ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-529-09.03.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-529-09.03.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
30.03.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝ «7. Ավագանու նորմատիվ, անհատական եւ ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով եւ նույն ժամկետում տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ ավագանու, օրինակ, ներքին իրավական ակտերը հրապարակված են համարվում ոչ միայն քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրելու միջոցով, այլեւ լիազոր մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերի հրապարկման միասնական կայքում հրապարակելու միջոցով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է՝ «Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի եւ հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով ներքին իրավական ակտերի հրապարակման եղանակ է համարվում համապատասխան ակտը ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելը՝ առանց այլ օրենքներով այլ կարգ սահմանելու մասին նշման: Միաժամանակ նշեմ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածը բացառապես նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման հետ կապված կարգավորումներ է նախատեսում: Ընդ որում նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, թե նորմատիվ բնույթի ենթաօրենսդրական ակտերի համար սահմանված որ կարգավորումները կարող են տարածվել անհատական եւ ներքին բնույթի ակտերի վրա. մասնավորապես՝ «Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական եւ ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին իրավական ակտի ընդունում»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ ներքին իրավական ակտերի վրա տարծվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող միայն օրենսդրական տեխնիկայի, կառուցվածքի, փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ժամկետները հաշվարկելու վերաբերյալ կարգավորումները, բայց ոչ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական հրապարակմանը վերաբերող կարգավորումները: Այսպիսով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով պաշտոնական հրապարակմանը վերաբերող կարգավորումները վերաբերում են նորմատիվ բնույթի իրավական ակտերին, հետեւաբար անհատական կամ ներքին իրավական ակտերի՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու համար անհրաժեշտ է համապատասխան կարգավորումներ նախատեսել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով՝ քաղաքապետի ոչ նորմատիվ բնույթի ակտերը՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու վերաբերյալ կարգավորմանը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 30.03.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 30.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր սստեղծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքում Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրման համար, ինչն առավել դյուրին կդարձնի որեւէ ակտին եւ դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը եւ այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը: Խնդիրը, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է նրանում, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երեւան քաղաքի ավագանու եւ Երեւանի քաղաքապետի ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում, իսկ Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում են ավելի քան 6000 ակտեր: Ուստի, Երեւան քաղաքում բնակվող անձանց եւ Երեւան քաղաքի տարածքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ նշված ակտերին՝ իրենց գործունեության իրականացման ընթացքում, որի ապահովմանն էլ միտված է տվյալ Նախագծի ընդունումը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 17.03.2023թ.
1. Նախագծով առաջարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ եւ լրացում կատարել: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքի ավագանու եւ Երեւանի քաղաքապետի ընդունած իրավական ակտերը քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրելուց բացի հրապարակել նաեւ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքում, ինչը, ըստ Նախագծի հեղինակի, առավել դյուրին կդարձնի այդ ակտերի բովանդակությանը ծանոթանալու ընթացքը: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքում կիրարկված «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» օրենքն ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 7-ին: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 27.03.2023թ.
|