ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-533-17.03.2023-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5331 -17.03.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-533-17.03.2023-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5331 -17.03.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

03.04.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ հոդվածի 5-րդ մասում նշված են «հանձնաժողով (հանձնաժողովներ)» բառերը: Այս կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (...)»: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմից «(հանձնաժողովներ)» բառը հանել:

2. Նախագծի 4-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում անհրաժեշտություն է առաջանում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում դրան հղում կատարող դրույթներում համապատասխան փոփոխություններ կատարելու: Մասնավորապես՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 41-րդ հոդվածի 8-րդ մասում:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետից առաջարկում ենք հանել «Հոդված» բառը՝ այդ դրույթի կապակցված միտքը պահպանելու նպատակով:

4. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագրին:

5. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

6. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը», եւ այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում են միայն լրացումներ:

7. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթներով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում, 7-րդ հոդվածի 6.1-ին եւ 16-րդ հոդվածի 5.1-ին մասերում տարբեր հոլովաձեւերով նշված «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով: Այս կապակցությամբ նշենք, որ 2023 թվականի մարտի 1-ին ընդունվել, սակայն դեռեւս չի ինկորպորացվել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում, 7-րդ հոդվածի 6.1-ին մասում նախատեսվում է տարբեր հոլովաձեւերով նշված «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով, իսկ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոնները՝ նշենք, որ Նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից եւ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.04.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների կատարման միջոցով ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին, ապա դրանք բխում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

24.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել  «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, հեղինակն առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

- Ատեստավորման գործընթացն, ըստ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների, մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից. գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

- Ատեստավորման հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից:

- Ստուգվելու եւ գնահատվելու են ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտություններն ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաեւ ֆիզիկական եւ կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):

- Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության եռամյա ժամկետում, տրվելու է առնվազն եւս երկու ատեստավորման հնարավորություն:

- Ատեստավորման եռամյա ժամկետում ծառայողին կտրվի մեկ անգամ վերապատրաստման հնարավորություն:

- Ատեստավորման ծրագրի գործողության եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու (ատեստացիա չանցնելու), ինչպես նաեւ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:

- Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաեւ ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման եւ ատետավորման: 3 տարուց հետո հավելավճարի հաշվարկը շարունակելու նպատակով ծառայողը պետք է կրկին ատեստավորվի:

Ներդրվող բարեփոխումներով, ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության չափը, որը մի կողմից գրավիչ կդարձնի Ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից՝ երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսեւորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հեղինակն ակնկալում է, որ Ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ՝ բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, կմեծանա Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչը, մեր կարծիքով, Ոստիկանության ծառայողների համար սոցիալական երաշխիքների իրացման հնարավորություն կապահովի:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

24.03.2023թ.