ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին » օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-566-21.04.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-566-21.04.2023-ԱռՀ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

10.05.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 65-րդ կետում սահմանվում է՝ «64) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն (այսուհետ՝ ասոցիացիա)՝ առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման եւ բարելավման, բժշկական, դեղագիտական եւ ստոմատոլոգիական գործունեության զարգացման, բուժաշխատողների իրավունքների իրացման եւ պաշտպանության, գիտական, կրթական, գիտահետազոտական, կլինիկական, լաբորատոր եւ նեղ մասնագիտական այլ գործունեության հետ կապված խնդիրներ լուծելու նպատակով գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն:»:

Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 65-րդ կետում սահմանված «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն  (այսուհետ՝ ասոցիացիա) » հասկացությունը գրել մգեցված տառերով՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված հասկացությունների գրելաձեւը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների եւ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանեցնել փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 66-րդ կետում սահմանված «նախարարության խորհրդատու» հասկացությանը:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ առկա է 65-րդ կետ՝ «կոնսիլիում՝  (…) »: Առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող կետերի համարակալումը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «միություններ» բառը փոխարինվում է «ասոցիացիաներ» բառով:

Առաջարկում ենք  Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում առկա բոլոր տեղերում «միություն» բառը փոխարինել «ասոցիացիա» բառով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր լրացվող 4.1-րդ գլխի 31.2-րդ հոդվածի վերնագրում գրված է «Բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները (ասոցիացիաները) » հասկացությունը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի լրացվող 65-րդ կետով տրվում է «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն» հասկացության սահմանումը եւ նշվում վերջինիս կրճատ տարբերակը՝ «(այսուհետ՝ ասոցիացիաները) »: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կրճատ տարբերակը նշելուց հետո կիրառել «ասոցիացիա » բառը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.` 011-513-248)

10.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

Կատարող`Վ. Հարությունյան (հեռ.` 011-513-248)

10.05.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի նպատակը, ըստ դրա հեղինակների, Հայաստանի առողջապահության բնագավառում ասոցիացիաների դերի բարձրացումն ու դրանց կայացմանը նպաստելն է, ավագ եւ միջին բուժաշխատողների մոտ  մասնագիտական կազմակերպություններին անդամակցելու մոտիվացիոն խթանների ստեղծումը, ինչպես նաեւ նշված կազմակերպությունների գործունեության կանոնակարգումը: Նախագծով առաջարկվում է Հայաստանում ներդնել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ասոցիացիաների հետ համագործակցության համաձայնագրի ընդունման եւ ասոցիացիաների կողմից դրան միանալու միջոցով համագործակցության մոդելը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրի եւ Նախագծի դրույթներով սահմանված պայմաններին համապատասխանող ասոցիացիաների համագործակցությունը լիազոր մարմնի հետ արձանագրվելու է վերջիններիս կողմից համաձայնագրին միանալու կամարտահայտությունն արտահայտող գրավոր ծանուցման պահից, որով կողմերը կպայմանավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով եւ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան՝ կողմերի համար ընդունելի ձեւաչափով փոխգործակցության իրականացման համար: Համաձայնագիրը կներառի համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման հսկողության եւ դրանց չկատարման դեպքում՝ համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

Նախագիծը թեեւ ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրեր չի պարունակում, սակայն դրանում առկա են հայեցակարգային այնպիսի խնդիրներ եւ այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարող են խոչնդոտել առաջարկվող նոր, այդ թվում՝ նաեւ տնտեսական գործունեության իրավունք ունեցող համակարգի ներդրմանը, ուստի այս տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել որոշակի նկատառումներ:

1. Նախագծի 1-ին հոդվածում՝

ա) առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-?? ??????? 1-ին մասը լրացնել նոր՝ 65-րդ եւ 66-րդ կետերով, սակայն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ ունի 65-րդ կետ, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի տեքստում բոլոր «65» թվերը փոխարինել «66» թվով, իսկ «66» թվերը՝ «67» թվերով,

բ) նոր՝ 65-րդ կետով առաջարկվում է տալ «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն» հասկացության սահմանումը, որը շարադրված է հետեւյալ խմբագրությամբ. «65) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն (այսուհետ՝ ասոցիացիա)՝ առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման եւ բարելավման, բժշկական, դեղագիտական եւ ստոմատոլոգիական գործունեության զարգացման, բուժաշխատողների իրավունքների իրացման եւ պաշտպանության, գիտական, կրթական, գիտահետազոտական, կլինիկական, լաբորատոր եւ նեղ մասնագիտական այլ գործունեության հետ կապված խնդիրներ լուծելու նպատակով գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն:»: Այս կապակցությամբ, մեր կարծիքով, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել երկու հանգամանք. նախ՝ հարկ է հստակեցնել, թե «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն»-ը կամ ասոցիացիան զուտ (միայն) առողջապահական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն պետք է լինի, թե՞ կարող է լինել սովորական (ունիվերսալ) հասարակական կազմակերպություն, որն ի թիվս գործունեության այլ բնագավառների, կարող է զբաղվել նաեւ Նախագծով սահմանված առողջապահական խնդիրներով կամ ձեռնարկատիրական գործունեությամբ, եւ երկրորդ՝ բավականին անորոշ է «նեղ մասնագիտական այլ գործունեության հետ կապված խնդիրներ» արտահայտությունը, ինչը նույնպես հստակեցման կարիք է զգում, առավել եւս, որ առողջապահության բնագավառում նեղ մասնագիտական գործունեության տեսակները, որպես կանոն, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են, իսկ դրանց հետ կապված խնդիրներն էլ կարող են բավականին բարդ լինել,

գ) նոր՝ 65-րդ կետով առաջարկվում է տալ «նախարարության խորհրդատու» հասկացության սահմանումը, ըստ որի՝ այն հանդիսանում է. «սույն օրենքով սահմանված կարգով առաջադրված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի, կամ մասնագիտության կամ բժշկական օգնության եւ սպասարկման ձեւի գծով հասարակական հիմունքներով գործունեություն իրականացնող խորհրդատու:»: Այս սահմանումից, ինչպես նաեւ Նախագծի տեքստից ակնհայտ է, որ տվյալ դեպքում խոսքը գնում է ՀՀ Առողջապահության նախարարության մասին, սակայն մի կողմից Օրենքի ամբողջ տեքստում տվյալ իմաստով օգտագործված է «լիազոր մարմին» հասկացությունը, իսկ մյուս կողմից՝ «նախարարություն» անվանումն օգտագործված է ՀՀ Արդարադատության նախարարության մասով (տե՛ս Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետը): Հետեւաբար, Օրենքի հետ հակասություններից եւ տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք նոր՝ 65-րդ կետի «նախարարության խորհրդատու» հասկացության սահմանման մեջ, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 31.3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «նախարարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միություններում» բառը փոխարինել «ասոցիացիաներում» բառով, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես, Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն. «միավորվելու մասնագիտական միություններում եւ դրանց միջոցով մասնակցելու բնակչության առողջության պահպանման եւ բարելավման, ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը եւ միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը, մասնակից լինելու ոլորտային քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը.»: Հարկ է նկատել, որ «միություն» հասկացությունը շատ ավելի լայն բովանդակություն ունի, քան զուտ հասարակական կազմակերպությունը, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն. «Իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության եւ ներկայացման նպատակով գործատուները եւ աշխատողները կարող են օրենքով սահմանված կարգով իրենց կամքով ազատորեն միավորվել` ստեղծելով արհեստակցական ու գործատուների միություններ:», ուստի տվյալ Օրենքում «միություններում» բառը «ասոցիացիաներում» բառով փոխարինելու արդյունքում մի կողմից կվերանա այս Օրենքով սահմանված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից տարբեր, այդ թվում՝ արհեստակցական, գիտական կամ այլ միություններ ստեղծելու ֆորմալ իրավունքը, իսկ մյուս կողմից՝ այդ իրավունքը նրանք կունենան ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հիման վրա, որի արդյունքում էլ նշված երկու իրավական ակտերի միջեւ կստեղծվի հակասական իրավիճակ (թեեւ, հաշվի առնելով օրենսգրքի ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալու հանգամանքը, միեւնույն է՝ հակասության մասով գործելու է օրենսգրքի դրույթը): Այս կապակցությամբ, կարծում ենք, նպատակահարմար կլինի ստեղծվելիք ասոցիացիաները սահմանել որպես հասարակական կազմակերպության առանձնահատուկ տեսակ՝ չսահմանափակելով այլ միությունների ստեղծման հնարավորությունները: 

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր՝ 4.1-ին գլխով, որի հետ կապված հիմնախնդիրները կայանում են հետեւյալում:

3.1 Այս գլխի 31.2.-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ասոցիացիաները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքներով.

«1) ըստ ավագ կամ միջին բուժաշխատողների խմբերին պատկանելիության.

2) ըստ համապատասխան բժշկական մասնագիտական կրթության, որակավորման, մասնագիտացման եւ նեղ մասնագիտության:»:

Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ՝

- համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի տվյալ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ուստի ըստ նշված սկզբունքների կարող է ձեւավորվել ընդամենը երկու ասոցիացիա՝ ըստ ավագ եւ միջին բուժաշխատողների խմբերի, որոնք միաժամանակ պետք է բավարարեն նաեւ երկրորդ սկզբունքի պահանջներին,

- հստակեցման եւ խմբագրման կարիք ունի երկրորդ սկզբունքի տեքստը, քանի որ «մասնագիտական կրթության» եւ «որակավորման» միջեւ սկզբունքային տարբերություններ, ըստ էության, չկան (երկուսի արդյունքում էլ խոշոր հաշվով հավաստվում է, որ մարդը ստացել է բժշկական կրթություն եւ նրան շնորհվել է բժշկի որակավորում), իսկ «նեղ մասնագիտության» բառակապակցությունն էլ անհրաժեշտ է փոխարինել «նեղ մասնագիտացման» բառակապակցությամբ, քանի որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում բժիշկների եւ պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին» 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշամամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում բժիշկների եւ պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ»-ի 7-րդ կետով սահմանված է, որ ?ժիշկների եւ պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացումն իրականացվում է՝

ա) բժշկական մասնագիտությունների գծով՝

- ընդհանուր մասնագիտացում՝ ինտերնատուրա.

- հիմնական մասնագիտացում՝ օրդինատուրա.

- նեղ մասնագիտացում.

բ) դեղագործական մասնագիտությունների գծով՝ հիմնական մասնագիտացում:

Մյուս կողմից, հաշվի առնելով վերը բերված մասնագիտացման տեսակների դասակարգումը, առաջարկում ենք նեղ մասնագիտացումը չառանձնացնել մասնագիտացման մյուս ուղղություններից եւ դիտարկել նույն խմբի կազմում: Հաշվի առնելով նաեւ բարձրագույն կրթության եւ որակավորման միջեւ էական տարբերություների բացակայությունը, ինչպես նաեւ ասոցիացիաների թվաքանակի խիստ սահմանափակման հիմքի վերացման անհրաժեշտությունը, առաջարկում ենք տվյալ նոր՝ 4.1-ին գլխի 31.2.-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ասոցիացիաները ձեւավորվում են ըստ ավագ կամ միջին բուժաշխատողների կամ ըստ բժշկական մասնագիտացման խմբերի:»:

3.2 Ինչպես արդեն նշվեց, Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միություններում» բառը փոխարինել «ասոցիացիաներում» բառով, որի արդյունքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների մասնագիտական բոլոր տեսակի միությունները փոխարինվում են ասոցիացիաներով կամ միայն մեկ տեսակի բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություններով: Եթե այս միտումը դիտարկենք նաեւ նոր՝ 4.1-ին գլխի 31.2.-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում[1], ապա կստացվի, որ ոչ միայն միությունների բոլոր տեսակներն են փոխարինվում ասոցիացիայի մեկ տեսակով, այլեւ այդ ասոցիացիաներից միայն մեկն է իրավունք ստանում իրականացնել նույն գլխի 31.3.-րդ հոդվածով սահմանված գործառույթները: Դա նշանակում է, որ նշված գործառույթների իրականացման բնագավառում ձեւավորվում է մենաշնորհային վիճակ, սակայն կապված այն հանգամանքի հետ, որ սահմանվող գործառույթներն իրենցից տնտեսական գործունեության տեսակներ չեն ներկայացնում, իսկ գործունության բնագավառն էլ ապրանքային շուկաները չեն, ապա տվյալ իրավիճակը կարելի է համարել որպես ոչ մենաշնորհային: Մյուս կողմից, իհարկե, նշված գործառույթների իրականացման համար սուբյեկտների ընտրության շրջանակի խիստ նեղացումը նույնպես դրական երեւույթ համարել չի կարելի, քանի որ օբյեկտիվորեն ցանկացած ընտրության արդյունավետությունը կամ ճշտությունն ուղիղ համեմատական է ընտրանքի շրջանակի մեծությանը, կամ այլ կերպ ասած՝ որքան մեծ կամ լայն է ցանկացած ընտրության համար պոտենցիալ սուբյեկտների շրջանակը, այնքան մեծանում է ճիշտ կամ արդյունավետ ընտրություն կատարելու հնարավորությունը: 

Սակայն, այս տեսանկյունից խնդիրը կայանում է նրանում, որ համաձայն սույն Նախագծի, ասոցիացիան հասարակական կազմակերպություն է (ընդ որում՝ առանց գործունության տեսակների կամ ոլորտների սահմանափակման), իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծելու առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:»: Հետեւաբար, եթե ասոցիացիան, բացի նշված գործառույթներից, զբաղվի նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա նրա գործունեությունը կհակասի ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:»:

Հենց այս պատճառով էլ, «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն» հասկացության սահմանման մասին խոսելիս, մենք կարեւորեցինք այն հանգամանքը, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն»-ը կամ ասոցիացիան զուտ (միայն) առողջապահական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն պետք է լինի, թե՞ կարող է լինել սովորական (ունիվերսալ) հասարակական կազմակերպություն, որն ի թիվս գործունեության այլ բնագավառների, կարող է զբաղվել նաեւ Նախագծով սահմանված առողջապահական խնդիրներով կամ ձեռնարկատիրական գործունեությամբ:

3.3 Առաջարկվող նոր՝ 4.1-ին գլխի 31.2.-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ.

«1. Ասոցիացիաները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքներով.

1) ըստ ավագ կամ միջին բուժաշխատողների խմբերին պատկանելիության.

2) ըստ համապատասխան բժշկական մասնագիտական կրթության, որակավորման, մասնագիտացման եւ նեղ մասնագիտության:»:

Եթե համարենք, որ ներկայացված պայմանները, այդուհանդերձ, առանձին պայմաններ են եւ դրանցից յուրաքանչյուրի հիման վրա կարող են ստեղծվել ասոցիացիաներ, ապա հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ դրված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ արձանագրված է, որ. «Հայաստանում առողջապահության բնագավառի բժշկական (28/87), ստոմատոլոգիական(1/8), դեղագիտական (1/4), հանրային առողջապահական մասնագիտությունների (1/7) հիմնական մասնագիտությունների ընդհանուր թիվը կազմում է 31, իսկ նեղ մասնագիտությունների թիվը` 116:», այսինքն՝ ընդհանուր առմամբ 147 մասնագիտություններ եւ մասնագիտացումներ: Եթե հաշվի առնենք 31.2.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները, ապա ստացվում է, որ տեսականորեն յուրաքանչյուր մասնագիտության եւ մասնագիտացման գծով կարող է ստեղծվել առավելագույնը երկու ասոցացիա, այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 294 ասոցիացիա: Եվ եթե, ըստ Նախագծի 31.2.-րդ հոդվածի 3-րդ մասի, պարզ է, որ համապատասխան մասնագիտացումների գծով մեկից ավելի (իսկ կոնկրետ՝ երկու) ասոցիացիաներից նախապատվությունը պետք է տրվի առավել շատ անդամներ ունեցող ասոցիացիային, ապա անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս պետք է ընտրություն կատարվի տարբեր մասնագիտությունների գծով ստեղծված ասոցիացիաների միջեւ, իսկ ընտրություն կատարելու դեպքում էլ (որի պարագայում պետք է մնա մեկ ասոցիացիա), անհասկանալի է մնում թե ինչպե՞ս կարող է, օրինակ, որեւէ մասնագիտության որեւէ մեղ մասնագիտացման  գծով ստեղծված ասոցիացիան ներկայացնել առողջապահության բնագավառի ամբողջ բժշկական հանրությանը եւ բոլորի փոխարեն կարծիք հայտնել ամենատարբեր նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ: 

3.4 Առաջարկվող նոր՝ 4.1-ին գլխի 31.2.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ասոցիացիաների համար Օրենքով սահմանված գործառույթների իրականացմանը մասնակցում են.

«1)  սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի սկզբունքներով ստեղծված ասոցիացիաները, որոնց անդամակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվի առնվազն քառասուն տոկոսը, որից առնվազն տաս տոկոսը մինչեւ հինգ տարի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացրած անձինք են. 

2) ասոցիացիաները, որոնց անդամակցում են տվյալ մասնագիտության գծով հնարավոր բարձրագույն գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող առնվազն երկու անձ՝ առկայության դեպքում. 

3) ասոցիացիաները, որոնք տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպել եւ իրականացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակների վերաբերյալ միջոցառումներ կամ օրենքով սահմանված կարգով լրացուցիչ կրթական ծրագրեր.

4) ասոցիացիաները, որոնք անդամակցում են միջազգային բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությանը (ասոցիացիային):»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նորից անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի կարգավորումներին, որոնց  համաձայն՝ Նախագծով առաջարկվող նոր՝ 31.3.-րդ հոդվածով սահմանված գործառույթների իրականացմանը կարող են մասնակցել վերը նշված բոլոր 4 պայմաններին պարտադիր բավարարող ասոցիացիաները, սակայն Նախագիծը որեւէ կարգավորում չի նախատեսում այն դեպքի համար, երբ նշված չափանիշներին ոչ մի ասոցիացիա չի համապատասխանում (իսկ այս դեպքում էլ կառաջանա փակուղային իրավիճակ): 

Բացի այդ, ասոցիացիաների ձեւավորման հարցում հնարավոր է առաջանան նաեւ այլ խնդիրներ, որոնք կայանում են հետեւյալում:

ա) Նախագծով առաջարկվող 31.2.-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ նշված գործառույթների իրականացմանը մասնակցում են. «սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի սկզբունքներով ստեղծված ասոցիացիաները, որոնց անդամակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվի առնվազն քառասուն տոկոսը, որից առնվազն տաս տոկոսը մինչեւ հինգ տարի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացրած անձինք են.»: Նախ, մեջբերված տեքստում «մինչեւ հինգ տարի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հինգ եւ ավելի տարի» բառերով, քանզի մինչեւ հինգ տարվա մասնագիտական գործունեության ստաժի մեջ մտնում է նաեւ ընդհուպ մեկ օր աշխատած մասնագետը, ինչն էլ ուղղակի անիմաստ է դարձնում ընդհանրապես նման չափանիշի սահմանումը: Երկրորդ՝ գործնականում հնարավոր է նշված սկզբունքներով ստեղծված ասոցիացիաները չբավարարեն տվյալ չափանիշով սահմանված պահանջներին (այն է՝ ստեղծված ասոցիացիաներից ոչ մեկին անդամակցած չլինեն համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվի առնվազն քառասուն տոկոսը, կամ էլ դրանցից առնվազն տաս տոկոսը չունենան պահանջվող մասնագիտական գործունեության ստաժը), որի արդյունքում նորից կարող է առաջանալ փակուղային իրավիճակ: Երրորդ՝ զուտ մաթեմատիկորեն ստացվում է, որ ըստ յուրաքանչյուր սկզբունքի եւ չափանիշի կարող են լինել առավելագույնը երկուական ասոցիացիաներ, որոնցից էլ, տվյալ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ամենաշատ անդամներ ունեցողը միայն կարող է իրականացնել ասոցիացիաների համար սահմանվող գործառույթները: Այս դեպքում, բնականաբար, հագործակցության ցանկություն ունեցող բուժաշխատողները ստիպված պետք է լինեն ընտրություն կատարել երկու հնարավոր ասոցիացիաներին անդամակցության հարցում, ինչն էլ կսահմանափակի համապատասխան մասնագետների իրավունքներն այլ ասոցիացիաներ ստեղծելու հարցում եւ անուղղակի ձեւով հարկադրված կլինեն անդամակցել այս երկու հնարավոր ասոցիացիաներից մեկին: Այս առում, կարծում ենք, ասոցիացիաների ձեւավորման տվյալ մոտեցումը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից, ըստ որի. «Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ մասնավոր միավորման:»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տվյալ դեպքում ասոցիացիաներին անդամակցությունը ֆորմալ կամավոր հիմունքներով է իրականացվում, հարկ ենք համարում  նշել, որ այդ ֆորմալ ազատությունը կամ մեր կողմից նշված՝ անուղղակի հարկադրանքը չեն փոխում այն երեւույթի էությունը, ըստ որի ասոցիացիաներին անդամակցության հարցում բուժաշխատողները դրվում են խիստ սահմանափակ շրջանակների մեջ՝ գործնականում մեկ հնարավոր ելքով եւ սահմանափակելով բուժաշխատողների ընտրության ազատությունը, իսկ ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:»: Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ եթե անձանց միավորումներ կազմելու իրավունքի սահմանափակումը տեղի է ունենում ոչ անմիջականորեն, այլ անուղղակի ձեւով, ապա միեւնույն է, դրանով խախտվում է այդ հիմնարար իրավունքի էությունը:

բ) Եթե նույնիսկ համարենք, որ վերը նշված խնդիրներն արդեն իսկ հաղթահարված են եւ գտնվել են դրանց օրենսդրական ձեւակերպման լուծումները, ապա, միեւնույն է, մնում են մի շարք հարցեր, որոնք նույնպես հստակեցման ու համապատասխան ձեւակերպումներով լրացման կարիք ունեն: Մասնավորապես, Նախագծի նոր՝ 4.1-ին գլխում հստակեցման կարիք ունեն այն հարցերը, թե՝

- ի՞նչ կարգով պետք է կատարվի ասոցիացիաների անդամների հաշվառումը եւ տեղեկատվական համապատասխան բազաների վարումը, ո՞վ պետք է հաստատի այդ կարգը եւ պետական կառավարման ո՞ր մարմինը պետք է իրականացնի այդ հաշվառումը, 

- արդյո՞ք ասոցիացիան պետք է դադարեցնի իր համագործակցությունը լիազոր մարմնի հետ, եթե նշված պայմանները խախտվեն (օրինակ՝ ասոցիացիայից դուրս գան այնքան մարդիկ, որ առնվազն քառասուն տոկոսը չհավաքվի) կամ առնվազն տաս տոկոսը չունենա հինգ տարվա ստաժ), թե՞ նա կարող է շարունակել համագործակցությունը՝ չհամապատասխանելով օրենքով սահմանված պահանջներին (ընդ որում՝ այս մասով էլ կարող են առաջանալ ասոցիացիայի անդամությունը դադարեցնելու իրեն իրավունքից օգտվողների նկատմամբ ճնշումներ կիրառելու ռիսկեր),

- ժամանակային ի՞նչ պարբերականությամբ պետք է ստուգվեն նշված պահանջներին ասոցիացիաների համապատասխանությունը եւ ի՞նչ որոշումներ կարող են կայացնել համապատասխան մարմինները,

- ինչպե՞ս պետք է կարգավորվեն այն իրավիճակները, երբ, օրինակ, ստեղծվել են երկու ասոցիացիաներ, որոնք արդեն իսկ ընդգրկել են համապատասխան մասնագետների առնվազն 80 տոկոսը, եւ որոշ ժամանակ անց լիազոր մարմնի հետ արդեն պաշտոնապես համագործակցող ասոցիացիայից դուրս են գալիս դրա այնքան անդամներ, որ խախտվում է անդամների առնվազն 40 տոկոսի չափանիշը, եւ միանալով երկրորդ ասոցիացիային կամ  միավորվելով ստեղծում են նոր ասոցիացիա, որոնք բավարարում են Օրենքով սահմանված չափանիշներին: Արդյունքում համագործակցող ասոցիացիան չի բավարարի Օրենքով սահմանված չափանիշներին եւ կկորցնի համագործակցության լեգիտիմությունը, իսկ Օրենքով սահմանված չափանիշներին բավարարող ասոցիացիան չի ունենա լիազոր մարմնի հետ համագործակցության իրավական հիմք եւ հնարավորություն: Նույնը վերաբերելի է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվին եւ ասոցիացիաներին անդամագրվածների թվին, որոնք երկուսն էլ փոփոխական թվեր են եւ նույնիսկ այն դեպքում, երբ ասոցիացիայից որեւէ անդամ   դուրս չի գալիս, ապա սահմանված չափանիշները կարող են խախտվել՝ կապված բուժաշխատողների ընդհանուր թվի մեծացման հետ: 

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ նշված հարցադրումների հստակեցումը եւ համապատասխան իրավակարգավորումների լրացումը խիստ կարեւոր է, քանի որ նշված նվազագույն շեմերը եւ չափանիշները Նախագծով նախատեսվող համագործակցության համար օրենքով սահմանվող հիմնական պահանջն ու իրավական հիմքերն են:

3.5 Վերը նշված հիմնախնդիրներից, կարծում ենք, արդեն իսկ ակնհայտ է, որ Նախագծի տվյալ գլխով առաջարկվող իրավակարգավորումները բավականին բարդ եւ խնդրահարույց բնույթ ունեն, չնայած հետապնդում են ընդհանուր առմամբ մեկ նպատակ, այն է՝ իրավական հիմքեր ստեղծել առողջապահության բնագավառի լիազոր մարմնի եւ ստեղծվելիք համապատասխան կազմակերպությունների (ասոցիացիաների) միջեւ համագործակցության համար: Սակայն խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ սույն Նախագծով սահմանված կարգով ասոցիացիաների ստեղծումը որեւէ կերպ չի վերացնում կամ նույնիսկ սահմանափակում ասոցիացիա չհանդիսացող հասարակական կազմակերպությունների կամ այլ միությունների իրավունքը՝ իրականացնելու Նախագծի տվյալ գլխի 31.3.-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները, թերեւս՝ բացառությամբ այդ մասի 13-րդ կետով սահմանված գործառույթի, ըստ որի՝ ասոցիացիան. «լիազոր մարմնին են ներկայացնում նախարարության խորհրդատուների երեքական թեկնածու, որոնցից մեկին լիազոր մամինը կարող է նշանակել խորհրդատու:...», ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով նախատեսված թեստավորման եւ ատեստավորման հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջադրելու բացառիկ իրավունքի: 

Այսինքն, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն առողջապահության բնագավառի կամ ցանկացած այլ հասարակական կազմակերպություն, որի կանոնադրական նպատակների մեջ մտնում է առողջպահական հարցերով զբաղվելը,  շարունակում է ունենալ տվյալ մասով սահմանված գրեթե բոլոր գործառույթների իրականացման իրավունք, ինչն էլ հակասություններ է առաջացնում տվյալ Նախագծի եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի միջեւ: Ավելին, նույնիսկ ցանկացած քաղաքացի, առավել եւս՝ առողջապահության բնագավառի ցանկացած մասնագետ, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի առաջարկություններ ներկայացնելու լիազոր մարմնին՝ Նախագծի նշված մասով սահմանված գործառույթներով նախատեսված հարցերի գերակշիռ մեծամասնության շուրջ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության 39-րդ (մարդու ազատ գործելու իրավունքը), 42-րդ (կարծիքի արտահայտման ազատությունը) եւ 43-րդ (ստեղծագործության ազատությունը) հոդվածների վրա: Հետեւաբար, եթե խնդիրն իսկապես կայանում է ընդամենը մեկ գործառույթի եւ նշված՝ բացառիկ մեկ իրավունքի շրջանակներում համագործակցության համար օրենսդրական հիմքերի ստեղծմանը, ապա, կարծում ենք, կարելի է շատ ավելի պարզ մեխանիզմ մշակել այդ նպատակի իրացման համար (օրինակ՝ լիազոր մարմնին տալ մրցույթ հայտարարելու լիազորություն՝ իր կողմից սահմանվող չափանիշներին համապատասխանող մասնագետների ներգրավելու նպատակով):

3.6 Նախագծով առաջարկվող 31.3.-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ ասոցիացիաները. «մշակում են կլինիկական ուղեցույցեր եւ գործելակարգեր: Ասոցիացիաների կողմից մշակված եւ վերջիններիս գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած կլինիկական ուղեցույցները եւ գործելակարգերը լիազոր մարմին են ներկայացվում հաստատման: ...»: Խնդիրը կայանում է նրանում, որ սովորաբար նման փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն հասարակական կազմակերպության անունից, հաստատվում են նրա ընդհանուր ժողովի, այլ ոչ թե գործադիր մարմնի (որպես կանոն՝ մեկ մարդու) կողմից, իսկ նման որոշումների կայացման համար լիազորող նորմի ամրագրումն էլ, որպես կանոն, կատարվում է հասարակական կազմակերպության կանոնադրության մեջ: Ուստի, առաջարկում ենք քննարկել տվյալ հարցում ասոցիացիաներին չկաշկանդելու եւ նշված փաստաթղթերին հավանություն տալու ձեւն իրենց կանոնադրությամբ սահմանելու հնարավորություն տալու հարցը, առավել եւս, որ այդպիսի որոշման կայացման համար, ըստ Նախագծի տրամաբանության, պահանջվում է հաշվի առնել համապատասխան մասնագետների առնվազն 40 տոկոսի կարծիքը:

3.7 Նախագծով առաջարկվող 31.3.-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանվում է, որ. «օրենքով սահմանված կարգով ասոցիացիաներին կարող են պատվիրակվել նաեւ այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են նրանց կանոնադրությանը.»: Այս կապակցությամբ նշենք, որ նախ՝ նման կարգ որեւէ օրենքով սահմանված չէ, երկրորդ՝ եթե խոսքը գնում է գործառույթների «պատվիրակման» մասին, ապա նշանակում է, որ դրանք որեւէ այլ մարմնի կամ կազմակերպության գործառույթներ են, իսկ Նախագծից չի հասկացվում, թե կոնկրետ ո՞ր մարմնի գործառույթների մասին է խոսքը, երրորդ՝ տվյալ մասով սահմանված գործառույթները ոչ թե պատվիրակվում են ասոցիացիաներին (ինչը կարելի է ենթադրել 12-րդ կետի շարադրանքից), այլ սահմանվում են այն գործառույթները, որոնց իրականացմանը կարող են մասնակցել ասոցիացիաները, եւ չորրորդ՝ որեւէ կարիք չկա ասոցիացիներին «պատվիրակել» այնպիսի գործառույթներ, որոնք, ըստ նույն կետի, արդեն իսկ. «համապատասխանում են նրանց կանոնադրությանը»: Հետեւաբար, առաջարկում ենք հանել 31.3.-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:


Եզրահանգում

Նախագիծն ընդհանուր առմամբ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

10.05.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)  լրացումներ եւ  փոփոխություններ կատարել:

Նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառում բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների (ասոցիացիաների) դերը ամրապնդելու, վերջիններիս գործառույթները կանոնակարգելու, ինչպես նաեւ որոշումներ կայացնելիս ավագ ու միջին բուժաշխատողների մասնակցությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ ասոցիացիաները հանդիսանում են առողջապահության բնագավառի կարեւորագույն բաղկացուցիչ մասերից մեկը, որոնք միավորում են տվյալ երկրի, տարածաշրջանի բուժաշխատողներին: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ բազմաթիվ երկրներում ասոցիացիաները համագործակցելով լիազոր մարմնի հետ նպաստում են առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: 

Ներկայումս Հայաստանում գրանցված են տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ ներկայացնում են տարբեր բուժաշխատողների: Նման բազմազանության եւ օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում, ըստ հեղինակների, բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների լիազոր մարմնի հետ համագործակցության արդյունավետությունը ցածր է: 

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծով առաջարկվում է բարձրացնել ասոցիացիաների դերը առողջապահության բնագավառում, նպաստել կազմակերպությունների կայացմանը, կանոնակարգել վերջիններիս գործունեությունը, ստեղծել պայմաններ, որպեսզի ավագ եւ միջին բուժաշխատողները անդամակցեն մասնագիտական կազմակերպություններին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուժեղացնել ասոցիացիաների դերը, ինչը, հեղինակների համոզմամբ կնպաստի բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը:

2. Նախագծի վերաբերյալ՝ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 65-րդ եւ 66-րդ կետերով, որի 65-րդ կետով տրվում է «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն» հասկացության սահմանումը եւ այնուհետեւ նշվում վերջինիս կրճատ տարբերակը, այն է՝ «(այսուհետ՝ ասոցիացիա)»: Մինչդեռ, կրճատ տարբերակը նշելուց հետո Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի նոր լրացվող 4.1-րդ գլխի 31.2-րդ հոդվածի վերնագրում գործածվում է «Բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները (ասոցիացիաները)» հասկացությունը: Այս կապակցությամբ առաջարկում ենք կրճատ տարբերակը նշելուց հետո կիրառել միայն «ասոցիացիա» բառը:

Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ առկա է 65-րդ կետ: Հետեւապես, անհրաժեշտ է վերանայել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող կետերի համարակալումը:


Եզրահանգում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ասոցիացիաների լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը կնպաստի բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը, կարծում ենք, Նախագծի ընդունումը՝ առողջապահական տեսանկյունից, կունենա դրական նշանակություն:

Միաժամանակ, կարծում ենք, Նախագիծը լրամշակման կարիք ունի՝ վերը նշված  նկատառումներից ելնելով:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

04.05.2023թ.   
 


--------------------------------------------------------------------------------

[1] Համաձայն այդ մասի. «Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի սկզբունքներով ձեւավորված մեկից ավելի ասոցիացիաներ, որոնց անդամակցում են առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվի քառասուն տոկոսից ավելին, ապա սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնում է առավելագույն անդամներ ունեցող ասոցիացիան:»: