ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-521-27.02.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5211 -27.02.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-521-27.02.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5211 -27.02.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «1-ին մասի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը եւ պիտակավորումը» վերտառությամբ 9-րդ հոդվածում լրացնել նոր՝ 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերհսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը»: Այսպես՝ Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են կարգավորումներ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման եւ պիտակավորման վերաբերյալ: Նշված հոդվածում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման, փոխադրման, իրացման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին, այն է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)»: Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը խմբագրել՝ հիմք ընդունելով վերոգրյալ դիտարկումները:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի ողջ տեքստում առկա «ՀՈԴՎԱԾ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը. «Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահաջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Մասնավորապես՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերը փոխարինել «1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» բառերով:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր՝ 110.4-րդ հոդված, մինչդեռ Օրենսգրքում արդեն իսկ առկա է 110.4-րդ հոդված, որն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսից:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 110.4-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «պայմանների խախտումն արձանագրելիս՝ առաջացնում են» բառերը փոխարինել «պայմանների խախտումն առաջացնում է» բառերով, իսկ 2-րդ մասում նշված «խախտման դեպքում՝ առաջացնում են» բառերը փոխարինել «խախտումն առաջացնում է» բառերով:

8. Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված է. «Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ»: Վերոգրյալից բխում է, որ վարչական իրավախախտման համար հիմք է հանդիսանում անձի՝ որեւէ պարտականություն չկատարելը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 110.4-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պայմանների կամ մակնշման կարգի խախտման համար: Ինչից հետեւում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում սահմանվում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պայմանները կամ մակնշման կարգը պահպանելու պարտականությունը չկատարելու համար: 

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Սահմանադրության 39-րդ հոդվածին, որով սահմանված է. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»: Այսպես՝ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ անձը պարտավոր է կատարել միայն այնպիսի պարտականություն, որը սահմանված է օրենքով: Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշմամբ, անդրադառնալով այս հարցին, նշել է. «Սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածի ուժով մարդուն օժտել է գործելու ազատությամբ՝ ազդարարելով, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները ու չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Հիշատակված սահմանադրաիրավական դրույթը երաշխավորելու եւ պետական իշխանության կողմից այն անհարկի չսահմանափակելու իրավական երաշխիքներ ստեղծելու նպատակադրմամբ սահմանադիրն ամրագրել է մարդու համար պարտականությունների՝ օրենքով սահմանելու հիմնարար պահանջը: (...) Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձեւական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում:»: Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշմամբ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»: Վերը մեջբերվածից բխում է, որ նախ՝ անձանց համար պարտականություններ նախատեսող նորմերը պետք է սահմանված լինեն հենց օրենքով, երկրորդ՝ պարտականության՝ օրենքով սահմանված լինելը դեռեւս բավարար չէ. այն պետք է լինի բավականաչափ հստակ, որպեսզի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար կանխատեսելի լինի, թե իրենց վարքագիծը կոնկրետ ինչ հետեւանքներ կարող է առաջացնել: 

Մինչդեռ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 110.4-րդ հոդվածով սահմանված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պայմանները կամ մակնշման կարգը պահպանելու հստակ պարտականություն սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Օրենքով այդ պայմաններին եւ կարգին անդրադարձ է կատարվում միայն 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով եւ 6-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ընդամենը նշելով, որ համապատասխան պետական մարմիններն իրավասություն ունեն այդ կարգերը սահմանելու: Նշենք, նաեւ, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասը նույնպես անհրաժեշտ հստակեցում չի մտցնում մատնանշված խնդիրը որոշակիացնելու հարցում: Վերոշարադրյալի հաշվառմամբ կարող ենք փաստել, որ հասկանալի չէ՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով եւ 6-րդ հոդվածի 2-րդ կետով նշված կարգերն ու կանոններն ինչ են իրենցից ներկայացնում, կոնկրետ ինչ հարցեր են կարգավորում, սահմանում են արդյոք անձանց համար պարտականություններ, թե ոչ: Հետեւաբար՝ առաջարկում ենք առնվազն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման, փոխադրման, իրացման պայմաններում եւ մակնշման կարգում անձանց համար պարտականություններ նախատեսող դրույթները (որոնց համար սահմանվում է վարչական պատասխանատվություն) սահմանել օրենքով: 

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով «110.4» ձեւակերպումը փոխարինել «110.4-րդ» ձեւակերպմամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքի, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.03.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:





ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.03.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է ոլորտի իրավական կարգավորումները համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը՝ հնարավորություն ստեղծելով տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների եւ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար: Այդ նպատակով առաջարկվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու համար սահմանել լիազորող նորմ, ինչպես նաեւ պատասխանատվություն՝ այդ արտադրանքի ապրանքային շարժի փուլերում այդ պահանջների խախտումների համար:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության մի համակարգ է, որն ուղղված է հողի, ամբողջ էկոհամակարգի եւ մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում կտրուկ նվազել է օրգանական գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված հողատարածքների մակերեսը եւ արտադրանքի ծավալները: Այն հիմնականում պայմանավորված է իրացման խնդիրներով, արտադրության իրականացման առանձնահատուկ պահանջներով, տեղական շուկայում ոչ բավարար պահանջարկով, սերտիֆիկացման գործընթացի հասանելիության հետ կապված դժվարություններով, պետական աջակցության թիրախավորված ծրագրերի բացակայությամբ եւ այլն: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել պետական վերահսկողություն իրականացնելու համար լիազորող նորմի սահմանումը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումը, որը կնպաստի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրմանը եւ կանխարգելմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու համար սահմանել լիազորող նորմ, ինչպես նաեւ պատասխանատվություն՝ այդ արտադրանքի ապրանքային շարժի փուլերում այդ պահանջների խախտումների համար: 

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում եւ բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում եւ արտադրության ծավալների աճ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

15.03.2023թ.