ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-517-21.02.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-517-21.02.2023-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
16.03.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքով սահմանված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ:»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականցվող ծառայողական քննությունը բաժանվում է նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ փուլերի: Մինչդեռ Նախագծով սահմանված իրավադրույթներից պարզ չէ՝ ծառայողական քննության նախնական ուսումնասիրության փուլն իր մեջ ինչպիսի գործողություններ է ներառում: Մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն հարուցվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի, ինչպես նաեւ դատախազի` օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:»: Նույն հոդվածի 8-րդ մասում նախատեսված է կարգապահական վարույթի հարուցման ժամկետը, այն է՝ «Կարգապահական վարույթը հարուցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո:»: Այսպես՝ վերը մեջբերված իրավադրութներից բխում է, որ եւ՛ ծառայողական քննությունը, եւ՛ ծառայողական քննության կարգապահական վարույթ փուլը հարուցվում են միեւնույն հիմքերի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, ի հայտ գալու դեպքերում: Միաժամանակ՝ նշենք, որ ծառայողական քննության նախնական ուսումնասիրության փուլի վերաբերյալ իրավակարգավորումներ Նախագծում նախատեսված չեն: 2. Նախագծի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով: Մասնավորապես՝ Նախագծում կիրառվում են «կարգապահական հանձնաժողով», «Կարգապահական հանձնաժողով» եւ «Հանձնաժողով» ձեւակերպումները: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ» ձեւակերպումը, մինչդեռ Օրենքի ամբողջ տեքստում՝ «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ» ձեւակերպումը: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 12-րդ մասում կիրառվում են «տույժ» եւ «կարգապահական տույժ» ձեւակերպումները: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 19-րդ մասում կիրառվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող» ձեւակերպումը, մինչդեռ Օրենքի ամբողջ տեքստում՝ «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող» ձեւակերպումը: Հարկ ենք համարում մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում կիրառված ձեւակերպումները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Բացի այդ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 2-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառված «Վարչապետի» բառն՝ առաջարկում ենք փոխարինել «վարչապետի» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը: 3. Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 19-րդ մասում կիրառված «եւ (կամ)» ձեւակերպումը: 4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի վերնագրից հետո դրված միջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»: 5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 2-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառված «ՀՀ» հապավմանը: 6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես? Նախագծում սահմանված չեն կարգապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուներին, նրանց ներկայացվող պահանջներին վերաբերող դրույթներ, ինչպես նաեւ կարգապահական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ կարգապահական հանձնաժողովի անդամների ձայների հավասար լինելու, կարգապահական հանձնաժողովի նախագահ չընտրվելու կամ կարգապահական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքերը կարգավորող իրավադրույթներ: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագծի դրսեւորման հնարավորության ապահավումն՝ առաջարկում ենք Նախագծում վերանայել կարգապահական հանձնաժողովի նախագահի վերաբերյալ ամբողջական իրավական կարգավորումների անհրաժեշտությունը: 7. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.2-րդ հոդվածի վերնագրում հոդվածի համարը հոդվածի վերնագրից, ինչպես նաեւ նույն հոդվածի 1-ին մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:» 8. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 9. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:»: Վերոնշյալ անցումային դրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածում անցումային դրույթների վերաբերյալ կարգավորումներից բխում է, որ նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթները պետք է վերաբերեն միայն տվյալ նորմատիվ իրավական ակտին: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ որեւէ այլ կարգավորում Նախագծում նախատեսված չէ: Հետեւաբար հասկանալի չէ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնների ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ անցումային դրույթի սահմանումը Նախագծի անցումային դրույթների շարքում: Բացի այդ, հարկ ենք համարում մեջբերել Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավակարգավորումը, այն է՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 14.03.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 14.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է. - «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել համապատասխան կանոնակարգումներով` ուղղված Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաեւ` Հանձնաժողով) ձեւավորման կառուցակարգեր ստեղծելուն: Մասնավորապես, առաջարկվում է Կոմիտեում ձեւավորել Հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից: Նախագծով ապահովվում է կարգապահական հանձնաժողովի ներառական կազմ, մասնավորապես` դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, իսկ Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է, - հստակեցնել կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը, մասնավորապես՝ նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ, - սահմանել հստակ ժամկետներ կարգապահական վարույթի իրականացման համար, ինչպես նաեւ երաշխիքներ՝ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից, - սահմանել այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել Հանձնաժողովի գործունեությանը՝ շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով, - սահմանել հանձնաժողովի ձեւավորման ժամկետները, ինչպես նաեւ նախատեսել կարգավորումներ, որոնք կապահովեն Կոմիտեի վարքագծի կանոնների ընդունումը եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 06.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) կարգապահական վարույթների իրականացման մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու հանգամանքով: Նախագծով առաջարկվում է՝ - Կոմիտեում ձեւավորել Կարգապահական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որը բաղկացած է 8 անդամից: Մասնավորապես, նախատեսվում է, որ Հանձնաժողովում ներառվելու են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ. - Հստակեցնել կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը: Նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունենալու է երկու փուլ՝ նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ. - Կարգապահական վարույթի իրականացման համար սահմանել հստակ ժամկետներ. - Սահմանել երաշխիքներ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից: Նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, իրավաբանական օգնություն ստանալ, հանդես գալ ներկայացուցչի միջոցով. - Սահմանել այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել Հանձնաժողովի գործունեությանը եւ այլ կարգավորումներ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման արդյունավետ եւ գործուն իրավակարգավորումներ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 13.03.2023թ.
|