ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-546-31.03.2023-ՊԻ-011/0), «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5461 -31.03.2023-ՊԻ-011/0) եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5462 -31.03.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-546-31.03.2023-ՊԻ-011/0), «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5461 -31.03.2023-ՊԻ-011/0) եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5462 -31.03.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

20.04.2023թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, ինչի արդյունքում համապատասխան դրույթը ձեւակեպվում է հետեւյալ կերպ՝ 
«Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների՝ այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ».

նախ նշենք, որն նշված ձեւակերպումից հասկանալի չէ միայն տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման եւ բնապահպանության ոլորտում իրականացվող ստուգումների համար բացառություն նախատեսելու նպատակահարմարությունը. մասնավորապես ինչով է պայմանավորված, որ սնանկության գործընթացներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների պարագայում մարդկանց կյանքին կամ առողջությանը անմիջական վտանգ սպառնացող այլ ոլորտներում վերահսկողական գործառույթների դեպքում  համանման կարգավորումներ նախատեսված չեն: Առաջարկում ենք սահմանել ընդհանրական օրենսդրական մոտեցում վերահսկողական գործառույթների առնչությամբ, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ:

Միաժամանակ նշենք, որ «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ, հետեւաբար պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պարտապանի մոտ առանց դատարանի որոշման ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու դեպք նախատեսելը եւ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների պարագայում դատարանի որոշմամբ  ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու ոչ արդյունավետ կամ նպատակահարմար լինելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Նշենք նաեւ, որ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 4-րդ հոդվածներով նախատեսվում է «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա սահմանափակել մորատորիումի գործողությունը: Մորատորիումի էությունը դրսեւորվում է նրանում, որ այն արգելում է պարտապանի դրամական միջոցների օգտագործումը՝ պարտապանի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով: Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է նման դիրքորոշում՝ «Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ո՟ւղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկության ինստիտուտի առաջնահերթ նպատակը ֆինանսական առողջացման հնարավորության ընձեռումն է պարտապանին, եւ միայն դրա անհնարինության դեպքում՝ պարտապանի լուծարումը եւ նրա գույքի հաշվին պարտատերերի պահանջների բավարարումը, ինչպես նաեւ պարտապանի գույքի ամբողջականության ապահովումն է՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը, կարծում ենք մորատորիումի գործողությունից բացառության դեպքերը պետք է համահունչ լինեն մորատորիումի էությանը, հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել նշված նախագծով սահմանված մորատորիումի գործողությունից բացառության դեպքի բացառիկությունը՝ ապահովելով սնանկության գործընթացի կանխատեսելիությունը:

2. «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումից հետո նշված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Օրենքին հղում այլեւս չի կատարվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմանը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածում լրացնել նոր 8-11-րդ մասեր. մինչդեռ նշենք, որ համապատասխան հոդվածը բաժանված չէ համարակալված մասերի. հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների» ինչպես նաեւ այն հանգամանքը, որ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածը չունի նախորդող որեւէ համարակալված մաս, այլ բաղկացած է պարբերություններից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածում լրացնել նոր 8-11-րդ պարբերություններ՝ առանց համարակալելու:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումների բովանդակությունից բխում է, որ՝ 1 Տեսչական մարմինը՝ կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազորված մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:  2.Լիազորված մարմինը համապատասխան առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ: Այսինքն՝ տեսչական մարմինը լիազորված մարմնին է ներկայացնում համապատասխան խախտումները վերացնելու առաջարկություն, իսկ լիազորված մարմինն էլ համապատասխան առաջարկության հիման վրա Տեսչական մարմնին է ներայացնում տեղեկություն համապատասխան խախտումները իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների մասին. հարկ է նկատել, որ նշված ձեւակերպումից եւ մասնավորապես 
«առաջարկություն» եւ «իր կողմից համապատասխան գործողությունների վերաբերյալ» ձեւակերպումից չի բացահայտվում՝ արդյո՞ք լիազորված մարմինը կարող է չընդունել այդ առաջարկությունը կամ մերժել այն, պարտադիր է արդյո՞ք մերժման հիմքում որեւէ հիմնավորում նախատեսել: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ իրավական ակտի որոշակիության սկզբունքին համապատասխանելու կարեւորությունը՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորումներ նախատեսել նաեւ լիազորված մարմնի կողմից համապատասխան գործողություններ կատարելու անհնարինության եւ դրա հիմնավորվածության վերաբերյալ:

4. Առաջարկում ենք «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ համապատասխան նախագծի 1-ին հոդվածով լրացվող 8.2-րդ հոդվածում նշված «8.1.-րդ» ձեւակերպումը փոխարինել «8.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

20.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

20.04.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- «Սնանկության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում կատարել լրացումներ, ինչը հնարավորություն կընձեռի սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում, պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտներում վերահսկողություն, ինչպես նաեւ ամրագրել, որ մորատորիումը չի տարածվում «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա,

- սահմանել, որ Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազորված մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ,

- հստակեցնել Տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումներ հետ կապված տեղեկատվության ներկայացման ժամկետները եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.04.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Սնանկության մասին» օրենքում՝ համապատասխան լրացումներ կատարելով հարակից՝ «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ներկայիս իրավական բացը լրացնելու եւ մարդկանց անվտանգությանը սպառնացող խախտումների պարագայում վերահսկողության հստակ իրավական մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է՝

- լրացում կատարել «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածում, ինչն, ըստ հեղինակի, հնարավորություն կտա սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգություն եւ վերահսկողություն, 

- սահմանել, որ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերով, եզրակացություններով եւ կայացվող որոշումներով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման անմիջական վտանգ, Տեսչական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազորված մարմին՝ իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ,

- ամրագրել, որ Լիազորված մարմինը սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ,

- սահմանել, որ Լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ,

- ամրագրել, որ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների  ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կդառնան առավել հստակ եւ արդյունավետ՝ բացահայտված ու չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով իսկ մարդկանց անվտանգության՝ կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

06.04.2023թ.