ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին » օրենքում լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-568-25.04.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին » օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-568-25.04.2023-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
11.05.2023թ.
Նախագծում առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «դատախազների» բառից հետո լրացնել նոր՝ «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, միեւնույն ժամանակ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14.2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Այսպիսով, ելնելով վերոգրյալից հարկ է փաստել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է 14.2-րդ հոդվածի 5-րդ մասում` փոփոխություն: Ուստի առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: 2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» ձեւակերպումը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է` «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»: Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 10.05.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 10.05.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տալ ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Համաձայն Նախագծին կից հիմնավորման, դա պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ իրենց պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Նախագիծն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2023 թվականի հունիսի 1-ից, ինչի արդյունքում 2023թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար նախատեսվող չափով հավելում տալու համար անհրաժեշտ գումարը կկազմի շուրջ 3,120,549,792.00 ՀՀ դրամ եւ, հետեւաբար, ընթացիկ տարվա բյուջեում այդ չափով վերաբաշխում կատարելու անհրաժեշտություն կառաջացնի: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 28.04.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում՝ սահմանելով, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Նախագծի ընդունումը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ իրենց պաշտոնից բխող խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս քրեական վարույթների աննախադեպ շարունակական աճը հանգեցրել է Քննչական կոմիտեի քննիչների անխուսափելի ծանրաբեռնվածության: Համանման գործառույթ իրականացնող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված է վարձատրության ավելի բարձր երաշխիք: Կոռուպցիոն հանցագործությունների քննությունը բարձր ռիսկային համարելով? այդ մարմնի քննիչների համար՝ Քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ, սահմանված են աշխատանքի էապես բարձր վարձատրություն եւ սոցիալական երաշխիքներ: Որպես առանձնակի ռիսկայնություն ունեցող աշխատանք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Մինչդեռ, Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից 1 տարի անց, քննիչների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, մի շարք կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախաքննությունը վերապահվել է Քննչական կոմիտեին, եւ Քննչական կոմիտեի քննիչներն ի թիվս այլ հանցատեսակների, Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումից հետո էլ, քննել եւ քննում են նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներ: Վերոնշյալից բխում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների առավել բարձր վարձատրության օրենսդրական կարգավորումների հիմքում դրված հիմնավորումներն ուղիղ վերաբերելի են նաեւ Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունը բարձրացնելու համար: Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում հիշատակել նաեւ, որ սույն թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել 22.03.2023թ. ընդունված ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-105-Ն օրենքը, որի համաձայն՝ դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այսպիսով, Նախագիծն ընդունվելու արդյունքում կբացառվի Հակակոռուպցիոն կոմիտեում, Դատախազությունում, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքում վարձատրության մասով տարբերակումը, ինչպես նաեւ կբացառվեն համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011-51 36 18, ներք. 16-18) 10.05.2023թ.
|