ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

« Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-520-27.02.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5201 -27.02.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5202 -27.02.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5203 -27.02.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-520-27.02.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5201 -27.02.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5202 -27.02.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5203 -27.02.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:











Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացնել նոր 41.1-ին հոդված, որի 2-րդ մասով սահմանված է՝ «Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում»:

Վերոնշյալ իրավակարգավորումը, կարծում ենք, բավարար չափով հստակ եւ որոշակի չէ, եւ իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ հետեւյալ հիմնավորմամբ. Նախագծով, նպատակ հետապնդելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար ներպետական հստակ ընթացակարգեր եւ մեխանիզմներ սահմանել, կարգավորում է նախատեսված միայն յուրաքանչյուր դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ. մինչդեռ սահմանված չեն, թե ինչ պետք է բովանդակի դատավորի՝ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությունը, առաջարկությունը պետք է ներկայացվի գրավոր թե բանավոր կամ Սահմանադրական դատարանը կարող է արդյո՞ք քննարկել խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությունը եւ չկայացնել որոշում, ինչ ժամկետներում Սահմանադրական դատարանը պետք է քննարկի դատավորի՝ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությունը: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա անձանց դրա հետ համատեղելու իրենց վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (ՍԴՈ-1213): 

Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքից բխող՝ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների հստակ եւ որոշակի լինելու պահանջն՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսել ամբողջական կարգավորումներ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով սահմանված համանման կարգավորումներին:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 41.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, որպես խորհրդատվական կարծիք ստանալու դիմումի մեջ ներառվող պարտադիր տարր նախատեսվում է «խնդրանքում բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող  փաստաազմն ու իրավական հիմքերը»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի բովանդակությունից բխում է, որ խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանը ներկայացնում է դիմում այլ ոչ թե խնդրանք:  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

Բացի այդ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ ներդրված խորհրդատվական կարծիք տրամադրելու ընթացակարգի իրականացման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ուղեցույցի բովանդակությունից եւս բխում է, որ խորհրդատվական կարծիք ստանալու համար դատարանները կամ տրիբունալները պետք է ներկայացնեն դիմում:

3. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝«Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

21.03.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

21.03.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարել համապատասխան լրացումներ՝ նախատեսելով ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

09.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում»  լրացումներ կատարել: 

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու հստակ կարգավորումներ նախատեսված չեն, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝  Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու ընթացակարգային կանոններ նախատեսել:

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                 Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

14.03.2023թ.