ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-550-04.04.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

25.04.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

 17.04.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

17.04.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «(բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության)» բառերը, ինչն, ըստ Նախագծի հեղինակի, հավասար հնարավորություն կստեղծի սահմանամերձ բնակավայրերում նաեւ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար՝ օգտվելու տվյալ օրենքով սահմանված հարկային արտոնություններից: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման. «Ներկայումս սահմանամերձ համայնքներում գործող տնտեսվարողներից, մասնավորապես՝ գինեգործական արտադրությամբ զբաղվող ընկերությունները, մյուս տնտեսվարողների նկատմամբ գտնվում են անհավասար պայմաններում, քանի որ առանց այդ էլ այդ ընկերությունները վճարում են ակցիզային հարկ, սակայն չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքներում մյուս տնտեսվարողների համար:», ինչն էլ տվյալ նախաձեռնության հիմքն է հանդիսացել:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ սկզբունքորեն նման մոտեցումը կարող է նպաստել սահմանամերձ համայնքներում արտադրական ներուժի եւ որոշ աշխատատեղերի պահպանման խնդրի լուծմանը, թեեւ մյուս կողմից էլ՝ հարկ է հիշել, որ ՀՀ-ում հարկային ծախսերի մակարդակը բավականին բարձր է եւ յուրաքանչյուր հարկային նոր արտոնություն (տվյալ դեպքում՝ թեեւ ոչ այնքան մեծ ծավալների), բայց ավելացնում է հարկային ծախսերի բեռը: Նշենք, որ 2023 թվականի համար ընդհանուր հարկային ծախսը, պետական բյուջեի կանխատեսումներով, գնահատվել է 584,763 մլն դրամի չափով, ինչը կազմում է 2023 թվականի համար կանխատեսված հարկային եկամուտների 26.5 տոկոսը եւ կանխատեսված ՀՆԱ-ի 6.3 տոկոսը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

10.04.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ արտադրության ընդլայնման անհրաժեշտությամբ: 

Նախագծով հեղինակներն առաջարկում են Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «(բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության)» բառերը:

Առաջարկվող փոփոխությունն, ըստ հեղինակների, հնարավորություն կընձեռնի սահմանամերձ համայնքներում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին (առաջին հերթին՝ գինեգործական արտադրությամբ զբաղվող ընկերություններին) նույնպես օգտվել սահմանամերձ համայնքներում տնտեսվարողների համար նախատեսված հարկային արտոնություններից: Արդյունքում, Նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի պահպանմանը եւ ավելացմանը, ինչն էլ, բնակչության սոցիալական պաշտպանվածության առումով դրական ազդեցություն կունենա: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն, ինչը կբերի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման, տարածքային զարգացման եւ բնակչության զբաղվածության ապահովման:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

12.04.2023թ.