ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-527-07.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-527-07.03.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
28.03.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր 8-րդ կետ, որի համարակալումը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի բովանդակությանը. մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ «3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: (…) 7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով (...)»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող նոր 8-րդ կետի համարը տեքստից բաժանել փակագծով: 2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով «սեռային ներկայացվածություն» ձեւակերպումը եւ դրա հետ կապված կարգավորումները փոխարինվում են սեռերի հավասարությունն ապահովող որոշակի քանակական սահմանաչափով, այն հիմնավորմամբ, որ «սեռային ներկայացվածություն» ձեւակերպումն անորորշ է, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող նոր 8-րդ կետում նշված «յուրաքանչյուր սեռի ներկայացվածության» բառերը փոխարինել «տարբեր սեռերի հավասարությունն ապահովող քանակական չափանիշի» բառերով: Սույն առաջարկը բխում է նաեւ այն հանգամանքից, որ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, որին համապատասխան դրույթը հղում է կատարում, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն այլեւս չի սահմանում սեռային ներկայացվածության պահանջ: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սեռի ներկայացվածությամբ» բառերը, մինչդեռ նշենք, որ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում նման ձեւակերպում սահմանված չէ. մասնավորապես՝ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված է «սեռային ներկայացվածություն» ձեւակերպումը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված փոփոխության հետ զուգահեռ հանել նաեւ «ժամկետով» բառից հետո նշված «՝» կետադրական նշանը՝ երկու կետադրական նշանների միաժամանակյա առկայությունից խուսափելու նպատակով. այսպես՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «1) հանել «՝ սեռային ներկայացվածությամբ» բառերը եւ կետադրական նշանը.»: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացումը կատարվում է ոչ թե «ժամկետով» բառից հետո, քանի որ վերջինիս հաջորդում է վերջակետ, այլ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր 3-րդ նախադասություն: 4. Նախագծով նախատեսվում են սահմանել կարգավորումներ, որոնցով կշտկվի Խորհրդի կազմում եւ Կարգավորող պետական մարմնի կազմում կանանց անբավարար ներկայացվածությունը. մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում են կարգավորումներ, որոնց հիման վրա իմպերատիվ կարգով սահմանվում են Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացվածության քանակը: Նույնական իմպերատիվ պահանջ սահմանված է նաեւ Կարգավորող պետական մարմնի կազմի համար. մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուռ սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Նախագծով Խորհրդի եւ Կարգավորող պետական մարմնի կազմի համար սահմանվում է նոր պարտադիր պահանջ՝ այն է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը երկուսից պակաս չլինելը: Այսինքն՝ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո գործող Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի կազմի համար նախատեսվելու է նոր պահանջ: Այսինքն՝ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի կազմի համար նախատեսված իմպերատիվ պահանջները տարածվելու են Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի ներկայումս գործող կազմի վրա, քանի որ Նախագծի անցումային դրույթներում բացակայում է Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի գործող կազմի անդամների պաշտոնավարումը շարունակելու, պաշտոնը պահպանելու կամ որեւէ այլ անցում սահմանող անցումային դրույթ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: Նախագծով որեւէ անցումային դրույթի բացակայությունը, կարծում ենք, կարող է շոշափել Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի գործող կազմերի անդամների շահերը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է մինչեւ սույն Նախագծի ընդունումն ընտրված Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի կազմի համար իրենց պաշտոնը պահպանելու վերաբերյալ կարգավորումներ նախատեսել՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով հատուկ կարգավորում նախատեսել Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի կազմի այն անդամների համար, ովքեր արդեն իսկ նշանակվել են: Այսպիսով՝ Նախագծով անցումային դրույթների բացակայության արդյունքում Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի գործող կազմի լիազորությունները կանխատեսելի եւ կանոնակարգված չեն, ինչի արդյունքում հասկանալի չէ՝ արդյո՞ք, Կարգավորող պետական մարմնի կամ Խորհրդի գործող կազմերը փոփոխության ենթարկվելու են, թե ոչ: Հիմնվելով վերը նշված վերլուծության վրա՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել անցումային դրույթ առ այն, որ մինչեւ սույն օրենքն (Նախագիծը) ուժի մեջ մտնելը նշանակված Կարգավորող պետական մարմնի եւ Խորհրդի կազմի անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց՝ Օրենքով սահմանված լիազորությունների ավարտը կամ սահմանել համապատասխան դրույթների գործողության այլ ժամկետներ: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 28.03.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 28.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիային մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 35-րդ հոդվածի 1-ին մասում «սեռային ներկայացվածություն» ձեւակերպման փոխարեն ամրագրել «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից» արտահայտությունը, որի արդյունքում, ըստ Նախագծի հեղինակների, մասնակիորեն կհաղթահարվի Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածության խնդիրը, հանրային ընկալումներում կարժեւորվի կանանց ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 14.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող Օրենքում առկա անորոշությունները վերացնելու, Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց ներգրավվածության Օրենքով սահմանված իրավական հիմքերը խոցելի են, ձեւակերպված են իրավական անորոշությամբ, ինչը բավարար երաշխիքներ եւ գործուն հնարավորություններ չի ապահովում կանանց ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար: Մասնավորապես, Օրենքում (Հոդված 23, 2-րդ մաս), ընդամենն ամրագրված է, որ Հանրային հեռարձակողի կառավարման խորհրդի կազմը (7 անդամ) պետք է սեռային ներկայացվածություն ապահովի` առանց հստակեցնելու մեխանիզմը կամ համամասնությունը: Այսպիսով, գործող կարգավորումները չեն արտացոլում գենդերային հարցերի վերաբերյալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ շրջանակներում ընդունված փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը (Հոդված 86) երաշխավորում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, իսկ կանանց եւ տղամարդկանց միջեւ փաստացի հավասարության խթանումը պետության քաղաքականության հիմնական նպատակներից է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Օրենքի հոդված 23-ի 2-րդ մասում եւ հոդված 35-ի 1-ին մասում «սեռային ներկայացվածություն» ձեւակերպման փոխարեն ամրագրել «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից» բառերը: Նախագծի ընդունմամբ մասնակիորեն կհաղթահարվի Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածությունը, գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 22.03.2023թ.
|