ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-531-10.03.2023-ՊԱ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5311 -10.03.2023-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5312 -10.03.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-531-10.03.2023-ՊԱ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5311 -10.03.2023-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
31.03.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 11-րդ մասում նշված օրենքի վերնագիրը փոխելիս առաջարկում ենք հանել նաեւ «օրենքով» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նշված դիտողությունը վերաբերելի է նաեւ Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք հստակեցնել, որ նշված փոփոխությունը կատարվում է Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում նշված բառերի հետ, բացի այդ՝ առաջարկում ենք քննարկվող նորմում նշված «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԸ» եւ «ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառերը շարադրել փոքրատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում մեջբերված բոլոր հոդվածների վերնագրերին: 3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում կատարվում է փոփոխություն ոչ թե բառերի, այլ թվերի հետ կապված, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ առաջարկում ենք քննարկվող նորմում ցանկացած հոլովաձեւերով առկա «բառեր» բառերը փոխարնել «թվեր» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթի բոլոր այն դրույթներին, որտեղ «թիվ» բառի փոխարեն կիրառվել է «բառ» բառը: 4. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6-րդ մաս, որով սահմանված է. «Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է «գերատեսչական մեդալով պարգեւատրում» խրախուսանք կիրառվել նաեւ համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթը չափազանց անորոշ է. հասկանալի չէ, թե «համապատասխան ոլորտ» բառերը կոնկրետ ինչ ոլորտների կարող են վերաբերել, ինչպես նաեւ հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «նշանակալի ծառայություն» հասկացությունը, ինչպես նաեւ՝ ինչ չափանիշներին պետք է այն համապատասխանի, որպեսզի այն համարվի գերատեսչական մեդալով պարգեւատրման արժանի: Բացի այդ՝ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի համաձայն՝ «գերատեսչական մեդալով պարգեւատրում» խրախուսանքը կարող է կիրառվել նաեւ համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ: Նշենք, որ այսպիսի դրույթ սահմանելու հետ կապված առաջանում է անհրաժեշտություն՝ Օրենքի այլ կարգավորումներում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես օրինակ՝ Օրենքի 11-րդ հոդվածում, որով սահմանվում է խրախուսանքներ կիրառելու կարգը: 5. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում առաջարկում ենք «առաջին նախադասությունում» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասն ունի միայն մեկ նախադասություն եւ հստակեցման կարիք չկա: 6. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում «հատուկ գլխով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հատուկ մասով» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իրավախախտում համարվող արարքները սահմանվում են Օրենքի հատուկ մասով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում նշված «հատուկ գլխով» բառերին: 7. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 20-րդ հոդվածում եւ դրա վերնագրում «խախտման» բառը փոխարինել «իրավախախտման» բառով: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչու է վերոնշյալ փոփոխությունը կատարվում միայն Օրենքի 20-րդ հոդվածում, եթե այդ հոդվածն ընդգրկող 3-րդ գլխի վերնագրում եւ «կարգապահական խախտում» հասկացությունը սահմանող 13-րդ հոդվածի վերնագրում եւ հասկացությունում համապատասխան փոփոխություն չի կատարվում: 8. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ» կարգապահական տույժը «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով» կարգապահական տույժով փոխարինել: Այսպես՝ Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը»: Դրանից բխում է, որ Օրենքի գործող կարգավորումներով կին զինծառայողների նկատմամբ չի կիրառվում «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ» կարգապահական տույժը: Նշենք, որ Նախագծով Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում որեւէ փոփոխություն չկատարելու արդյունքում ստացվում է, որ կին զինծառայողների նկատմամբ չի կիրառվում «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով» կարգապահական տույժը: Ինչի կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթին կից այս կապակցությամբ որեւէ հիմնավորում չներկայացնելու պարագայում հասկանալի չէ, թե ինչ սկզբունքի հիման վրա է որոշվել, որ «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով» կարգապահական տույժը կիրառելի է միայն տղամարդկանց նկատմամբ: 9. Նախագծի 20-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում լրացում կատարելու արդյունքում այն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Եթե ենթակա զինծառայողի կողմից թույլ տրված կարգապահական խախտման ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իր իրավասությանը վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը համարում է ոչ բավարար, ապա կարող է սույն հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ գրավոր միջնորդել ավելի բարձր հրամանատարին (պետին)` կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ»: Նշված դրույթով հղում է կատարվում Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին, որով Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին կետով նշված փոփոխությունները կատարելու արդյունքում, սահմանված է. «Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում»: Այսպես՝ այս դրույթից բխում է, որ դրանում նշված 30-օրյա ժամկետը ֆիքսված չէ, 30 օրը առավելագույն ժամկետն է, հետեւաբար կարգապահական տույժ կարող է տրվել կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը ստանալուց 30 օրից շատ ավելի կարճ ժամկետում: Այս փաստի հաշվառմամբ նշենք, որ ոչ միշտ կարող է հնարավոր լինել պահպանել Նախագծի 20-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում լրացվող պահանջը, այն է՝ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ գրավոր միջնորդություն կատարել, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ կարգապահական տույժ կարող է տրվել կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը ստանալուց 15 օրյա կամ դրանից ավելի կարճ ժամկետում: 10. Նախագծի 20-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում լրացում կատարելու արդյունքում այն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը եւ կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառելու ավելի խիստ կարգապահական տույժ, եթե գտնում է, որ կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը չի համապատասխանում կարգապահական խախտման ծանրությանը՝ ուժը կորցրած ճանաչելով կրտսեր հրամանատարի (պետի) կողմից կիրառված կարգապահական տույժը՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի՝ դրանց կիրառումը փաստացի սկսված լինելու դեպքում, որոնց պարագայում թույլատրվում է ավելացնել տրված կարգապահական տույժի օրերի քանակը, եթե դրանք տրված չեն համապատասխան կարգապահական տույժի առավելագույն ժամկետով»: Նշենք, որ քննարկվող նորմում հղում է տրվում Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված որոշակի ժամկետով տրվող բոլոր կարգապահական տույժերին, բացի Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետում նշված «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով» կարգապահական տույժից: Առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասում «5-րդ» թվից հետո լրացնել «, 4-րդ» կետադրական նշանը եւ թիվը: 11. Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ որպես կարգապահական պատասխանատվության տեսակ նշված է. «ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ քսան օր ժամկետով»: Հարկ է նկատել, որ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված կարգապահական տույժերի մեջ առկա չէ «ծառայության վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի տեսակ: Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նշված է «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով» կարգապահական տույժի տեսակը, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «զորամասի տեղաբաշխման» բառերով: Նշյալ դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի այլ դրույթներում առկա «ծառայության վայրից հերթական արձակումից զրկում» բառերին: 12. Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածով որպես՝ կարգապահական իրավախախտման տեսակ նշված է կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները խախտելը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 542-րդ հոդվածն ունի «Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը» վերնագիրը, որը նույնական է Օրենքի գործող 35-րդ հոդվածի վերնագրին: Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 542-րդ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը պետք է համապատասխանեցնել Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի վերնագրին եւ բովանդակությանը: 13. Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 41-րդ հոդվածով սահմանվում է կարգապահական նոր իրավախախտում՝ «Օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը»: Նշենք, որ նշված հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ սահմանափակումների մասին է խոսքը եւ ինչ օրենքով են դրանք սահմանվում: Եթե քննարկվող նորմը վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, ապա, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի համաձայն, պետք է հստակ հղում կատարել այդ հոդվածին: Բացի այդ՝ նշենք, որ եթե Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 41-րդ հոդվածում նշված սահմանափակումները նույն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն են, ապա հասկանալի չէ, թե Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 41-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ սահմանափակումներ խախտելն ինչպես է դրսեւորվում: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի 41-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը» այլեւս չի համարվում կարգապահական իրավախախտում, ինչի վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ որեւէ կարգավորում: 14. Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու, շահագործելու կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»: Հարկ է նկատել, որ նշված դրույթի ձեւակերպումից բխում է, որ զինծառայողի կողմից ցանկացած մեքենայով ճանապարհային երթեւեկության ցանկացած կանոն խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Առաջարկում ենք հստակեցնել, որ խոսքը վերաբերում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կամ ծառայողական տրանսպորտային միջոց կիրառելիս ճանապարհային երթեւեկության կանոն խախտելուն: 15. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «2017» թվին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 16. Օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 1-ին կետով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը»: Այսպես՝ նշենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 47-րդ հոդվածով սահմանվում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորման կարգը: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ որեւէ հիմնավորում առ այն, թե պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորում անցած լինելու հանգամանքը ինչու պետք է ունենա որոշիչ նշանակություն: 17. Օրենքի նախագծի 17-րդ հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 8-րդ կետ, որի համաձայն, պայմանագրային զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում: Այսպես՝ նշենք, որ լրացվող դրույթը բավականաչափ որոշակի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ ընթացակարգով է իրականացվում այս դեպքում պաշտոնի իջեցումը, ինչ չափանիշների առկայությունն է բավարար «ծառայողական պարտականությունների մեջ թերացում» համարվելու համար: Նշենք նաեւ, որ քննարկվող դրույթի անորոշ լինելու պայմաններում հասկանալի չէ, թե ինչով է այն տարբերվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու հիմքով ցածր պաշտոնի նշանակվելուց եւ ինչու այդ կարգապահական տույժի տեսակը չի կարող կիրառվել ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում: 18. Օրենքի նախագծի 19-րդ հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 7.1-ին կետով սահմանված է. «Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է (...) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում»: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Գործուղման անհրաժեշտությունը վերանալուց հետո պայմանագրային զինծառայողներն ուղարկվում են գործուղող մարմին` նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից` առանց զինվորական պաշտոնի նշանակվելու»: Այսպես՝ այս դրույթից բխում է, որ գործուղված զինծառայողի դեպքում զինվորական ծառայությունից արձակվելու վերաբերյալ որոշումն ընդունում է հենց զինծառայողը, այսինքն՝ նա կարող է զինվորական ծառայությունից արձակվել միայն եթե նա այդպիսի ցանկություն է հայտնել: Մինչդեռ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասն ունի իմպերատիվ բնույթ, եւ դրանով սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը պետք է ազատվի զինվորական պաշտոնից՝ անկախ իր ցանկությունից: 19. Օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ կետով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 54-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն` պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկ չափով: Մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը` զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով»: Այսպես՝ նշված դրույթով սահմանվում են հրաժարագին վճարելու չափը, ժամկետները եւ կարգը: Այս առումով նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով սահմանված է. «Հրաժարագնի չափը, ինչպես նաեւ այն տրամադրելու ժամկետները եւ կարգը սահմանում են կողմերը»: Մինչդեռ այս դեպքում այն սահմանվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին»: Հետեւաբար առաջարկում ենք խմբագրել Օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ կետով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 54-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասը՝ վերոնշյալ դիտարկումները հաշվի առնելով: 20. Օրենքի նախագծի 26-րդ հոդվածի 1-ին կետով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 59-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավելու հայտարարված վարժական հավաքին»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ եթե անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում վարժական հավաքներից խուսափելու հիմքով, ապա նա կարող է մասնակցել վարժական հավաքներին գրավոր ցանկություն հայտնելու դեպքում: Նշենք, որ այս դեպքում հասկանալի չէ, թե ինչպես է իրագործվելու քրեական հետապնդման մեջ գտնվող անձի՝ վարժական հավաքին մասնակցությունը, եթե նրա նկատմամբ նախաձեռնված է քրեական վարույթ, որն ընթացքի մեջ է: 21. Օրենքի նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի մի շարք հոդվածներում «կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով: Այս կապակցությամբ նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նշված երկու արտահայտություններն էլ կիրառվում են, դրանք ունեն տարբեր իմաստներ եւ մեկը մյուսով չեն կարող փոխարինվել: 22. Օրենքի նախագծի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության,» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ» բառերով: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչու է այս փոփոխությունը կատարվում միայն 72-րդ հոդվածի 1-ին մասում, եթե այդ բառերն առկա են նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի այլ դրույթներում, ինչպես օրինակ՝ 9-րդ հոդվածի 5-րդ մասում, 44-րդ հոդվածի ողջ տեքստում եւ այլն: 23. Օրենքի նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «դրույթները» բառից հետո լրացում կատարել: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նորմում առկա են երկու «դրույթները» բառեր՝ առաջարկում ենք հստակեցնել Օրենքի նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ կետը: 24. Օրենքի նախագծի 34-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 25. Օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 5-րդ մասում «նորմատիվ» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «ենթաօրենսդրական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Բացի այդ՝ առաջարկում ենք օրենքի նախագծի 34-րդ հոդվածով սահմանել նաեւ, որ օրենքի նախագծի 31-րդ հոդվածը գործելու է դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Օրենքի, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքի, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոնները՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթը ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 31.03.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի Հանրապետության քրեական օրսնգրքում փոփոխություն կատարելու: Մանսավորապես, ինչպես արդեն նշվել է սույն եզրակացությամբ, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 542-րդ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը համապատասխանեցնել Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի վերնագրին եւ բովանդակությանը Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 31.03.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցնել կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն սահմանել զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.03.2023թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ` Հիմնավորում) ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի (այսուհետ` Կանոնագիրք) կիրառման շրջանակներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու համար առաջարկվում է Կանոնագրքում կատարել հստակեցումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում` մինչեւ 30 տոկոսի չափով եւ մինչեւ երեք ամիս ժամկետով եւ այլն: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվում է սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն` պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, հստակեցնել համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները եւ այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը, ինչպես նաեւ մարտական հերթապահության իրականացման որոշակի ժամանակացույցով զինծառայություն իրականացնող զինծառայողների արձակուրդների տրամադրման կարգը, զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչվելու պայմանները եւ այլն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելու, զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելու եւ այլ դեպքերի համար: 2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 2.1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 10-րդ հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ սույն օրենքի հատուկ գլխով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածում սահմանված իմաստով եւ կարգով:»: Առաջարկում ենք Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 16-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ գլխով» բառերը փոխարինել «հատուկ մասով» կամ «5-րդ գլխով» բառերով (տե՛ս Նախագծի 21-րդ եւ 25-րդ հոդվածները): Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին: 2.2. Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.»: Վերոգրյալի հետ կապված առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում եւ Նախագծի ամբողջ տեքստում «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի իջեցում» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրության մեջ կիրառվում է «պաշտոնային դրույքաչափ» եզրույթը: 2.3. Նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «կարգապահական իրավախախտման մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու» բառերը փոխարինել «սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու» բառերով, իսկ «` չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերը հանել.»: Նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ՝ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, մեր կարծիքով, իմաստային առումով հստակ չէ եւ խմբագրման կարիք ունի: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Օրենքի վերը նշված հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ կերպ. «Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ տրվում է կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից՝ սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:»: 2.4. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 12-րդ հոդվածով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում «կարգով» բառից հետո լրացնել «՝ արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում» բառերը:»: Այսինքն, առաջարկվող լրացման արդյունքում ստացվում է, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով՝ արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Վերոգրյալի հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են Օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում: Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է` 1) շարքային կազմի համար` 24 ամիս. 2) պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս...»: Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների նկատմամբ կարող է դրսեւորվել տարբերակված (անհատական) մոտեցում, որի արդյունքում վերջիններիս օրենքով սահմանաված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը հնարավոր է երկարաձգել (օրինակ՝ 24 ամիս 5 օր կամ 24 ամիս 30 օր): Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հիմնավորմամբ պատճառաբանված չէ, թե ինչո՞վ է պայմանավորված առաջարկվող լրացման անհրաժեշտությունը: Ուստի, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը, մեր կարծիքով, հստակեցման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 21.03.2023թ.
|