ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-526-06.03.2023-ԳԿ-011/0) եւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5261 -06.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-526-06.03.2023-ԳԿ-011/0) եւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5261 -06.03.2023-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
27.03.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետով սահմանվում է. «նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական կրթության հիմնական, այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը եւ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը»: Այսպես՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված են համապատասխանաբար «նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր» եւ «նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները, համաձայն ինչի՝ թե՛ նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիրը, թե՛ նախադպրոցական միջազգային կրթական ծրագիրը համարվում են նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրի տեսակներ: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետով սահմանվող հասկացությամբ նախադպրոցական այլընտրանքային, հեղինակային եւ միջազգային կրթական ծրագրերը ներկայացվում են որպես իրարից անկախ եւ իրար համարժեք հասկացություններ: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետը շարադրել առաջնորդվելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի այլ կետերով սահմանված հասկացություններով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ կետի «այլընտրանքային, հեղինակային, միջազգային» բառերին։ Միաժամանակ նշենք, որ քննարկվող նորմում կիրառվում են «նախադպրոցական կրթության հիմնական, այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական ծրագրեր», մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հասկացություններում կիրառվում են «կրթական ծրագիր» բառերը: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմում առկա առաջին «կրթության» բառը հանել եւ շարադրել «ծրագրերից» բառից առաջ: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Նշենք նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրա կարգավորումից դուրս է մնում նախադպրոցական կրթության՝ երեխաների խնամքի պահանջմունքների բավարարման նպատակաուղղվածության վերաբերյալ դրույթը: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով տրվում է «նախադպրոցական կրթություն» եզրույթի հասկացությունը, որը. «նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան եւ իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով»: Հարկ է նկատել, որ այս խնդիրը առկա է նաեւ Նախագծի այլ դրույթներում: 2. Հիմք ընդունելով Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում՝ դրա ցանկացած տեսակի եւ նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանվող «նախադպրոցական ծառայություն» հասկացության մեջ լրացնել նախադպրոցական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի առկայությունը պարտադիր պայման լինելու վերաբերյալ նշում: 3. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.2-րդ կետով. «բացառիկ ընդունակություններ ունեցող սան՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ով նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված գիտելիքների, հմտությունների, արժեքների եւ դիրքորոշման ձեռքբերման եւ ուսումնադաստիարակչական գործընթացում դրսեւորում է բացառիկ ունակություններ, կարողություններ եւ ունի լրացուցիչ ֆիզիկական, միջավայրային եւ ուսումնական հարմարեցումների կարիք»: Նշենք, որ վերոնշյալ դրույթով սահմանվող «բացառիկ ընդունակություններ ունեցող սան» հասկացությունը Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 17-րդ կետով սահմանվող «կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա» հասկացության հետ համադրելիս հասկանալի չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «բացառիկ ընդունակություններ ունեցող սան» եզրույթը, ինչո՞վ է այն տարբերվում «կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա» եզրույթի այլ դրսեւորումներից: 4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է. «Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում «օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը» բառերը եւ թվերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը» բառերով եւ թվերով»: Նշված փոփոխության արդյունքում Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն ունենում է հետեւյալ տեսքը. «Տարիքային խմբերի ձեւավորումը եւ երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ( )»: Նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայացված չէ որեւէ պատճառաբանություն վերոնշյալ փոփոխության վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչո՞վ է պայմանավորված հենց այդ ամսաթիվը սահմանելը եւ թե այդ փոփոխությունն ի՞նչ նպատակ է հետապնդում: Հարկ է նկատել, որ Նախագծով կատարվող բազմաթիվ այլ փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ հիմնավորումը նույնպես բացակայում է: Նշված փոփոխություններից կամ լրացումներից որոշներին կանդրադառնանք ստորեւ: 5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասով սահմանված է. «Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են»։ Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչպես է դրսեւորվում վերոնշյալ նորմում նշված առաջնահերթության կարգն ըստ հերթագրման ամսաթվի։ 6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ»: Այսպես՝ նշված կարգավորումից բխում է, որ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրվում են բացառապես կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված է. «մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական եւ մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին եւ մանկավարժական աշխատողներին»: Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջին: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից: 7. Նախագծի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում հիմնովին փոխվում է, թե նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ի՞նչ է իր մեջ ներառում: Այս կապակցությամբ նշենք, որ նոր խմբագրությամբ շարադրվող չափորոշիչը գործող Օրենքով սահմանված կարգավորման համեմատ չափազանց անորոշ է: Հարկ է նկատել նաեւ, որ, ի տարբերություն Նախագծի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը բխում է եւ լրիվությամբ իր մեջ արտացոլում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվող «նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ» հասկացությունը: 8. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով կատարվող լրացման արդյունքում Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասն ունենում է հետեւյալ տեսքը. «Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում՝ դրա ցանկացած տեսակի եւ նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է՝ բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերը»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Օրենքով սահմանված նախադպրոցական կրթական ծրագրերից նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերը լիցենզավորման ենթակա չեն: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում»: «Կրթության մասին» օրենքով նախատեսված չէ բացառություն օրենքով նախատեսված որեւէ կրթական ծրագրի համար: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացումը եւ «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը համապատասխանեցնել միմյանց: 9. Նախագծի 8-րդ հոդվածում առաջարկում ենք «խնամքի» բառից հետո լրացնել ստորակետ՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կապակցված միտքը պահպանելու նպատակով: 10. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածում կատարվող բոլոր փոփոխությունները միտված են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի վերապատրաստումը ընդհանրապես վերացնելուն: Նշենք, որ Նախագծին կից այս փոփոխությունների վերաբերյալ հիմնավորման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարների համար սահմանված մասնագիտական եւ որակական կարողությունների շարունակական զարգացման պարտադիր պահանջը վերացնելը: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ իրականում Նախագծով գրեթե նույնությամբ շարադրվում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ընդամենը «վերապատրաստվել» բառը փոխարինելով «դիմել» բառով: Նշենք, որ Նախագծի բազմաթիվ դրույթներով նշված է, որ դրույթը շարադրվում է նոր խմբագրությամբ, մինչդեռ կատարվում է ընդամենը մեկ բառի հետ կապված փոփոխություն կամ լրացում: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով. 2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով. 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով. 4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով»: 11. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասի 2-րդ կետում նշված են «ՀՀ կառավարության» բառերը: Այս առումով նշենք, որ նախ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Երկրորդ՝ Օրենքի ողջ տեքստում կիրառվում է «Կառավարություն» բառը, հետեւաբար առաջարկում ենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները հիմք ընդունելով՝ «ՀՀ կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 28-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում առկա «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերին: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասի 2-րդ կետում «պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման» բառերը շարադրված են երկու անգամ, առաջարկում ենք շտկել վրիպակը: Բացի այդ՝ առաջարկում ենք քննարկվող նորմում նշված «եւ ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը» բառերը հանել եւ «կազմում է» բառը փոխարինել «կազմում եւ համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում» բառերով: 12. Նախագծի 11-րդ հոդվածում առաջարկում ենք «20-րդ» թվից առաջ լրացնել «Օրենքի» բառը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի համաձայն՝ հղումը հստակեցնելու նպատակով: 13. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որով սահմանված է. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ( ) համակարգում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության կազմակերպումն ու իրականացումը»: Նշենք, որ այս կապակցությամբ Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ որեւէ հիմնավորում, հետեւաբար հասկանալի չէ նշված փոփոխության նպատակը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչելուն: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման բացակայության տեսանկյունից հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ կետին, որով, ի տարբերություն Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի գործող 9-րդ կետի, սահմանվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվող ուսումնական նյութերի ավելի անորոշ շարք: 14. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերանում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձեւերը եւ վարելու կարգը մշակելու՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը սահմանող դրույթը, ինչի արդյունքում եւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված դրա վերաբերյալ որեւէ հիմնավորման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ու՞մ է վերապահված նշված իրավասությունը: 15. Հարկ է նկատել, որ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում Օրենքից հանվում են «ֆինանասավորման բարձրացված չափաքանակ» բառերը: Առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված «նախադպրոցական ֆինանասավորման բարձրացված չափաքանակ» հասկացության հետ: 16. Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները ( ) լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ մարզաառողջարանական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ»: Վերոնշյալ դրույթի գործող կարգավորմամբ նշված է, որ «Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները ( ) լրացուցիչ կրթական, մարզաառողջարանական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ»: Այսպես՝ Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում են օրենսդրությամբ չարգելված նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ձեռնարկատիրական գործունեության տեսակները: Հարկ է նկատել, որ Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի գործող 1-ին կետով որպես այդպիսի գործունեության տեսակ սահմանված են լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունները: Մինչդեռ Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում սահմանվում է, որ օրենսդրությամբ չարգելված նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ձեռնարկատիրական գործունեության տեսակներ են մարզաառողջարանական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայությունները եւ լրացուցիչ կրթական ծրագրերը: Կարծում ենք, որ «լրացուցիչ կրթական վճարովի ծառայություն» եւ «լրացուցիչ կրթական ծրագիր» եզրույթները տարբեր բովանդակություն ունեն եւ տարբեր միտք են արտահայտում եւ մեկը մյուսով փոխարինելու արդյունքում դրույթի իմաստը ամբողջովին փոխվում է: 17. Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր՝ 30-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. «Անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հետագա պաշտոնավարման համար մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը պետք է ապահովեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունենալու պահանջը: Սույն դրույթի պահանջները չբավարարած նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրելը լուծվում են»: Այսպես՝ նշված դրույթի համաձայն՝ անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը պետք է բավարարեն նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունենալու պահանջը: Նշենք, որ քննարկվող նորմի ձեւակերպումից բխում է, որ դրույթը վերաբերում է միայն անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատող տնօրեններին: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչպե՞ս է կարգավորվում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատող եւ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) չունեցող տնօրենների հարցը: 18. Նախագծի 16-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում»: Նախ՝ առաջարկում ենք նշված հոդվածում «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Երկրորդ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով, բացի Նախագծի 12-րդ եւ 13-րդ հոդվածներից, առկա են նաեւ այլ դրույթներ, որոնցից բխում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես օրինակ՝ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 28-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածով սահմանել նաեւ այդ հոդվածներից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետ, ինչպես նաեւ՝ սահմանել Նախագծի այն դրույթները, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: 19. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՕ-267-Ն» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Այսպես՝ վերոգրյալ նորմից բխում է, որ օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը օրենքի վերնագրի մեջ ներառված չեն, հետեւաբար օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ չէ դրանք նշել: 20. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ճիշտ շարադրել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի վերնագիրը, մասնավորապես՝ «2020» թվից առաջ շարադրելով «օրենքում փոփոխություն կատարելու մասին» բառերը: 21. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակը նշված նախագծում այլեւս չի կիրառվում: 22. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվում է փոփոխություն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի անցումային դրույթ հանդիսացող 2-րդ հոդվածի 2-րդ մասում: Մանսավորապես՝ «Արդեն գործող զարգացման կենտրոնների (մանկական կենտրոնների) լիցենզավորման գործընթացի իրականացման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 30-ը» դրույթում նախատեսվում է «2022» թիվը փոխարինել «2023» թվով: Հարկ է նկատել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը եւ դրա 2-րդ հոդվածի 2-րդ մասը ուժի մեջ են մտել 2020 թվականի մայիսի 21-ին եւ դրանում նշված մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը վերջնաժամկետն արդեն իսկ սպառված է: Այս կապակցությամբ նշենք, որ ցանկացած իրավական ակտի անցումային դրույթներ, ինքնուրույն նշանակություն չունեն, եւ չեն կարող գործել հիմնական դրույթներից անկախ: Այդ դրույթների անվանումն իսկ դրա մասին է վկայում. դրանք կոչված են ապահովելու անցումը նախորդ իրավակարգավորումներից գործող իրավակարգավորումներին: Ի տարբերություն եզրափակիչ դրույթների՝ անցումային դրույթներն ունեն ժամանակավոր կարգավորիչ բնույթ եւ իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը: Այսպիսով, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի անցումային դրույթ հանդիսացող 2-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ իրեն սպառել է դեռեւս 2022 թվականի դեկտեմբերի 30-ին. հետեւապես՝ անցումային դրույթների փոփոխությունը ոչ միայն վերաբերում էր հենց այդ անցումային դրույթներին, այլեւ այդ դրույթով սահմանված կոնկրետ վերջնաժամկետ ունեցող անցման գործընթացին, որի վերջնաժամկետն արդեն մի քանի ամիս է, ինչ սպառված է: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի, «Կրթության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 27.03.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 27.03.2022թ.
Ներկայացված Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն առնչվող հարցերը եւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը, հստակեցնել պարտադիր վերապատրաստման պարբերականությունը, հանել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը եւ սահմանել կարգավորումներ նախադպրոցական կրթության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Փաթեթում ընդգրկված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում»: Առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում այլեւս չի գործի այն կարգավորումը, համաձայն որի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Կառավարությունը, որի հետ կապված անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, որով «նախադպրոցական ֆինանսավորման բարձրացված չափաքանակ» հասկացությունը սահմանվում է որպես կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսավորման չափ: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ավելացնել նոր՝ 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ? «6? ուժը կորցրած ճանաչել 24-րդ կետը»: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախադպրոցական ուսումնական հաստատությունը սահմանվում է որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական կրթական ծրագրերից առնվազն մեկը: Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխության համաձայն կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Կարծում ենք, որ եթե պետական (համայնքային) նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեից միջոցների հատկացումը տրամաբանական է, ապա ոչ պետական ուսումնական հաստատությունների մասով դա չունի հիմնավորվածության բավարար աստիճան: Ըստ էության, վերջիններիս մասով այդ խնդրի լուծումը պետք է տեղի ունենա լիցենզիայի տրամադրման շրջանակներում՝ խելամիտ հարմարեցումների առկայությունը որպես գործունեության իրականացման համար պարտադիր պայման դիտարկելու միջոցով: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 20.03.2023թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» եւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարել: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 4-րդ պարբերությամբ սահմանված կետերի պահանջների կատարմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել՝ - «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված որոշ հասկացություններ (նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր, նախադպրոցական ուսումնական հաստատություն, կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա եւ այլն), - նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվողների շրջանակը, - նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման ժամկետը, - նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները սահմանող դրույթները եւ այլն: Նախագծերի փաթեթով ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը: 2. Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական տեսանկյունից, մեր կարծիքով, կունենա դրական նշանակություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայուն եւ առողջ հասարակություն ձեւավորելու նախապայմաններից է երեխաների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, քանի որ նրանք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 24.03.2022թ.
|