ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-562-14.04.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5621 -14.04.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-562-14.04.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5621 -14.04.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

03.05.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Անասնաբուժության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «սննդի շղթայի բոլոր փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի»: Այսպես՝ քննարկվող դրույթում կիրառվող «սննդի շղթա» եզրույթի կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ եզրույթի հասկացությունը սահմանվում է միայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով: Մանսավորապես՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված է. «սննդի շղթա (սննդի ոլորտ)` սննդամթերքի եւ դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման եւ իրացման փուլերը` նախնական արտադրությունից մինչեւ սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաեւ սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, ինչպես նաեւ առեւտրի եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը»: Վերը մեջբերված նորմից բխում է, որ «սննդի շղթա» եզրույթն իր մեջ ներառում է սննդամթերքի եւ դրա բաղադրիչների նկատմամբ իրականացվող մի շարք գործողություններ. դրանց արտադրությունը, մշակումը, վերամշակումը, բաշխումը, պահումը, պահպանումը, փոխադրումը, ներմուծումը, արտահանումը եւ իրացումը, ինչպես նաեւ սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, առեւտրի եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը: Այս փաստի հաշվառմամբ նշենք, որ հասկանալի չէ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ կետում նշված «սննդի շղթայի բոլոր փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, մատակարարել եւ իրացնել (...)» ձեւակերպումը: Այսպես՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանված «սննդի շղթա» հասկացությունից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ կետում նշված մշակումը, վերամշակումը, բաշխումը, պահումը, պահպանումը, փոխադրումը, ներմուծումը եւ իրացումը հանդիսանում են սննդի շղթայի փուլեր, հետեւաբար այդ բառերի հետ միաժամանակ «սննդի շղթայի բոլոր փուլերում» բառերը շարադրելը իմաստազուրկ է: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սննդի շղթան իր մեջ ներառում է ավելի լայն թվով փուլեր, քան նշված է 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ կետում՝ հասկանալի չէ՝ ի վերջո քննարկվող դրույթը վերաբերում է սննդի շղթայի բոլոր փուլերին, թե միայն 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ կետում նշված փուլերին: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա խմբագրել 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ կետը: Առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

2. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածում առաջարկում ենք «14.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «14.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ռեսուրսների բացակայության գործոնը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթը ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.05.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում՝ հստակեցնելով սննդի շղթայի այն փուլերը եւ գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի եւ կենդանական ծագման հումքի  պարտադիր լինելու պահանջը, որն, իր հերթին, հնարավորություն կընձեռի ոչ միայն ապահովել կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը, այլեւ՝ սպառողներին մատակարարել անվտանգ եւ որակյալ մսամթերքով, կանխել կենդանիների եւ մարդկանց համար վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում կանոնակարգել այն ոչնչացնելու գործընթացը՝ ապահովելով վերոնշյալ ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը:

Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում՝ կանոնակարգելով ոչ սպանդանոցային ծագման մթերք հայտնաբերելու դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորությունները, մասնավորապես՝ ամբողջ խմբաքանակի կասեցման, առգրավման եւ հետագա ոչնչացնելու գործընթացը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

25.04.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Անասնաբուժության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարել:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ոչ սպանդանոցային ծագման  մսամթերքի շրջանառությունը բացառելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • հստակեցնել սննդի շղթայի այն փուլերը եւ գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման  մսամթերքի (կենդանական ծագման մթերքի եւ հումքի) պարտադիր լինելու պահանջը,
  • կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մսամթերք հայտնաբերելու դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորությունները եւ այլն:

2. Ընդհանուր առմամբ, առողջապահական տեսանկյունից, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական նշանակություն: Սակայն, Նախագծերի փաթեթում ներառված «Անանսաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Անասնաբուժության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկվող փոփոխությունների՝ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչելու արդյունքում, վարակիչ հիվանդությունների վերացման եւ հիվանդությունների վերահսկման նպատակով կենդանիների մորթը ոչ սպանդանոցային պայմաններում չի թույլատրվի, ինչը, կարծում ենք, բնակչության առողջության պահպանման, տարատեսակ հիվանդությունների փոխանցման (կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների) կանխարգելման տեսանկյունից կունենա դրական նշանակություն:

Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու եւ 6-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ստացվում է, որ կենդանիների մորթը ոչ սպանդանոցային պայմաններում թույլատրվում է «անձնական սպառման համար (այդ թվում՝  կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների, որսորդության եւ ձկնորսության ժամանակ), եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:»: 

Վերոգրյալի հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել, որ որսորդությունը վայրի կենդանիների ու թռչունների որսն է: Որսը՝ ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթումն է (որսորդություն, ձկնորսություն, հավաք): Որսի կենդանիները՝ բնական ազատ պայմաններում ապրող, ինչպես նաեւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներն են, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ (տե՛ս «Որսի եւ որսորդական տնտեսության վարման  մասին» օրենքը):

Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու եւ պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում, մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ:

Անասնահակահամաճարակային միջոցառումը իր մեջ ներառում է կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում եւ այլն: Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, ո՛չ տեսականորեն եւ ո՛չ էլ պրակտիկորեն հնարավոր չէ ազատ եւ կիսաազատ պայմաններում ապրող վայրի կենդանիներին եւ թռչուններին, այդ թվում՝ ձկներին, անասնահակահամաճարակային միջոցառումների (ըստ Նախագծի՝ հակաանասնահամաճարակային միջոցառումների) ենթարկել: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը թողնել անփոփոխ, իսկ 6-րդ կետը շարադրել նոր խմբագրութամբ:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում (Օրենքի այլ հոդվածներում եւս) օգտագործվում է «հակաանասնահամաճարակային միջոցառումների» բառերը: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ինչպես նաեւ օրենսդրության մեջ (տե՛ս «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1544-Լ Կառավարության որոշումը եւ այլն) կիրառվում է «անասնահակահամաճարակային միջոցառումներ» եզրույթը: Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը:

3. Նախագծերի փաթեթում ներառված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահական տեսանկյունից կունենա դրական նշանակություն:

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները, կարծում ենք, Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                              Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

26.04.2023թ.