ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-535-23.03.2023-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5351 -23.03.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-535-23.03.2023-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5351 -23.03.2023-ՊԱ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

07.04.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով «Փրկարար ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ մասով սահմանվում է. «Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու (ծառայողի) եւ Լիազոր մարմնի միջեւ կնքվում է 3-12 ամիս կամ 1-5 տարի ժամկետով փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր (...)»: Վերը մեջբերված դրույթից բխում է, որ փրկարարական ծառայության անցնելու պայմանագրերը կնքվում են որոշակի ժամկետով: Հետեւաբար կարծում ենք՝ Օրենքի 32-րդ հոդվածի 16-րդ մասում նշված պայմանագրի գործողության դադարեցման դեպքերում անհրաժեշտ է լրացնել նաեւ պայմանագրի ժամկետի լրանալու դեպքը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 3-րդ մասում նշված է. «(...) Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` Փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ՝ արդյոք նշված դեպքում ծառայողը շարունակում է հավելավճար ստանալ, թե՝ ոչ: Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ դրույթը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է. «Կառավարությունը (այսուհետ` կառավարություն)», ինչից բխում է, որ Օրենքի 19-րդ հոդվածին հաջորդող բոլոր դրույթներում Կառավարություն բառն՝ իր բոլոր հոլովաձեւերով պետք է շարադրել փոքրատառով: Առաջարկում ենք Նախագծի վերը մեջբերված դրույթը համապատասխանեցնել Օրենքին: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 17-րդ մասում նշված «Կառավարության» բառին:

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ)»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ ծառայողների ատեստավորումն իրականացնում են Լիազոր մարմնի կողմից ստեղծված ատեստավորման հանձնաժողովները, մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով սահմանված է. «Փրկարար ծառայությունը (...) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների եւ փրկարարական կազմավորումների ատեստավորումը»: Այսպես՝ վերը մեջբերված երկու դրույթներով ծառայողների ատեստավորումն իրականացնելու իրավասությունը տրված է մի դեպքում՝ Լիազոր մարմնի կողմից ստեղծված ատեստավորման հանձնաժողովներին, մյուս դեպքում՝ Փրկարար ծառայությանը: Առաջարկում ենք Նախագծի եւ Օրենքի վերոնշյալ դրույթները համապատասխանեցնել միմյանց:

Միաժամանակ՝ քննարկվող նորմում նշված «հանձնաժողով (հանձնաժողովներ)» բառերի կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (...)»: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմից «(հանձնաժողովներ)» բառը հանել:

Բացի այդ՝ նշենք, որ քննարկվող նորմին հարկ է անդրադառնալ նաեւ Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից, որով սահմանված է. «Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստացիոն հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում»: Այսպես՝ «ատեստացիոն հանձնաժողով» եզրույթը կիրառվում է Օրենքի միայն նշված դրույթում, հետեւաբար հասկանալի չէ՝ արդյոք այդ հանձնաժողովը եւ քննարկվող նորմում նշված ատեստավորման հանձնաժողովը նույն մարմինն են: Եթե այո՝ ապա անհրաժեշտ է ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Բացի այդ՝ Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված կոչումը վերականգնելու վերաբերյալ քննարկումը Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 5-րդ մասով նշված ատեստավորման հանձնաժողովի իրավասությունների հետ չի համընկնում: Եթե «ատեստացիոն հանձնաժողով» եւ «ատեստավորման հանձնաժողով» եզրույթները տարբեր իմաստ են արտահայտում, ապա անհրաժեշտ է Օրենքով սահմանել դրանց հասկացությունները եւ դրանց վերաբերյալ կարգավորումներ՝ Օրենքի դրույթների հստակությունը ապահովելու համար:

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված է. «Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից»: Այսպես՝ նշվածից բխում է, որ հավելավճարը հաշվարկվում է ոչ թե ամսական, այլ օրական սկզբունքով, հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմը խմբագրել՝ նշելով, որ հավելավճարի հաշվարկումը կատարվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 10-րդ մասի վերջին նախադասությանը:

6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված է. «Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո»: Վերը մեջբերված դրույթի երկրորդ նախադասությամբ նշված է, որ այդ դրույթում նշված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում սահմանվում են ինչպես հղիության եւ ծննդաբերության, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողների, այնպես էլ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողների ատեստավորման վերաբերյալ կարգավորումներ: Ընդ որում՝ նշված դեպքերում ատեստավորման համար սահմանված են տարբեր ժամկետներ, մասնավորապես՝ ծառայության անցնելուց երկու ամիս հետո եւ երեք ամիս հետո, մինչդեռ քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ նշված է միայն եռամսյա ժամկետի վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ կիրառված են «Սույն մասով նախատեսված ծառայողներ» բառերը՝ նշենք, որ այն տարածվում է ոչ միայն նորմի առաջին, այլեւ երրորդ նախադասությամբ նշված դեպքերի վրա, հետեւաբար «եռամսյա ժամկետ» բառեր կիրառելը խնդրահարույց է այդ տեսանկյունից:

7. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված է. «Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի»: Նշենք, որ Նախագծով սահմանված չէ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված եզրակացություն ստանալու դեպքում նոր ատեստավորման համար դիմելու ժամկետ, հետեւաբար քննարկվող նորմը այդ տեսանկյունից հստակեցման կարիք ունի:

8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 15-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ նշված է. «Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով»: Այսպես՝ վերոգրյալ դրույթի շարադասությունից բխում է, որ «վերադասության կարգով» բառերը վերաբերում են նաեւ դատական կարգով բողոքարկմանը, հետեւաբար՝ առաջարկում ենք քննարկվող նախադասությունը խմբագրել:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ «ժդ» կետ, որով սահմանված է, որ ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են «սույն օրենքի 34.1-ին հոդվածի 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար չդիմելու դեպքում կամ սույն օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորման համար կրկին չդիմելու դեպքում կամ ատեստավորման արդյունքում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում»: Վերը մեջբերված նորմի կապակցությամբ նշենք, որ նախ՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 13-րդ մասով որեւէ ժամկետ նախատեսված չէ, ինչի մասին արդեն նշվել է սույն եզրակացությամբ: Երկրորդ՝ նշված նորմով սահմանված է, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են, մինչդեռ նույն հոդվածի 13-րդ մասով նշված է, որ նույնիսկ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» կամ «ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքում ծառայողը հնարավորություն ունի կրկին ատեստավորում անցնելու:

Միաժամանակ նշենք, որ Նախագծով կարգավորված չէ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» կամ «ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելուց հետո Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 13-րդ մասով նշված կարգով երկու անգամ ատեստավորում անցնելու արդյունքում կրկին «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» կամ «ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքը: 

10. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագրին:

11. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

12. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթներով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին եւ 16-րդ հոդվածի 5.1-ին մասերում նշված «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փրկարարական ծառայողներին» բառերով: Այս կապակցությամբ նշենք, որ 2023 թվականի մարտի 1-ին ընդունվել, սակայն դեռեւս չի ինկորպորացվել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասում նախատեսվում է «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերով, իսկ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.04.2023թ.










Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է կանոնակարգել փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմանների ու կնքվող պայմանագրերի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Վերջինիս վճարման կարգը, պայմաններն ու չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ: Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին, ապա դրանք բխում են «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

29.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Հաշվի առնելով Փրկարար ծառայության գործառույթների տիրույթում գտնվող առկա մարտահրավերները՝ անհրաժեշտ է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը համալրել որակյալ եւ բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայությունը, ինչպես նաեւ կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ փրկարարական ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով կանոնակարգվելու են նաեւ փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմաններն ու կնքվող պայմանագրերը:

Նախագծերի փաթեթը ունի դրական սոցիալական ուղղվածություն, քանի որ այն կապահովի փրկարարական ծառայողների համար պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ բարձրացնելով վերջիններիս աշխատավարձերը, որը կմեծացնի նաեւ Փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Արդյունքում, Փրկարար ծառայությունը կհամալրվի բանիմաց կադրերով, ինչպես նաեւ կկանխվի կադրերի արտահոսքը Փրկարար ծառայությունից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

31.03.2023թ.