ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-536-23.03.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-536-23.03.2023-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
10.04.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումները համապատասխանում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ նշենք, որ հաշվի առնելով Նախագծի՝ փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության գործոնը՝ Նախագիծը ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից եւ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 10.04.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 10.04.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները եւ սահմանվում է, որ աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Պետական պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձի ֆոնդի պլանավորման, ինչպես նաեւ աշխատավարձի վճարման իրավական հիմքերի հստակության ապահովման տեսանկյունից, առաջարկում ենք Նախագծով նախատեսվող իրավակարգավորումները (որոշ փոփոխություններով) սահմանել նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (մասնավորապես՝ այդ օրենքի 9-րդ հոդվածում): Խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծով առաջարկվող լրացման տեքստը (կամ առնվազն դրա երկրորդ մասը, ըստ որի. «30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով») վերաբերելի չէ պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգին: Վերջինս, բացի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու եւ որոշ այլ մասնավոր դեպքերի, պայմանագրային հարաբերություններ չի նախատեսում, իսկ աշխատանքի վարձատրությունն էլ կատարվում է ըստ սահմանված պաշտոնային դրույքաչափերի: Հետեւաբար, 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում այս կատեգորիայի աշխատողների վարձատրության չափը նույնպես անհրաժեշտ կլինի սահմանել օրենքով (այլապես՝ սահմանված չի լինի ընդհանրապես), ինչն էլ, բնականաբար, պետք է ամբողջությամբ վճարվի պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին: 2. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ. «...Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնք հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ: Այդ նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ... սահմանել, որ աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի եւ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության ընդհանուր գումարը մոտարկել բարձր աշխատավարձի չափին, եւ մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ չնայած Նախագծի հիմնավորման մեջ բերված փաստարկներին, այդուհանդերձ, ինչպես մինչեւ 30 օր, այնպես էլ մինչեւ 3 ամիս ժամկետով վարժական հավաքների կանչված քաղաքացիներին վճարվելիք վարձատրությունը բավականին մեծ ֆինանսական բեռ կարող է հանդիսանալ գործատուների համար (առավել եւս՝ բարձր վարձատրություն ստացող աշխատողների մասով), քանի որ մինչեւ երեք ամսով բարձր կամ միջին որակավորման աշխատողներ գտնելը չափազանց բարդ խնդիր կլինի ցանկացած գործատուի համար. այս դեպքում աշխատողի աշխատատեղն ուղղակի թափուր կմնա՝ վճարվող վարձատրությանն ավելացնելով նաեւ որոշակի վնասներ՝ գործատուի չստացված եկամտի տեսքով, իսկ ժամանակավոր աշխատող գտնելու դեպքում գործատուն ստիպված կլինի գրեթե կրկնակի վճարել աշխատուժի համար (հետեւաբար, գործատուի ֆինանսական բեռը պետք է դիտարկել ոչ միայն աշխատողի համար պետության կողմից վճարվող գումարի եւ նրա աշխատավարձի տարբերության, այլեւ գործատուի կողմից լրացուցիչ ծախսերի կատարման կամ հնարավոր վնասներ կրելու մասով): Խնդիրն ավելի է բարդանում, երբ խոսքը գնում է մինչեւ երեք ամսով վարժական հավաքների կանչված աշխատողների վարձատրության, ինչպես նաեւ նույն գործատուի մեկից ավելի աշխատողներին վարժական հավաքների ներգրավելու մասին: Մասնավորապես, այս կատեգորիայի աշխատողների վարձատրության չափը, ըստ նախատեսվող կարգավորումների, պետք է որոշվի գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով, ինչն էլ նշանակում է, որ այդ չափը հնարավորինս փոքր կլինի՝ եթե ընդհանրապես վարձատրություն նախատեսվի: Արդյունքում գործատուները կշարունակեն կրել ֆինանսական կորուստներ, իսկ վարժական հավաքի կանչված աշխատողներն էլ, ըստ էության, կարող են զրկվել Նախագծով նախատեսվող՝ զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի եւ իրենց աշխատավարձի տարբերության ստացման հնարավորությունից: Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վարժական հավաքների կանչված քաղաքացիների դրամական բավարարումը զուտ պետական հոգածության խնդիր է, կարծում ենք, շատ ավելի արդարացի եւ նպատակահարմար կլինի տվյալ խնդրի հետ կապված ֆինանսավորման ամբողջ բեռը դնել պետական բյուջեի վրա, իսկ գործատուներին պարտավորեցնել միայն պահպանելու վարժական հավաքների կանչված աշխատողների աշխատատեղը (առավել եւս, որ գործնականում, ըստ Նախագծի հիմնավորման, չի նախատեսվում 25 օրացուցային օրից ավելի ժամկետով վարժական հավաքներ անցկացնել): Ընդ որում, այս դեպքում հնարավոր է կիրառել ինչպես պետական բյուջեից աշխատավարձերի ամբողջությամբ վճարման, այնպես էլ, գործատուների կողմից վճարվելու դեպքում, նրանց հարկային արտոնությունների տրամադրման միջոցով այդ գումարների ամբողջությամբ փոխահատուցման տարբերակները: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի, այդ թվում՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 29.03.2023թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում», որը նպատակ ունի հստակեցնել վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները: Համաձայն գործող իրավակարգավորման 124-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:», իսկ համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի. « վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը)», իսկ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն. « զինվորական վարժանքներին եւ զորավարժություններին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը:»: Գործող կարգավորումներով, վարժական հավաքները կարող են հայտարարվել մինչեւ 3 ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողի վարձատրության պահպանումը կարող է խնդիրներ առաջացնել գործատուների մոտ: Ներկայում որոշվել է վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայել նաեւ վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Ներկայացված Նախագծով առաջարկվող լրացումներով հստակեցվում են վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ առաջարկվում է Օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ. «Աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:»: Աշխատողների սոցիալական իրավունքների պաշտպանության տեսանկյունից նման մոտեցումը ոչ միայն տրամաբանական է, այլեւ վարժական հավաքների առաջին 30 օրերի համար լուծում է աշխատողի աշխատավարձի ամբողջությամբ պահպանման խնդիրը, ինչը, չի կարելի ասել հաջորդ օրերի համար, քանի որ վարձատրության չափը պետք է որոշվի պայմանագրով սահմանված կարգով: Մյուս կողմից, կարծում ենք, առաջարկվող լրացման ընդունման դեպքում որոշ խնդիրներ կառաջանան գործատուների համար, քանի որ աշխատողին ներգրավելով վարժական հավաքներին, վերջինս բացակայում է աշխատանքից (մինչեւ 30 օր), արդյունքում, համաձայն Նախագծով առաջարկվող լրացման, պահպանվում է նրա աշխատատեղն ու աշխատավարձը, սակայն տվյալ ժամանակահատվածի համար աշխատանքային գործընթացը չխաթարելու, իսկ որոշ իրավիճակներում նաեւ չպարալիզացնելու համար, գործատուն ստիպված նոր մասնագետ պետք է ներգրավի՝ միեւնույն աշխատանքի կատարման համար կրկնակի վճարելով: Եզրահանգում
Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 29.03.2023թ.
|