ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-567-25.04.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-567-25.04.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
05.05.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) վերնագիրը շարադրելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը»: Վերը մեջբերված դրույթի հիման վրա անհրաժեշտ է մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» բառերը շարադրել «7-ի» թվից հետո, իսկ «ՀՕ-95-Ն» ձեւակերպումը՝ հանել: 2. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենսգրքի 141-րդ հոդվածում լրացվող նոր 1.4-րդ մասով սահմանվում է. «Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում պետք է ընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ»: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է հետեւյալ ձեւակերպումը. «դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Օրենսգրքով սահմանված է «դատավորների ընդհանուր ժողով» բառերի կրճատ տարբերակ, այն է՝ «Ընդհանուր ժողով»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածով Օրենսգրքի 141-րդ հոդվածում լրացվող նոր 1.4-րդ մասում «դատավորների ընդհանուր ժողովի» բառերը փոխարինել «Ընդհանուր ժողովի» բառերով: 3. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ( ) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 21-րդ հոդվածով սահմանել նաեւ, թե Նախագծի որ դրույթներն են գործելու դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Հաշվի առնելով ռեսուրսների բացակայության գործոնը՝ նշենք, որ բացակայել է Նախագիծը ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 05.05.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 05.05.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է. 1. սահմանել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվող հաղորդումներին ներկայացվող պահանջները, 2. նախատեսել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաեւ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորություն, 3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմով, որի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ, 4. կարգապահական վարույթ հարուցող մարմնի եւ Բարձրագույն դատական խորհրդի համար հնարավորություն նախատեսել հարուցված կարգապահական վարույթները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված երկու եւ ավելի միջնորդությունները միավորելու մեկ վարույթում, 5. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումներն ուժի մեջ մտցնել հրապարակման պահից մեկ ամիս հետո, 6. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնել Բարձագույն դատական խորհրդի կողմից՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով, 7. բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունը իրականացնել նույն ընթացակարգով եւ երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը, 8. բողոքի քննության համար նախատեսել մեկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը եւ մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, նշանակել կարգապահական տույժի այլ տեսակ, վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը եւ դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ որոշումը թողնել անփոփոխ, 9. սահմանել, որ բողոքի քննության արդյունքում Բարձագույն դատական խորհրդի կայացրած որոշումը լինելու է վերջնական եւ ենթակա չի լինելու բողոքարկման: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 04.05.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Նախագծի մշակումը պայմանավորված է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման, ինչպես նաեւ այդ ինստիտուտների կիրառության արդյունքում ծագած մի շարք գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝ - Սահմանել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվող հաղորդումներին ներկայացվող պահանջները. - Նախատեսել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաեւ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորություն. - Սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը. - Սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ. - Կարգապահական վարույթ հարուցող մարմնի եւ Բարձրագույն դատական խորհրդի համար հնարավորություն նախատեսել հարուցված կարգապահական վարույթները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված երկու եւ ավելի միջնորդությունները միավորել մեկ վարույթում. - Սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներն ուժի մեջ են մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո. - Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննության իրականացումը վերապահել Բարձրագույն դատական խորհրդին՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկ?ած անդամների կազմով. - Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունն իրականացնել նույն ընթացակարգով եւ երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը. - Բողոքի քննության համար նախատեսել մեկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը եւ մերժելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ, վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը եւ դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության եւ որոշումը թողնել անփոփոխ. - Սահմանել, որ բողոքի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումը լինելու է վերջնական եւ ենթակա չի լինելու բողոքարկման: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ հեռ. /011/513618, ներք. 1618 04.05.2023թ.
|