ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-518-21.02.2023-ՏՀ-011/0) եւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5181 -21.02.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-518-21.02.2023-ՏՀ-011/0) եւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5181 -21.02.2023-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

16.03.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով  «Փոստային կապի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հղում է կատարված «Փոստային կապի մասին» օրենքին՝ նշելով վերջինիս կրճատ տարբերակը, մինչդեռ նշենք, որ Օրենքում եւ Նախագծում «Փոստային կապի մասին» օրենքը սահմանված չէ որպես «Օրենք»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի». հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված «Օրենքի» բառը փոխարինել «սույն օրենքի» բառերով:

2. Նախագծի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով: Մասնավորապես՝

Նախագծով նախատեսվում է «փոստային կապի ծառայություն» հասկացության սահմանումը, մինչդեռ Նախագծի մի շարք հոդվածներով օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ կետերում կիրառվում է «փոստային ծառայություն» ձեւակերպումը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետերում կիրառվում է «Առաքանու ներդրվածքը» ձեւակերպումը, մինչդեռ նշված դրույթը վերաբերում է ուղիղ փոստային առաքանուն:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետերում կիրառվում է «փոստային գործունեության տեսակ» ձեւակերպումը մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3.1-ին հոդվածով սահմանված են փոստային կապի գործունեության տեսակները:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետերում կիրառվում է «փոստային օպերատոր» ձեւակերպումը մինչդեռ Նախագծում սահմանված է «փոստային կապի օպերատոր» ձեւակերպումը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 47-րդ կետով սահմանված է «փոստային գաղտնիություն» հասկացության սահմանումը, հաջորդիվ հոդվածներում կիրառվում է «փոստային կապի գաղտնիություն» կամ «փոստային կապի ոլորտում գաղտնիություն» ձեւակերպումները:

Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 182-րդ հոդվածում լրացվող 10-րդ մասում առաջարկում ենք «ծառայությունների» բառից հետո լրացնել «մատուցման» բառը՝ հիմք ընդունելով Օրենքի 181-ին եւ 182-րդ հոդվածներով սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասինՄ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը:

Հարկ ենք համարում մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում կիրառված ձեւակերպումները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով նախատեսված է «կանոնակարգ» հասկացության սահմանումը. որպես կանոնակարգ սահմանված է նաեւ փոստային կապի օպերատորի գործունեության եւ սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պահանջներ. նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ կանոնակարգ է դիտարկվում նաեւ կանոնակարգերով սահմանված պահանջները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտում հասկացությունների սահմանումները տրվում են այն դեպքում, երբ օրենքում կիրառվում են նոր, բազմիմաստ կամ մասնագիտական հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ  չեն ընկալվում, կարծում ենք հասկացությունը չպետք է սահմանվի` օգտագործելով այդ նույն հասկացությունը կամ դրանից կազմված բառերը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «կանոնակարգ» հասկացության սահմանումը վերաձեւակերպել եւ հստակեցնել:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվում է գրանցվող փոստային առաքանու հասկացության սահմանումը, ըստ որի գրանցվող փոստային առաքանին հանձնվում է ստորագրությամբ՝ անձնագրի առկայության դեպքում: 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար»:  Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անձը հաստատող փաստաթուղթ եզրույթն ավելի ընդարձակ է եւ իր մեջ կլանում է նաեւ  նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչեւ 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը, ինչպես նաեւ փախստական ճանաչված, ինչպես նաեւ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, առաջարկում ենք գրանցված փոստային առաքանին հանձնելու համար պարտադիր սահմանել ոչ թե հանձնողի անձնագրի այլ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝  «Նամակագրական թղթակցությունը ներառում է հասարակ եւ գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ եւ փոքր փաթեթներ, տպագրված իրեր, ինչպիսին է ուղիղ փոստը:« Հարկ է նկատել, որ Օրենքում ուղիղ փոստի հասկացության եւ կարգավորումների բացակայությունը խնդրահարույց է դարձնում նամակագրական թղթակցության հասկացության սահմանումը: Հարկ է նկատել, որ Նախագծով, որպես փոստային առաքանու տեսակ, նախատեսված է ուղիղ փոստային առաքանու հասկացությունը, որը ըստ վերջինիս սահմանման չի նույնացվում նամակագրական թղթակցության հասկացության մեջ ներառված ուղիղ փոստի հետ: Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել ուղիղ փոստի հասկացությունը:

6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում համապատասխան օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով սահմանված «հասցեատեր» հասկացությունը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ «hասցեատեր (ստացող)` փոստային գործունեության ծառայություններից օգտվող, որին հասցեագրված է փոստային առաքանին, դրամական միջոցների փոստային փոխադրությունը, հեռագրային կամ այլ հաղորդագրությունը: Հասցեատերը կարող է փոստային օպերատորի կողմից սահմանված կարգով նշանակել ստացող, ով լիազորված է հասցեատիրոջ անունից ստանալու առաքանին»: Նշված դրոււյթի բովանդակությունից բխում է, որ յուրաքանչյուր փոստային օպերատորի կողմից սահմանված առանձին կարգով հասցեատերը կարող է նշանակել ստացող, ով լիազորված կլինի հասցեատիրոջ անունից ստանալու վերջինիս առաքանին: Տվյալ պարագայում հասկանալի չէ յուրաքանչյուր փոստային օպերատորի կողմից իր առանձին կարգ սահմանելու հնարավորության նախատեսումը: Մասնավորապես նշված դրույթի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը»: 

Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի (...) պաշտպանության նպատակով:»

Նշված  դրույթների բովանդակությունից բխում է, որ յուրաքանչյուր փոստային օպերատոր, ոչ միասնական մոտեցում ցուցաբերելով, կարող է սահմանել ըստ էության վարքագծի կանոններ, որոնց հիման վրա հասցեատիրոջ անունից վերջինիս համաձայնությամբ ցանկացած այլ անձ կարող է ձեռք բերել հասցեատիրոջը պատկանող առաքանին.

Սահմանադրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը վերապահվել է միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին: Այդ մարմինները կարող են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունել միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար: 

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում սահմանված «փոստային օպերատորի կողմից սահմանված կարգ» եզրույթը ինքնին ենթադրում է, որ այն հանդիսանում է պարտադիր կատարման ենթակա գործառույթ, այլ ոչ թե կամային մոտեցում: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ փոստային առաքանի ստանալը ուղղակիորեն կապված է անձի սեփականության իրավունքի իրացման հետ, որի սահմանափակումները եւ որի հետ կապված հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն օրենսդրությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում սահմանված ձեւակերպումը խմբագրել՝ ապահովելով փոստային կապի օպերատորների կողմից առաքանու ստացող նշանակելու համար միատեսակ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Բացի այդ նշենք, որ Քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ « Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջեւ ներկայացվելու համար»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, թոշակներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ եւ նպաստներ, ֆիզիկական անձանց` բանկային ավանդներ ու փոստային առաքանի ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաեւ այն կազմակերպությունը, որտեղ լիազորողն աշխատում կամ սովորում է, բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական այն հաստատության ղեկավարությունը, որտեղ լիազորողը ստացիոնար պայմաններում ստանում է բուժում»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է փոստային առաքանի ստանլը լիազոագրի, լիազորագիրը հաստատելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը: 

8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 3.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ « Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով պետք է ապահովի այլ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորների ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներին:»: 

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ Նախագծում եւ Օրենքում սահմանված չեն փոստային կապի ազգային օպերատորի ենթակառուցվածքների հասկացությունը, շրջանակը, ինչի արդյունքում անհասկանալի է նաեւ համապատասխան ենթակառուցվածքների ոչ խտրական մուտքն ապահովելու պարտականության բովանդակությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագծի դրսեւորման հնարավորության ապահավումն՝ առաջարկում ենք Նախագծում վերանայել փոստային կապի ազգային օպերատորի ենթակառուցվածքների վերաբերյալ ամբողջական իրավական կարգավորումների անհրաժեշտությունը: 

9. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 3.2-րդ եւ 3.3-րդ հոդվածների վերնագրում հոդվածների համարները հոդվածների վերնագրերից առաջարկում ենք բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»

10. Նախագծում առաջարկում ենք  պահպանել դասական թվականների գրության ձեւը, օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում կամ անհրաժեշտ է Նախագծի 2-րդ հոդվածում կիրառված «3.1» ձեւակերպումը փոխարինել՝ «3.1-ին» ձեւակերպմամբ կամ Նախագծի 9-րդ հոդվածում նշված «181-րդ» ձեւակերպումը փոխարինել «181 -ին» ձեւակերպմամբ:

11. Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

12. «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձեւավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը»: Նշենք, որ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նշված օրենքի հաջորդիվ հոդվածներում  «փաստաթղթի հատուկ առաքում» եզրույթի փոխարեն կիրառվելու է վերջինիս կրճատ տարբերակը, այն է՝ «հատուկ առաքում». մասնավորապես՝ «փաստաթղթերի հատուկ առաքումը (այսուհետ` հատուկ առաքում) (...)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Հիմք ընդունելով նշված դրույթը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը՝ առաջարկում ենք «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 7-րդ հոդվածում «Փաստաթղթերի հատուկ» բառերը փոխարինել «Հատուկ» բառով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

15.03.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

15.03.2023թ.










Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Փոստային կապի մասին» օրենքի հասկացությունները, մասնավորապես՝ սահմանվել է թվով 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին, խմբագրվել են փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ սահմանվել է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, դրանց վերահսկմանն առնչվող դրույթները, ինչպես նաեւ համապատասխան իրավական հիմքեր (լիազորող նորմեր) են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:

Բացի այդ, հաշվի առնելով, որ Նախագծով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկից առաջարկվում է հանել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքման ծառայությունը, անհրաժեշտություն է առաջացել  օրենքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումն ուժը կորցրած ճանաչել եւ նշված հոդվածով սահմանված կարգավորումը նախատեսել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի 7-րդ հոդվածով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ՝

- փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման (վերահաստատման կամ փոփոխման) հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես՝ 90-օրյա ժամկետը փոխարինվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով հանրային ծառայությունների կարգավորման մյուս ոլորտներում նույնական (ոչ տարբերակված) մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը,

- լրացնել նոր 6.2 հոդված, որով սահմանվում են փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի բնագավառի գաղտնիության ապահովման վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց խախտման դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կարգավորումներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

28.02.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ-պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության Համաձայնագրի դրույթներին «Փոստային կապի մասին» օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթում ընդգրկված ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   օրենքի նախագծով  (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Փոստային կապի մասին» օրենքում առկա մի շարք հասկացություններ՝ դրանք համապատասխանեցնելով Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ է սահմանվել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, ինչպես նաեւ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, լիազորող նորմեր են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար:

Առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման (վերահաստատման կամ փոփոխման) հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես՝ 90-օրյա ժամկետն առաջարկվում է փոխարինել 80 աշխատանքային օրով՝ ելնելով հանրային ծառայությունների կարգավորման մյուս ոլորտներում նույնական (ոչ տարբերակված) մոտեցում սահմանելու անհրաժեշտությունից:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում  Նախագծով առաջարկվող իրավակարգավորումից:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների եւ փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում, որոնք սոցիալական առումով դրական ազդեցություն կունենան բնակչության համար:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

14.03.2023թ.