ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-569-26.04.2023-ՊԱ-011/0) եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5691 -26.04.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-569-26.04.2023-ՊԱ-011/0) եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5691 -26.04.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
15.05.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվող նոր՝ 169.32-րդ հոդվածում հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 169.32-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելու համար: Կառավարության սահմանված ժամկետներում եւ կարգով լիազոր մարմնին հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը սահմանված է «Նյութական պահուստի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 9-րդ մասում, որի համաձայն՝ «9. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ: Հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը հաստատում է Կառավարությունը:»: Հարկ է նկատել, որ հաշվետվությունը նեկայացնելու պարտականությունը սահմանված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների համար: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 169.32-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «կուտակում եւ» բառերը հանել՝ սահմանված կարգավորումը Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված ձեւակերպանը հապատասխանեցնելու նպատակով: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ կետում առաջարկում ենք «մաս» բառից առաջ նշել նաեւ լրացվող մասի համարը, այն է՝ «11-րդ»: 4. Նախագծի 4-րդ հոդվածում կիրառված «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներում կիրառված «ավելացնել» բառերին: 5. Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները դեղերի մասով կկիրառվեն ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը Կառավարության կողմից հաստատելուց հետո:»: Վերոնշյալ դրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ: Հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը հաստատում է Կառավարությունը:»: Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված է հետեւյալ անցումային դրույթը՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը հաստատում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը:»: Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, այն է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 30-ին: Հիմք ընդունելով վերոնշյալ իրավադրույթները՝ նշենք, որ Օրենքում ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւի եւ լրացման կարգի հաստատման վերաբերյալ լիազորող նորմը չի տարբերակում ռազմավարական պաշարների նյութական պահուստում կուտակվող եւ մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքներն ըստ ներմուծող կազմակերպությունների կամ ապրանքների տեսակների: Այսպիսով՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող բոլոր կազմակերպությունների, այդ թվում դեղեր եւ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվության ձեւը եւ լրացման կարգը հաստատվում Կառավարության կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն: Օրենքում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում բացակայում է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւի ու լրացման կարգի հաստատման վերաբերյալ Կառավարությանը լիազորող այլ նորմը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հարկ ենք համարում նշել, որ օրենսդրական ակտի անցումային դրույթով օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո կարող են սահմանվել, եթե օրենսդրական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել կամ դրա կատարումը ուղղակիորեն պայմանավորված է միայն այդ ակտով նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված դրույթը: 6. «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում նախատեսվում է «ներկայացնում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը, իսկ «վերաբերյալ:» բառից հետո լրացնել «Էլեկտրոնային հաշվետվության համակարգն ապահովում է փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը:» բառերով: «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում նախատեսված լրացմամբ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման պահանջ է սահմանվում: Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթով, ինչպես նաեւ Օրենքում բացակայում են էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգին վերաբերող այլ կարգավորումները: Մասնավորապես՝ քննարկվող համակարգի ներդրման սուբյեկտը, ներդրման ժամկետները եւ այլ վերաբերելի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան հասցեատեր սուբյեկտներին դրսեւորել համապատասխան վարքագիծ: 7. «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Նյութական պահուստի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 8.1-ին կետում կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում կիրառված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդված 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները, մասնավորապես՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ նշենք, որ ռեսուրսների սղությամբ պայմանավորված բացակայել է Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 12.05.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 12.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կազմակերպությունների համար նախատեսել պատասխանատվություն՝ ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր՝ 169.32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում եւ 3-րդ մասի 1-ին կետում «ապրանքների գումարի» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «ապրանքների արժեքի» բառակապակցությամբ՝ ինչպես զուտ մասնագիտական առումով ճիշտ հասկացության սահմանման, այնպես էլ Օրենսգրքի ամբողջ տեքստում նույն հասկացությունը միասնական տեսքով օգտագործելու նկատառումներով (մյուս հոդվածներում այս հասկացությունն արդեն ճիշտ ձեւակերպմամբ է օգտագործված): Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ հստակեցման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 10.05.2023թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելու դեպքում պատասխանատվություն նախատեսելու հանգամանքով: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում եւ ձեւաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսված չէ, ինչի արդյունքում լիազոր մարմինը զրկվում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի եւ շարժի մասին համակարգված եւ հավաստի տեղեկություն ստանալու հնարավորությունից: Բացի այդ, Կազմակերպությունները իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են թղթային եղանակով, ինչը, ըստ հեղինակի, լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 10.05.2023թ.
|