ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-513-16.02.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
10.03.2023թ.
Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հնարապետության հարկային օրենսգրքի վերնագրից հետո նշել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածում Հայաստանի Հնարապետության հարկային օրենսգրքին հղում կատարելիս կիրառված է «Օրենսգիրք» կրճատ տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանաջներից: 2. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ, վերոգրյալ դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 10.01.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 10.01.2023թ.
Ներկայացված Նախագծի նպատակը ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է, ինչի համար առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 21.02.2023թ.
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխություն եւ լրացում կատարել: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից: Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «26) թանկարժեք մետաղների (բացառությամբ` թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում` ոսկերչական եւ այլ իրերի), ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող` ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.»: Այսինքն, Նախագծով առաջարկվող փոփոխությամբ՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանվում է միայն թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող` ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարման համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում` ոսկերչական իրերի օտարման համար պետք է վճարվի ավելացված արժեքի հարկ, կարծում ենք հնարավոր է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի) եւ ոսկերչական իրերի գների բարձրացում: Միաժամանակ, կարծում ենք, որ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի) եւ ոսկերչական իրերի գների բարձրացումը բացասաբար չի անդրադառնա բնակչության սոցիալական վիճակի վրա, նկատի ունենալով, որ վերջիններս չեն հանդիսանում բնակչության համար առաջնային անհարժեշտության ապրանքներ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 01.03.2023թ.
|