ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-570-27.04.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված             «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

15.05.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծում առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ Նախագծով օրենքին այլեւս անդրադարձ չի կատարվում: Միեւնույն ժամանակ առաջարկում ենք Նախագծի առաջին հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» ձեւակերպումը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է` «1.Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»: 

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

03.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

03.05.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: Ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է իրականացվել տարեկան մեկ անգամ, ինչը, համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, սահմանափակում է ձեւավորված շահույթն ընկերության մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձեւավորված շահույթն իր մասնակիցների միջեւ առավել հաճախ բաշխելու հնարավորություն` ինչը համապատասխանում է միջազգային փորձին եւ ընդունված գործարար սովորույթներին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

05.05.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում (այսուհետ` Օրենք)՝ սահմանելով, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար իրավական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Օրենքով սահմանվում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ:

Նման կարգավորումն անհարկի սահմանափակում է ընկերությունների ձեւավորած շահույթն իր մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն, ինչպես նաեւ գործող կարգավորումը նվազեցնում է ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծման եւ դրանցում ներդրումների կատարման գրավչությունը, քանի որ բաշխման ենթակա ձեւավորված շահույթը չափազանց ուշ է հնարավոր օրինական եղանակով բաշխել ներդրողների օգտին:

Առկա կարգավորումը նաեւ չի խրախուսում ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը եւ ներքին փաստաթղթերի վարումը: Գործնականում բազմաթիվ ՍՊԸ-ներ իրենց մասնակիցներին պարբերաբար գումար են տրամադրում, որը  հաշվետու տարվա վերջում ձեւակերպվում է որպես շահույթի բաշխում: Ընդ որում, որոշ դեպքերում այդ գումարները ձեւակերպվում են որպես փոխառություն, իսկ որոշ դեպքերում` ընդհանրապես չեն հաշվառվում եւ ամբողջությամբ մնում են ստվերում:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձեւավորված շահույթն իր մասնակիցների միջեւ առավել հաճախ բաշխելու հնարավորություն, ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը եւ դրանցում ներդրումների կատարմանը, ինչպես նաեւ կխրախուսի ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը եւ ներքին փաստաթղթերի վարումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

15.05.2023թ.