ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-559-10.04.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-559-10.04.2023-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
26.04.2023թ.
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության 6-րդ կետում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-282-Ն օրենքի վերնագիրը: 2. Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության 6-րդ կետում «Հեր-Հեր» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում կիրառված ընկերության անվանումը: 3. Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության 11-րդ կետում հղում է կատարվում «1-ին հավելվածին»: Առաջարկում ենք հղումների հստակության ապահովման նպատակով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության 11-րդ կետի «1-ին հավելվածում» բառերը փոխարինել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի հավելված 1-ում» բառերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջից, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության 12-րդ կետում կիրառված «2-րդ հավելվածում» հղմանը, ինչպես նաեւ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության 13-րդ կետի 2-րդ ենթակետում կիրառված «3-րդ հավելվածում» հղմանը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 25.04.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 25.04.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ, որից՝ ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 826,215.15 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 19,066.01 հազար դրամ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 607,020.09 հազար դրամ, իսկ համայնքների բյուջեներ 238,261.07 հազար դրամ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.՝ 011 513-603) 20.04.2023թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) 12-րդ հոդվածի պահանջների կատարմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ Նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները կդառնան առավել հրապարակային: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 26.04.2023թ.
|