հոդվածում, որպես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակ նախատեսված է նաեւ ընդերքօգտագործման բնագավառը: Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»: 

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը եւ տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ ընդերքի օգտագործման եւ պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող  անձանց շրջանակը հստակ նշված է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում: Ընդ որում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ ու սահմանափակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում տեղական ինքնակառավարամն մարմինների իրավասությունները: Հիմք ընդունելով վերոգրյալը, եւ այն հանգամանքը, որ օրենքի կարգավորումներից պարզ չէ տեղական ինքնակառավարման մարմինների նախնական անհամաձայնության իրավական հետեւանքները, հնարավոր բացասական ազդեցությունը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքով կարգավորումները հստակեցնել՝ նախատեսելով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական անհամաձայնության դեպքում եւս փաթեթում ներառվի անհամաձայնության մասին որոշումը եւ ներկայացվի փորձաքննության՝ ապահովելով Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքով նախատեսված կարգավորումների անխոչընդոտ իրագործումը:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «ՇՄԱԳ եւ փորձաքննության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են` 1) համայնքին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայության տրամադրումը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձան՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին:»: 

Նշած դրույթի բովանդակությունից բխում է, որ նախնական համաձայնության կամ անհամաձայության տրամադրումը մի հոդվածով իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից, մեկ ուրիշով՝ համայնքի ավագանու կողմից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում են Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքում նախատեսել նույնական կարգավորումներ՝ իրավական շփոթից եւ հակասական կարգավորումներից խուսափելու նպատակով: 

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետը բաղկացած է եւս երկու չհամարակալված պարբերություններից: Առաջարկում ենք նշված պարբերությունները եւս համարակալել կամ շարադրել այլ կետերի շրջանակներում:

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Մեկից ավելի համայնքներում լսումներ իրականացվելու դեպքում առնվազն մեկ համայնքի կողմից սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան անհամաձայնությունը համարվում է նախատեսվող գործունեության վերաբերյալ անհամաձայնություն:»: Նշված դրույթով հղում է կատարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անհամաձայնությանը, մինչդեռ նույն հոդվածի 2-րդ մասը վերաբերում է շահագրգիռ հասարակության ծանուցմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառմանը վերաբերող 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտերում հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հղումները կատարել հստակ:

Նշենք նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասին, մինչդեռ համապատասխան փաստաթղթերի շրջանակը սահմանված է նույն հոդվածի 2-րդ մասում: Ոչ ճիշտ հղումներ են առկա նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 17-րդ հոդվածի  11-րդ մասում. մասնավորապես հղում է տրված նույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերում փաթեթի բացասական եզրակացություն ստանալուն, մինչդեռ օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացված համարվելու կամ բացասական եզրակացություն ստանալու վերաբերյալ նշված է նույն հոդվածի 10-րդ մասում:

Սխալ հղում է կատարված նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում առկա է վրիպակ, մասնավորապես «հոդված» բառը նշված է երկու անգամ: 

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանած են փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, որի ցանկում բացակայում է փորձաքննության գործընթացի իրականացման համար պետական տուրքի վճարան անդորրագիրը:

Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին:

12. Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, միչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում վերանայել քննարկվող շաղկապների կիրառությունը:

13. Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 9-րդ եւ 10-րդ գլուխները բաղկացած են ընդամենը մեկ հոդվածից: Հետեւաբար առաջարկում ենք նշված գլուխները միավորել մեկ գլխի շրջանակում՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

14. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Պետական տուրքի մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում կատարված հղմանը

15. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով անցումային դրույթ է նախատեսված նույն օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետի համար, մինչդեռ օրենքի 8-րդ հոդվածի սխալ համարակալման արդյունքում համապատասխան հոդվածում բացակայում է 11-րդ կետը:

16. Նախագծերի փաթեթում առաջարկում ենք  պահպանել դասական թվականների գրության ձեւը, օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում կիրառված «48.1-րդ» ձեւակերպումը փոխարինել՝ «48.1-ին» ձեւակերպմամբ:

17. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, ռեսուրսների բացակայությունը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ եւ 75-րդ հոդվածների տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

09.03.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

09.03.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրությամբ, որի շրջանակներում նախատեսվում է պարզեցնել շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման եւ նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները: Բացի այդ, հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում, համալրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունների, շրջակա միջավայրի օբյեկտների եւ բնութագրերի շարքը, գործող կարգավորումներից հանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաեւ նախնական փուլի հետ կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու եւ ձեռնարկողին տրամադրելու պահանջները, սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրման հետ կապված կարգավորումները, ինչպես նաեւ կատարվել են հարակից օրենքներում նոր օրենքից բխող փոփոխություններ ու լրացումներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

21.02.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից: 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման եւ նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները:

Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել, մասնավորապես, 

- հստակեցնել Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,

- գործող կարգավորումներից հանել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաեւ նախնական փուլի հետ կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու եւ ձեռնարկողին տրամադրելու պահանջները,

- սահմանել տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրման հետ կապված կարգավորումները, 

- շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները ներառել լիազոր մարմնի լիազորություններում,

- պարզեցնել շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման եւ նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները եւ այլն:

Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

03.03.2023թ.