ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-516-20.02.2023-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-516-20.02.2023-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

14.03.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական արարողակարգի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարվող լրացման արդյունքում «բարձրաստիճան պատվիրակություններ» եզրույթի հասկացության մեջ ներառվում են նաեւ փոխվարչապետերը: Կարծում ենք, որ նշված լրացումից բխում է, որ համապատասխան լրացումներ պետք է կատարվեն նաեւ Օրենքի այլ դրույթներում: Ինչպես օրինակ՝ Օրենքի 4-րդ հոդվածում, որով սահմանված են բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների տեսակները եւ դրանց վերաբերյալ կարգավորումներ, սակայն ոչ մի կարգավորում առկա չէ փոխվարչապետերի վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ, թե փոխվարչապետերի այցերը ինչ տեսակի կարող են լինել, ինչպես նաեւ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ «պետական այլ մարմինների ղեկավարներ» արտահայտության կիրառման արդյունքում փոխվարչապետերը ընդգրկված չեն նշված շրջանակում:

Նշված համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացվում են «եւ այլ միջազգային կառույցների» բառերը: Նմանատիպ լրացում է կատրվում նաեւ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի աղյուսակում: Հարկ է նկատել, որ Օրենքում, բացի վերոնշյալ երկու կարգավորումներից, առկա են նաեւ բազում այլ կարգավորումներ միջազգային կազմակերպությունների վերաբերյալ, որտեղ, սակայն, միաջազգային կառույցների վերաբերյալ լրացում չի կատարվում:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի աղյուսակում լրացվում է կարգավորում նաեւ օտարերկրյա պետության փոխվարչապետի այցի վերաբերյալ: Նշենք, որ նշյալ աղյուսակում առկա օտարերկրյա պետության պաշտոնատար անձանց այցի վերաբերյալ տողերում առկա է հստակեցում այցի վերաբերյալ, մասնավորապես նշված է, թե այցը պետական է, պաշտոնական կամ աշխատանքային: Հետեւաբար հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ՝ Օրենքի 4-րդ հոդվածում նշված այցերի տեսակների վերաբերյալ կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի աղյուսակում լրացվող նոր տողում նույնպես հստակեցում կատարել փոխվարչապաետի այցերի տեսակների վերաբերյալ:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում սահմանվում է, որ այսուհետ բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած ոչ թե ծախսերի նախահաշվի, այլ հաշվետվության հիման վրա: Նշենք, որ Նախագծին կից ներկայացված չէ այս փոփոխության վերաբերյալ հիմնավորում, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչու է բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում հաշվետվության հիման վրա, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշված այցելությունների դեպքում՝ ծախսերի նախահաշվի հիման վրա:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Վարչապետի» բառով: Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ վերոնշյալ փոփոխության վերաբերյալ որեւէ բացատրություն չներկայացնելու պարագայում հասկանալի չէ, թե օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերի ֆինանսավորման պարտականությունը ինչու է Կառավարության աշխատակազմից փոխանցվել Վարչապետի աշխատակազմին:

Առաջարկում ենք նաեւ, որ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետում «Վարչապետի» բառը փոխարինել «վարչապետի» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի ողջ տեքստում կիրառվում է միայն «վարչապետ» բառը: Վերոնշյալ առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 7-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ»: Նշենք, որ վերոնշյալ դրույթից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ առկա չէ որեւէ այլ դրույթ: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. 

« Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ կետին հարկ է անդրադառնալ նաեւ այլ տեսանկյունից: Այսպես՝ Օրենքի 8-րդ հոդվածով կարգավորվում է բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների եւ դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը, մինչդեռ լրացվող նոր կետով սահմանվում է վարչապետի նոր իրավասություն՝ միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու վերաբերյալ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ կետով նշված դրույթը սահմանել այլ հոդվածում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.03.2022թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է.

- «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները,

- հստակեցնել փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի հետ կապված ծախսերի ֆինասնավորման ձեւաչափը, մասնավորապես՝ սահմանվում է, որ բաձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ,

- սահմանել լիազորող նորմ՝ ՀՀ վարչապետի այն միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման համար, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստանի Հանրապետություն են ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով,

- միջազգային կազմակերպությունների ցանկին ավելացնել «եւ այլ միջազգային կառույցներ» եզրույթը, որպեսզի Եվրոպական միությունը դուրս չմնա այդ ցանկից: Չնայած Եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն չի հանդիսանում, սակայն լիովին վայելում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայով» նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ կոնվենցիայի մշակման պահին միությունը ներկայիս կառուցվածքային առանձնահատկությունները չուներ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

02.03.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական արարողակարգի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով մասնավորապես առաջարկվում է.

  • «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել  նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները՝ հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքը.
  • նախատեսել փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինանսավորման ձեւաչափը.
  • սահմանել, որ բաձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ.
  • լիազորող նորմ սահմանել ՀՀ վարչապետի համար այն միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման նպատակով, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստանի Հանրապետություն են ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով.
  • ավելացնել «միջազգային այլ կառույցներ» եզրույթը՝ հաշվի առնելով, որ Եվրոպական միությունը, որպես այդպիսին, չի հանդիսանում միջազգային կազմակերպություն:


Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

24.02.2022թ.