ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-514-17.02.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-514-17.02.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

10.03.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածում «8.1» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «8.1-ին» ձեւակերպմամաբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «1.1», 3-րդ հոդվածի «8.2», «1.1», «6.1» եւ «8.1», 4-րդ հոդվածի «3.1» ձեւակերպումներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված է. «Օրենքի 8.2 հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1, 6.1 եւ 8.1 կետերով»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ կարող ենք փաստել, որ Օրենքի 8.2-րդ հոդվածը չունի 1-ին մաս, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում հղումը շտկելու նպատակով «հոդվածի 1-ին մասը» բառերը փոխարինել «հոդվածը» բառով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8.2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին կետում առկա «սույն հոդվածի 1-ին մասի» բառերին:

3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետում կիրառվում են «Վարչապետ» բառերը տարբեր հոլովաձեւերով: Հարկ է նկատել, որ Օրենքի ողջ տեքստում նույն միտքն արտահայտելիս կիրառվում է «վարչապետ» բառը: Վերոնշյալ երկու բառերը նույն միտքն են արտահայտում, հետեւաբար անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ» եւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետում առկա «Վարչապետ» բառերը փոխարինել «վարչապետ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Միաժամանկ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն»: Հարկ է նկատել, որ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության (պաշտոնական հայերեն թարգմանության) 41-րդ հոդվածում կիրառվում է «ժամանակային միջոց» եզրույթը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծով կիրառվող եզրույթները համապատասխանեցնել Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությամբ կիրառվող եզրույթին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

10.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

10.03.2022թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի համաձայն՝

1. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:

2. Ներկայացուցիչն ունի հնարավորություն առանց Կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է «հայցի ապահովման միջոց» ձեւակերպումը վերախմբագրել որպես «ժամանակավոր միջոց»՝ Արդարադատության միջազգային դատարանի Ստատուտում առկա ձեւակերպումների հետ համահունչ լինելու նպատակով:

3. Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակներում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի Կառավարության հաստատմանը, իսկ Կառավարությունը պետք է սահմանի համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտականությունների իրականացման կարգը:

4. Արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ Ներկայացուցիչը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, իսկ չեղարկման վարույթ հարուցվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հիշյալ վարույթում:

5. Ներկայացուցիչը Վարչապետի հաստատմանն է ներկայացնում միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների շրջանակը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

24.02.2023թ.









Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություն կատարել:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) լիազորությունների իրականացման ընթացքում այնպիսի իրավիճակներ են առաջանում, որոնց լուծման կարգավորումները նախատեսված չեն Օրենքի շրջանակներում: Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի կարգավորման շրջանակից դուրս են մնացել՝

  •   Ներկայացուցչի իրավասություններն այն դեպքերի համար, երբ մյուս կողմն է դիմում արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու համար եւ դրա արդյունքում իրականացվում է վարույթ,
  •  միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղելու կապակցությամբ Վարչապետի հաստատմանը թեկնածություն ներկայացնելու Ներկայացուցչի իրավասությունն այն դեպքում, երբ հիշյալ երկարաժամկետ գործուղումներն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության շահերի արդյունավետ եւ պատշաճ ներկայացման  տեսանկյունից:

Բացի վերոնշյալից, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության ներկայացումը, որպես կանոն, պահանջում է հրատապություն եւ գործելու արագություն, մինչդեռ, Օրենքով Ներկայացուցիչը Արդարադատության միջազգային դատարան հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնում է միայն Կառավարության որոշման հիման վրա եւ այլն: 

Հաշվի առնելով Ներկայացուցչի լիազորությունների ոլորտային բազմազանությունն ու գործառնական առանձնահատկությունները՝ Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է Օրենքում ամրագրել, որ.

  • Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան ներկայացնում է  միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ,
  • Ներկայացուցիչն Արդարադատության միջազգային դատարան ներկայացնում է ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ առանց Կառավարության որոշման,
  • արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ Ներկայացուցիչը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, իսկ չեղարկման վարույթ հարուցվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հիշյալ վարույթում,
  • Ներկայացուցիչն իրավասու է ներկայացնել միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատվում է Վարչապետի կողմից եւ այլն:

2.     Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                     Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

06.03.2023թ.