ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-571-27.04.2023-ՊԱ-011/0) եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5711 -27.04.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-571-27.04.2023-ՊԱ-011/0) եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5711 -27.04.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
16.05.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ Նախագծի 1-ին հոդվածում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին: 2. Նախագծերի փաթեթում առաջարկում ենք հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերը փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»: 3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում նախատեսվում է «սեռի» բառից հետո լրացնել «եւ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «սեռի» բառը կիրառված է երկու անգամ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 2-րդ հոդվածում կատարված հղման հստակությունը: 4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.1-ին հոդվածի վերնագրի տեսքն առաջարկում ենք համապատասխանեցնել Օրենքում կիրառվող հոդվածների վերնագրերի ձեւին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «3. Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: 5. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավակարգավորումը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին: 6. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Պաշտպանության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 7. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «ենթակետից» բառն առաջարկում ենք փոխարինել «կետից» բառով, իսկ «ենթակետով» բառը՝ «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ նշենք, որ ռեսուրսների սղությամբ պայմանավորված բացակայել է Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 16.05.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 16.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 11.05.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան լրացումներ կատարելով հարակից՝ «Պաշտպանության մասին» օրենքում: Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունն, ըստ հեղինակի, պայմանավորված է իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը եւ սահմանել վերջիններիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետ կապված հարաբերությունները: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, վերջիններիս պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է սահմանել 6 ամիս, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորություն, առաջարկվում է նաեւ այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է սահմանել մեկ միլիոն դրամի չափով: Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «կարող են ուղարկվել» բառերից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ պարտադիր ուղարկվում են» բառերը: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ՝ «Ծառայության վայրեր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները մինչեւ զինվորական երդում տալը համարվում են նորակոչիկներ եւ անցնում են զինվորական պատրաստության ծրագիր:»: Փաստացի ստացվում է, որ իգական սեռի նորակոչիկները՝ մինչեւ զինվորական երդում տալը, արական սեռի զինծառայողների հետ անցնում են զինվորական պատրաստության ծրագիր՝ հավասար հիմունքներով, միեւնույն զորամասում (առավելագույնը՝ 40 օր): Համաձայն առաջարկվող փոփոխության, զինվորական երդում տալուց հետո իգական սեռի զինծառայողները պարտադիր ուղարկվում են « ուսումնական զորամասեր` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների:» (արական սեռի զինծառայողների հետ հավասար հիմունքներով՝ միեւնույն զորամասում): Նախագծով, ըստ էության, չի հստակեցվում զորամասում իգական սեռի զինծառայողների համար առանձնացված զինվորական կացարան տրամադրելու, ինչպես նաեւ նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան պայմաններ ապահովելու հարցերը, ինչն էլ առաջարկում ենք կատարել Օրենքում առանձին հոդված ավելացնելու տեսքով: Այս կապակցությամբ, կարծում ենք, նպատակահարմար կլինի օգտագործել նաեւ այն երկրների փորձը, որոնք ավելի շուտ են սկսել կիրառել կանանց զինվորական ծառայության զորակոչելու պրակտիկան: Մասնավորապես, մի շարք երկրներում կանայք կարող են զորանոցում տեղավորվել տղամարդկանց հետ միասին՝ կախված յուրաքանչյուր կոնկրետ երկրի սահմանված կանոններից եւ քաղաքականությունից: Որոշ երկրներում զինվորական կանանց կենցաղը եւ ծառայությունը լիարժեք ինտեգրվում են արական սեռի զինծառայողների ծառայության հետ, ներառյալ՝ նույն զորանոցի կացարանում ապրելը, մինչդեռ այլ երկրներում կանանց տրամադրում են առանձին կացարաններ կամ ննջասենյակներ՝ ընդհուպ առանձին զորանոցներ: Մասնավորապես, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան մշակել են զինվորական ծառայության վարքագծի հստակ կանոններ եւ նորմեր, որոնք պետք է պարտադիր պահպանվեն: Սովորաբար, նմանատիպ զորանոցներում տղամարդկանց եւ կանանց տրամադրում են առանձնացված տարածքներ, ինչպես նաեւ գործում են հստակ կանոններ եւ անվտանգության միջոցներ՝ կանխելու կանանց սոցիալական իրավունքների խախտման ռիսկերը եւ ապահովելու նրանց անվտանգությունը: 2. Նախագծով հստակեցված չէ նաեւ, թե կոնկրետ ի՞նչ ծառայություն են իրականացնելու իգական սեռի զինծառայողները, արդյո՞ք նրանց ամբողջությամբ կներգրավվեն արական սեռի զինծառայողներին տրվող առաջադրանքներում, ի՞նչ զինվորական մասնագիտացում կարող են ստանալ նրանք (օրինակ՝ ընդհանուր հրաձգային պատրաստություն, ՀՕՊ, սանիտարական եւ այլն): Եվ, վերջապես, ի՞նչ արգելքներ կարող են լինել իգական սեռի քաղաքացիների համար կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար (օրինակ՝ նախկինում զենքի գործադրմամբ հանցագործություն կատարած եւ դատապարտված լինելը եւ այլն): Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ներկայացված առաջարկություններն ընդունելի լինելու դեպքում՝ Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք կունենա:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.05.2023թ.
|