ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-548-03.04.2023-ՊԻ-011/0) եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5481 -03.04.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ


 
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

25.04.2023թ.







Իրավական   փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն առաջարկը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագրին:

Առաջարկում ենք նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-4-րդ հոդվածներում նշված «բառը» եւ «բառից» բառերը համապատասխանաբար փոխարինել «թիվը եւ կետադրական նշանը» եւ «թվից եւ կետադրական նշանից» բառերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծերի փաթեթը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

 21.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծերի փաթեթին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

21.04.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, կհստակեցվի ՀՀ դրոշին ներկայացվող ընդհանուր պահանջները եւ ՀՀ բարձրացված դրոշին ներկայացվող պահանջները, կհստակեցվի ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաեւ կառանձնացվեն ֆիզիկական, իրավաբանական եւ պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափերը: Բացի այդ, առաջարկվում է նաեւ ՀՀ դրոշի հետ կապված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ վարչական դատարանի փոխարեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

11.04.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար ապահովելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը եւ որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1. Հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ.

2. Հաշվի առնելով, որ Օրենքի 7-րդ հոդվածի շարադրանքը խնդրահարույց է նաեւ տրամաբանական պահպանության տեսանկյունից, հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի միջոցով կապահովվի հոդվածի որոշակիությունը. 

3. Հստակեցնել Օրենսգրքով սահմանված` ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաեւ առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական եւ պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը. 

4. Հաշվի առնելով վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը՝ սահմանել, որ Օրենսգրքի 183.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննվելու են ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ վարչական դատարանի փոխարեն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/

21.04.2023թ.