«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-556-07.04.2023-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5561 -07.04.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5562 -07.04.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ
Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
28.04.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է համապատասխան համայնքի բյուջե ուղղել նաեւ պետական սեփականություն հանդիսացող հողերի մասնավորեցումից կամ օտարումից ստացված գումարի 30 տոկոսը: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությանը, որով սահմանված է. «Ընդ որում, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության (բացառությամբ մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող` հող չհանդիսացող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով (մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների դեպքում` 100 տոկոս)` անկախ գույքի տեղաբաշխման վայրից»: Առաջարկում ենք վերը մեջբերված դրույթում կատարել Նախագծերի փաթեթից բխող համապատասխան փոփոխություն: 2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում»: Նախ՝ նշենք, որ այս դրույթի կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին, որով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` ( ) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»: Բացի այդ՝ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող միակ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի վերջին պարբերությամբ նշված որոշումն է, որով որոշվում է, թե որ ծրագրերի ֆինանսավորմանն են ուղղվում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցները: Այսպես՝ այդ որոշման նկարագրությունից բխում է, որ այն կայացվում է մեկից ավելի անգամ, հետեւաբար հասկանալի չէ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետի պահպանումը ինչպես է ամեն անգամ իրագործվելու: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 28.04.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել նաեւ այլ օրենքում: Մանսավորապես՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում, որով սահմանված է. «Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 28.04.2023թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում: Չնայած այն հանգամանքին, որ Փաթեթին կից հիմնավորումը բացակայում է, այդուհանդերձ, ներկայացված նախագծերից ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը համայնքների ֆինանսական ապահովածության մակարդակի բարձրացումն է, ինչին կարող է մասնակիորեն նպաստել Փաթեթի ընդունումը: Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասը, ի թիվս այլ եկամուտների, ներառում է նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցները: Փաթեթում ընդգրկված նախագծերով առաջարկվում է «բացառությամբ հողերի» բառերը փոխարինել «այդ թվում՝ հողերի» բառերով: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում «բացառությամբ հողերի» բառերը փոխարինել «այդ թվում՝ հողերի» բառերով, ինչի արդյունքում նշված ենթակետը կստանա հետեւյալ տեսքը? «գ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (այդ թվում՝ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցները...»: Կարծում ենք, տվյալ դեպքում առաջանում է նաեւ այդ ենթակետի վերախմբագրման անհրաժեշտություն՝ «այդ թվում» բառերի կրկնությունից խուսափելու նպատակով: Նշված խնդիրն առկա է նաեւ Փաթեթում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում: Այս առումով, առաջարկում ենք կիրառել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե» օրենքում տեղ գտած ձեւակերպումը եւ «այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցները» արտահայտությունը փոխարինել «ներառյալ` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցները» արտահայտությամբ: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.՝ 011 513-603) 19.04.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է վերը թվարկված օրենքներից հանել այն դրույթները, համաձայն որոնց՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում: Ըստ այդմ՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները լրացուցիչ աղբյուր կդիտարկվեն: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ դրույթը կորցրել է իր պրակտիկ նշանակությունը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից, ուստի եւ, այն առաջարկվում է հանել: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ համայնքների բյուջեները կհամալրվեն համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 %-ի չափով մասհանումներով, ինչը հնարավորություն կտա համայնքներին իրականացնել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 14.04.2023թ.
|